Հինգշաբթի, 19 հոկտեմբերի

Սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով քրեական հեղինակությունը դատապարտվեց 2 տարի ազատազրկման



Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, հոկտեմբերի 3-ին երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտեց Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող, ազգությամբ եզդի Մերաբ Կալաշովին:

Կալաշովն, ով քրեական հեղինակություն է համարվում, ըստ գործի նյութերի, 2015 թվականի հուլիսի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից միջազգային հետախուզման մեջ է գտնվում: Մեղադրվում է «չարագործների խմբակ» կոչվող խմբավորման կազմում հանցագործություն նախապատրաստելու՝ կազմակերպված հանցավոր խմբի կողմից գողացված իրեր թաքցնելու, ինչպես նաև փողերի լվացման վերաբերյալ Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Ֆրանսիայում Կալաշովի նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը: Վերջինս մի քանի դատվածություն ունի նաև Ռուսաստանի Դաշնությունում, որոնք դարձյալ գողության հոդվածով են:

Ապօրինի սահման հատելու՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Կալաշովը 2016 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում հայտնաբերվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ու բերման ենթարկվել: Թեև նրա վերաբերյալ այսօր արդեն մեղադրական դատավճիռ կայացվեց՝ մինչև հիմա հայտնի չէ, թե երբ է հատել Հայաստանի պետական սահմանը. մեղադրանքում նշված է՝ «չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում»:

Այս գործը դատարանը ստացել է 2016 թվականի դեկտեմբերի 30-ին, դատական նիստերը պարբերաբար չեն կայացվել դատավորի՝ խորհրդակցական սենյակում գտնվելու կամ այլ պատճառներով, ապա «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում դրանց օրվա և ժամի վերաբերյալ տեղեկությունները պատշաճ կերպով չեն տեղադրվել: Արդյունքում «գաղտնի» արված, բայց դռնբաց մի քանի դատական նիստերի ընթացքում դատարանը գրեթե ավարտին էր հասցրել գործով անցնող վկաների հարցաքննությունը:

Այսօր դատական նիստին դատարանում հարցաքննված վերջին վկան Մերաբ Կալաշովի ընկերն էր: Վերջինս չհիշեց՝ կոնկրետ որքան ժամանակ առաջ է Կալաշովը Հայաստան վերադարձել: Այս վկան, ըստ էության գործի համար նշանակություն ունեցող  հանգամանքներ չհայտնեց: Այսօր հետազոտվեցին նաև գործում առկա փաստացի ապացույցները:

Կալաշովը հրաժարվեց ցուցմունք տալ: Հայտնեց միայն, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում իր վերաբերյալ մեղադրանքները զրպարտություն են, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում և որ ինքը ապօրինի սահման չի հատել, այլ եկել է իր հայրենիք՝ Հայաստան:

Ապա դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին:

Մեղադրական ճառում դատախազ Հակոբ Ենոքյանը նշեց, որ ցանկացած անձի՝ Հայաստանի պետական սահմանում օրինական ճանապարհով հայտնվելու վերաբերյալ տեղեկություները պահպանվում են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում, իսկ Կալաշովի՝ օրինական ճանապարհով սահման հատելու վերաբերյալ այլ համակարգում տեղեկություններ չկան:

Հայաստանի պետական սահմանում հնարավոր է նաև հայտնվել ու ապաստան խնդրել, որի դեպքում չի կիրառվում քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը, սակայն, մեղադրող կողմի խոսքով՝ Կալաշովը Հայաստանում հայտնվելուց հետո ապաստան չի խնդրել այնքան ժամանակ, մինչև իրավապահների կողմից ձերբակալվել է, ապա նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նշենք, որ Կալաշովն այս պահին գտնվում է կալանքի տակ: Վերջինս ձերբակալվելու պահին եղել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ապա  Հայաստանից ապաստան է խնդրել: Այժմ Հայաստանում կացության անձնագիր ունի, ամուսնացել է ազգությամբ հայի հետ:

Պաշտպանական ճառում Կալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանն ընդգծեց իր պաշտպանյալի՝ կացության անձնագիր ունենալու և Հայաստանի քաղաքացու հետ ամուսնանալու հանգամանքը՝ ցանկանալով հիմնավորել, որ Կալաշովը եկել է Հայաստան՝ իր հայրենիք՝ այստեղ հիմնավորվելու ու ապրելու համար:

Անդրադառնալով հանգամանքին, որ հայտնի չէ, թե Կալաշովը երբ է եկել Հայաստան` Մելքոնյանը նշեց, որ գուցե արդեն անցել է Կալաշովին մեղսագրվող համապատախան հոդվածի վաղեմության ժամկետը:

«Որևէ հիմնավորում չի կարող ներկայացվել, որ նա շատ տարիներ առաջ չի եկել Հայաստան, և որ այս քրեական գործով վաղեմության ժամկետները չեն անցել»,- ասաց Արմեն Մելքոնյանը:

Նշենք, որ համաձայն Հայաստանի քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի՝ միջին ծանրության հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հինգ տարի:

Կալաշովին մեղսագրվող արարքը միջին ծանության է, և հետևաբար, եթե, օրինակ վերջինս 5 տարի առաջ հատած լինի Հայաստանի սահմանն, ապա ստացվում է, որ նա ենթակա չէ քրեական պատասխանատվության:

Մեղադրող դատախազն այս առնչությամբ հայտարարեց, որ հանցավոր խումբը, որը հայտնաբերվել է Ֆրանսիայում և որին, ըստ մեղադրանքի, առնչվում է Կալաշովը, հայտնաբերվել է 2013 թվականին՝ այսպիսով հիմնավորված համարելով, որ Կալաշովը առնվազն 2013-ին Ֆրանսիայում է եղել:

Պաշտպան  Մելքոնյանը, սակայն,  հիմնազուրկ որակեց մեղադրող Ենոքյանի այս փաստարկը՝ նշելով, որ միայն այն հանգամանքը, որ Ֆրանսիայում նման խումբ է հայտնաբերվել, չի կարող հիմնավորել, որ Կալաշովը 2013-ին Ֆրանսիայում է եղել:

Պաշտպան Մելքոնյանը նաև դատարանին հայտնեց Կալաշովի՝ Հայաստանում ունեցած կապերի մասին: Նշեց, որ նրա պապերը 1915 թվականին Վանից եկել են Հայաստան, այստեղ տևական ժամանակ ապրել, ապա տեղափոխվել Թբիլիսի, որտեղ ծնվել է Կալաշովը: Վերջինս, պաշտպանի խոսքով՝ պարբերաբար եկել է Հայաստան, քանի որ այստեղ են գտնվում նրա նախնիների գերեզմանները, քանի որ այստեղ բազմաթիվ ազգականներ ունի:

Նշենք, որ Կալաշովի՝ Հայաստանում մտերիմներ ունենալու հանգամանքն ակնհայտ էր նաև դատական նիստերի ընթացքում: Նշանակված նիստերի օրերին, անկախ նրանից՝ դրանք կայանում, թե հետաձգվում էին, բազմաթիվ քաղաքացիներ էին գալիս դատարան, որոնք հնարավորության դեպքում փորձում էին կոնտակտի մեջ մտնել Կալաշովի հետ, հետաքրքրվում էին նաև, թե ինչու են լրագրողները հետաքրքրված այս գործով, հետևում, որպեսզի Կալաշովին առանց թույլտվության չտեսանկարահանեն:

Նշենք, որ Կալաշովին մեղսագրվող արարքի համար քրեական օրենսգիրքն առավելագույն պատիժ է սահմանում է 3 տարի ազատազրկումը: Մեղադրող դատախազն այսօր երկու տարի ազատազրկում պահանջեց ամբաստանյալի համար, և խորհրդակցական սենյակ հեռանալով՝ դատավոր  Բեկթաշյանը, փաստորեն, հենց այդ չափով էլ պատիժ սահմանեց:

Լուսանկարում դատավոր Արմեն Բեկթաշյանն է։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ