HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իրաքյան Քրդստանի օդային շրջափակումը Հայաստանի շահերից չի բխում

Այն բանից հետո, երբ Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացվեց, եւ դրա մասնակիցների մոտ 93 տոկոսն «այո» ասաց անկախությանը, պաշտոնական Բաղդադը բլոկադայի ենթարկեց ինքնավար շրջանը: Մասնավորապես, իրաքյան կառավարության որոշմամբ ամսի 29-ից միջազգային չվերթների համար փակվեցին Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի եւ երկրորդ խոշոր քաղաքի՝ Սուլեյմանիայի օդանավակայանները:   

Քրդստանի օդանավակայաններն, այդուհանդերձ, բաց են Իրաքի ներքին, ինչպես նաեւ ռազմական, ՄԱԿ-ի, դիվանագիտական ու մարդասիրական թռիչքների համար:

Այս զարգացումների բացասական հետեւանքների անմիջական կրողներից է նաեւ Հայաստանը, քանի որ վերջին տարիներին մեր երկրի եւ Իրաքյան Քրդստանի միջեւ հարաբերությունները բավականին սերտացել էին: Կապերի ամրապնդման արդյունք էր այն, որ 2015-ի փետրվարի 26-ին Իրաքի ազգային ավիափոխադրող «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը կատարեց Բաղդադ-Էրբիլ-Երեւան առաջին թռիչքը, ապա սկսվեցին ավիափոխադրումները Բաղդադ-Երեւան-Էրբիլ-Երեւան-Բաղդադ ուղեգծով, ինչի մասին գրել ենք: Այս փոխադրումներն առաջին հերթին օգտակար էին հայաստանյան գործարար շրջանակների համար, քանի որ մեր երկիրը դեպի Իրաք է արտահանում ծխախոտ ու ալկոհոլային խմիչքներ, փոխարենը ներկրում նավթամթերք:

Armenia-Iraq
Infogram

Ինչպես երեւում է ինֆոգրաֆիկայից, 2012-ից ի վեր ՀՀ-ից արտահանումները դեպի Իրաք միայն աճ են գրանցել՝ 16 մլն դոլարից հասնելով մինչեւ 138 մլն-ի, իսկ ներկրումները շարունակաբար նվազել են: Բնականաբար, այստեղ ներկայացված են Իրաքի Հանրապետության հետ ապրանքաշրջանառության ծավալները, որոնց մեջ մտնում է նաեւ Իրաքյան Քրդստանի հետ առեւտուրը:

Շեշտենք, որ հենց 2012-ից են սկսել մեծ թափով զարգանալ հայ-իրաքյան հարաբերությունները: Այդ տարվա սեպտեմբերին Հայաստան ժամանեց Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը, նոյեմբերին արդեն Իրաքում կայացավ հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Վերջինս Էրբիլում հանդիպեց նաեւ Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին եւ վարչապետ Նեչիրվան Բարզանիին:

Երկուսի հետ էլ քննարկվեցին տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր: Նախագահ Բարզանին, մասնավորապես, նշել էր, որ Իրաքյան Քրդստանը շահագրգռված է Հայաստանի հետ լայն համագործակցության հաստատումով եւ խորացումով, ինչպես նաեւ կողջունի հայկական գործարար ներկայությունը Քրդստանում: Բարզանիի խոսքով՝ հայ եւ քուրդ ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաեւ Քրդստանում հայ համայնքի եւ Հայաստանում քրդական համայնքի առկայությունը դրա համար լավ հիմքեր են ստեղծում: Ինքնավար շրջանի վարչապետի հետ հանդիպմանն էլ արձանագրվել էր, որ առկա են համագործակցության լայն հնարավորություններ՝ սկսած նավթագազային ոլորտից մինչեւ հայկական ապրանքատեսակների արտահանում իրաքյան շուկա: Առանձնահատուկ կարեւորվել էր էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում գործակցությունը: Կողմերն առանձնացրել էին նաեւ փոխայցելությունների կարեւորությունը, գործարար շփումների խրախուսումը, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: 

Հաջորդած տարիներին Քրդստան էին այցելել էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը: 2014-ին մամուլը գրեց, որ նախագահ Բարզանին օրինագիծ է ստորագրել, որով հայերենը, թուրքմեներենն ու ասորերենը քրդերենին ու արաբերենին զուգահեռ ճանաչվել են Քրդստանի պաշտոնական լեզուներ: Նշենք, որ հայերը կենտրոնացած են հիմնականում շրջանի հյուսիսային հատվածում՝ Զախո քաղաքում եւ մերձակա բնակավայրերում:    

Այս տարվա մարտին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու նախագիծը, ըստ որի՝ հյուպատոսական շրջանն ընդգրկելու է Իրաքյան Քրդստանը՝ Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ քաղաքները: ՀՀ-ի ու Իրաքի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 2000 թ.: Այդ տարի Բաղդադում բացվել էր մեր երկրի դեսպանությունը, իսկ 2001-ին Իրաքն էր Երեւանում դեսպանատուն բացել: 2003-ին բռնկված պատերազմից հետո դեսպանությունները փակվել էին, սակայն վերաբացվել էին համապատասխանաբար 2010 եւ 2012 թթ.:

Ըստ Քրդստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արամ Շահին Բաքոյանի՝ ինքնավար շրջանում ապրող շուրջ 4000 հայերից ընտրական իրավունք ունի մոտ 650-ը, որոնց մեծ մասը «այո» է քվեարկել անկախությանը: «Տեղի հայերը 2005 թվականից սկսած լավ հարաբերություններ ունեն քրդական ղեկավարության հետ: Այդ պատճառով է, որ այն, ինչը լավ է քրդական ղեկավարության համար, մեզ համար նույնպես լավ է: Մենք պաշտպանում ենք անկախությունը: Դա կարեւոր փոփոխություն է»,- Ստամբուլի «Ակոս» հայկական թերթին ասել է Բաքոյանը: Մյուս կողմից, ըստ նրա, մեր հայրենակիցների մեծ մասը հայերեն չգիտի, խոսում է քրդերեն կամ արաբերեն:

Միջազգային չվերթների համար Էրբիլի օդանավակայանի փակումը նշանակում է, որ հայկական «Արմենիա» ավիաընկերությունը արտասահմանյան շատ այլ փոխադրողների նման չի կարող մեկնել այնտեղ: Բանն այն է, որ վերջին շրջանում հենց «Արմենիան» էր օդով իրար կապում Հայաստանն ու Իրաքը. մինչեւ սեպտեմբերի 22-ն ընկերությունը չվերթներ էր կատարում դեպի Բաղդադ, իսկ մինչեւ ամսի 29-ը՝ նաեւ Էրբիլ (տես ստորեւ):

Հետաքրքիր է, որ վերջին չվերթը դեպի Էրբիլ եւ այնտեղից Երեւան կատարվել է օդանավակայանի փակման օրը, ավելի կոնկրետ՝ տեղական ժամանակով 18:00-ին (Երեւանի ժամանակով՝ 19:00-ին) փակվելուց ժամեր առաջ՝ 14:21-ին, «Արմենիայի» օդանավը մեկնել է Էրբիլից:

Այս, ինչպես նաեւ «Արմենիա» ընկերության վերջին օրերի մյուս չվերթները (RM կոդով) իրականացնում է ոչ թե հայկական փոխադրողի «Boeing 737-500» օդանավը, որը գրանցված է Հայաստանում որպես EK-73736, այլ վրացական «Georgian Airways» ավիաընկերության «Boeing 737-700»-ը (գրանցման համարը՝ 4L-TGM):

Վրացական ինքնաթիռը տակավին վերջերս օգնում էր ընդամենը 1 օդանավ ունեցող «Արմենիային» իրականացնել դեպի Միջերկրական ծովի հանգստավայրեր նախատեսված թռիչքները: Ինչպես գիտենք, հայկական ընկերությունը հիմնել են վրացական օպերատորի տերերը, այնպես որ ինքնաթիռների նման տեղափոխություններ, թերեւս, դեռ շատ կտեսնենք:

Առաջին լուսանկարում՝ Էրբիլի օդանավակայանը (erbilairport.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter