HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՊԵԿ նախագահ. բյուջեով նախատեսված հարկային եկամուտներն այս տարի կապահովվեն

2017 թվականի պետական բյուջով նախատեսված հարկային եկամուտները (1 տրլն 135 մլրդ դրամ) տարեվերջյան տվյալներով ապահովված կլինեն։ Կգերազանցվի նախատեսված ցուցանիշը, թե՞ ոչ՝ հայտնի չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը։

ՊԵԿ նախագահն ամփոփում էր տարվա առաջին երեք եռամսյակների գործունեությունը։

«2017թ. 9 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է  860.5 մլրդ դրամ հարկային եկամուտ՝ ներառյալ ԱՀՀ-ի վերադարձի գումարները։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9,4%»,- նշեց Վարդան Հարությունյանը։

Ըստ ՊԵԿ-ի՝ հավաքագրված 860.5 մլրդ դրամից 640.7 մլրդ դրամը հավաքագրել են հարկային մարմինները, իսկ 219.7 մլրդ դրամը՝ մաքսային մարմինները։ Նախորդ տարվա 9 ամիսների համեմատ՝ հարկային մասով աճը կազմել է 6,7%, իսկ մաքսային  մասով՝ 18,3%:

Հարությունյանը շեշտում է, որ մուտքերի աճն ապահովվել է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման շնորհիվ՝ գերավճարների, ապառքների և ստուգումների կրճատման պայմաններում։

Հարցին՝ արդյոք հարկային եկամուտների աճը, որն ավելի բարձր է, քան ՀՀ տնտեսական աճը, չի՞ կարող վնասել բիզնեսին՝ թեկուզև գումարը հավաքագրվում է ստվերի կրճատման հաշվին, ՊԵԿ նախագահը պատասխանում է. «Եթե բիզնեսը գործել է ստվերում ու չի կարողացել իր աշխատանքի ընացքում ադապտացվել, որ կարողանա այսօրվա պայմաններով աշխատի, թող փակվի։  Ուրեմն նրանք ընդամենը օգտվել են առիթից ու գործել ստվերում։ Իսկ այսօր ստվերը կրճատելու պարագայում դուրս են մնում»։

Հարությունյանը չի բացառում, որ իր ղեկավարած մարմնում հնարավոր են կառուցվածքային նոր փոփոխություններ: Արդեն կատարված կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ՊԵԿ նախագահը նշեց, որ լուծարվել են հարկային տեսչությունները, ստեղծվել են երեք վարչություններ, որոնք ներառվել են կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումների թվում:

Ըստ ՊԵԿ-ի՝ այս տարեսկզբից գնահատվում է 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած ավելի քան 4500 առևտրային հարկ վճարողների մոտ առկա ստվերը։ «Վերլուծությունների արդյունքում 2085-ի մոտ վերհանվել են ռիսկեր, և գնահատված ստվերի հիման վրա հաշվարկված պետական եկամուտների միջին ամսական ռիսկը սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 2.8 մլրդ դրամ։ Ստվերի այդ թվերը նախկինում ավելի մեծ էին ու դեռ նվազելու են»,- նշեց ՊԵԿ նախագահը։

Թե որ խոշոր ընկերություններում է հատկապես ստվերը մեծ և որքանով են այդ ընկերությունները բերվել «սպիտակ դաշտ», Վարդան Հարությունյանը չցանկացավ նշել։

ՊԵԿ նախագահին մեկ այլ հարց ուղղվեց՝ ի՞նչ հիմքերով են ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպի» կազմի մեջ մտնող ընկերություններում և ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Քեթրին» ընկերությունում վերջերս հարկային ստուգումներ իրականացվում։

Հարությունյանը պատասխանեց, որ ոչ միայն նշված, այլև՝ բոլոր ընկերությունների ստուգման գործընթացը տարեկան հաստատված ծրագրով է իրականացվում։

«Համակարգիչն ընտրում է ռիսկային ընկերություններին, որոնցում պետք է տվյալ տարում ստուգումներ կատարվեն»,- ասաց նա։ ՊԵԿ նախագահը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ է նշանակում ռիսկային ընկերությունը։ Միայն նշեց, որ այդ չափորոշիչները համակարգչում զետեղված են, և համակարգիչն է որոշում՝ որոնք են ռիսկային համարվում:

Այնուամենայնիվ, ՊԵԿ նախագահը համարում է, որ որևէ արտառոց բան այդ ստուգումների հարցում չկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter