HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Լեհերը Երեւանում երբեք չեն հաղթել, բայց վիճակագրությունը նրանց օգտին է

Վաղը՝ 20:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Լեհաստանի ընտրանուն: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի 5-րդ խմբում սա կլինի մեր թիմի նախավերջին հանդիպումը: Ամսի 8-ին էլ հավաքականն Աստանայում կանցկացնի վերջին խաղը Ղազախստանի ընտրանու հետ:

Լեհերի հետ հանդիպումը սպասարկելու է սլովենական մրցավարական բրիգադը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ:

Արթուր Պետրոսյանի սաները նախապատրաստական հավաքը սկսել են ամսի 2-ին: Հավաքին մասնակցում են հետեւյալ խաղացողները:

Դարպասապահներ

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»,
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-ԲելԱԶ» (Բելառուս)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Արտյոմ Միքայելյան, «Շիրակ»
Ռոբերտ Դարբինյան, «Շիրակ» 

Կիսապաշտպաններ 

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  
Դավիթ Մանոյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս) 
Մարկոս Պիզելի, «Ալ Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)                  
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Գեղամ Ղադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)  
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Պաշտպաններ Լեւոն Հայրապետյանն ու Հրայր Մկոյանը, ինչպես նաեւ հարձակվող Արթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով չեն հրավիրվել հավաքական, իսկ Արաս Օզբիլիզը պրակտիկայի խիստ պակաս ունի թուրքական «Բեշիքթաշում»:

Լեհերի հետ հանդիպմանը, բացի Հայրապետյանից ու Մկոյանից, պաշտպանությունում չեն լինի նաեւ կենտրոնականներ Հարոյանն ու Անդոնյանը, ինչը լուրջ կորուստ է առանց այդ էլ հետին գծում խնդիրներ ունեցող մեր թիմի համար:

Լեհաստանի հետ Հայաստանի հավաքականը նախկինում հանդիպել է 6 անգամ: Առաջին խաղը պաշտոնական էր, այն կայացել է 1999-ի մարտի 3-ին Վարշավայում, որում դաշտի տերերը հաղթել են նվազագույն հաշվով: Այն ժամանակ Հայաստանի ընտրանին գլխավորում էր Սուրեն Բարսեղյանը:

ԱԱ-2002-ի ընտրական փուլում առաջին անգամ պաշտոնապես խաչվեցին երկու ընտրանիների ճանապարհները: 2001-ի մարտի 28-ին Վարշավայում Վարուժան Սուքիասյանի թիմը պարտվեց 0-4 հաշվով: Պատասխան հանդիպումը, որը կայացավ Երեւանում նույն տարվա հունիսի 6-ին, դրամատիկ ստացվեց: Չնայած հյուրերը հաշիվը բացեցին 5-րդ րոպեին, 8 րոպե անց Արթուր Պետրոսյանը հավասարեցրեց այն: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 1-1: Հանդիպման ընթացքում դաշտից հեռացվեցին մեր թիմի 3, լեհերից էլ՝ 1 խաղացող:

«Եվրո-2008»-ում թիմերը նորից հանդիպեցին: Մեր ընտրանին ղեկավարում էր շոտլանդացի Իան Պորտերֆիլդը: 2007-ի մարտի 28-ին՝ առաջին պաշտոնական խաղից ուղիղ 6 տարի անց, այս անգամ Կելցեում լեհերը հաղթեցին 1-0 հաշվով: Պատասխան հանդիպումը կայացավ նույն տարվա հունիսի 6-ին, ինչպես 2001 թվականին էր: 66-րդ րոպեին Համլետ Վ. Մխիթարյանը տուգանային հարվածով գրավեց Արթուր Բորուցի դարպասը: Դա խաղի միակ գոլն էր, որը պատմական հաղթանակ բերեց Հայաստանին:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի առաջին խաղում անցյալ տարվա հոկտեմբերի 11-ին Վարուժան Սուքիասյանի թիմը պարտվեց 1-2 հաշվով: Երկրորդ կեսում սեփական դարպասը գրավեց Հրայր Մկոյանը, ապա Մարկոսը խփեց պատասխան գոլը: Ընդ որում՝ 31-րդ րոպեից մեր թիմը խաղում էր 10 հոգով, քանի որ երկու դեղին քարտ ստանալուց հետո հեռացվել էր Անդոնյանը: Չնայած խաղավերջում Արասը նույնիսկ կարող էր հաղթանակ պարգեւել մեր թիմին, վրիպեց նպաստավոր դիրքից, իսկ ահա տանտերերի ավագ Ռոբերտ Լեւանդովսկին ավելացված ժամանակի վերջին՝ 5-րդ րոպեին խփեց հաղթական գոլը՝ 2-1: Սա մեր հավաքականի պատմության մեջ ամենացավոտ պարտություններից էր, եթե ոչ ամենացավալին:   

Այսպիսով՝ 6 խաղում մեր թիմը տարել է 1 հաղթանակ եւ 1 ոչ-ոքի է խաղացել ու կրել է 4 պարտություն: Գնդակների տարբերությունը՝ 3-9:

Չնայած լեհերը երբեք Հայաստանից 3 միավորով չեն հեռացել, փաստ է, որ այս անգամ Հայաստանի հավաքականը շատ լուրջ փորձության առաջ է կանգնած: Եթե 8 խաղում 6 միավոր վաստակած մեր հավաքականն այլեւս որեւէ մարզական խնդիր չի լուծում, ապա լեհերը 19 միավորով գլխավորում են ընտրական 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով գերազանցելով Դանիային ու Մոնտենեգրոյին: Իրենց կյանքը չբարդացնելու համար լեհերն ամեն ինչ անելու են՝ այս անգամ Երեւանից հաղթանակով վերադառնալու համար, քանի որ վերջին տուրում նրանց դժվար խաղ է սպասվում սեփական հարկի տակ Մոնտենեգրոյի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանի ընտրանուն, որը գրեթե բոլոր առումներով ձախողեց այս շրջափուլը, ապա Պետրոսյանի թիմը պիտի գոնե վերջին երկու խաղում ամեն կերպ փորձի ուրախացնել իր երկրպագուներին՝ դրական արդյունք ցույց տալով: Այս խաղերում ցույց տված արդյունքները որոշիչ կլինեն նաեւ այն առումով, որ դրանցով վերջնականապես կհստակեցի ՈւԵՖԱ-ի նորաստեղծ Ազգերի լիգա մրցաշարում հավաքականների դասավորվածությունը՝ ըստ վարկանիշային 4 լիգաների (A, B, C, D):    

Վաղը կկայանան նաեւ Մոնտենեգրո-Դանիա, Ռումինիա-Ղազախստան հանդիպումները:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter