Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Նիկոլ Փաշինյանն ահազանգում է՝ Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա



ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուք էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը խորհրդարանի միջանցքներից մեկում բռունցքներով հարձակվել է իր վրա։

«Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։

Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։)

Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում։)»,-գրել է նա։

Տեղեկացնենք, որ նիստերի դահլիճում բանավեճ եղավ պատգամավորների միջև, երբ Գեղամյանը տեղից ընդհատում էր Փաշինյանի ելույթը։

Արտաշես Գեղամյանը «Հետք»-ի հետ զրույցում, ըստ էության, ո´չ հերքեց, ո´չ էլ հաստատեց, որ հարձակում է գործել Փաշինյանի վրա։ «Ոչնչով չեմ կարող աջակցել, օգնել Նիկոլ Փաշինյանին, եթե մտովի բռնությունների մասին է խոսքը, ես շատ համոզիչ․․․»։

Մեր դիտարկմանը, որ պատգամավորը ահազանգել է բռունցքներով հարձակման մասին, Գեղամյանն ասաց․ «Ոչնչով չեմ կարող աջակցել Նիկոլ Փաշինյանին»։

Հիշեցրինք, որ խորհրդարանում տեսաձայնագրող տեսախցիկներ կան, որոնք կարող են եղելությունը ցույց տալ: Գեղամյանը պատասխանեց․ «Թող տեսախցիկներն էլ կցի ֆեյսբուքյան էջին»։

Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց որևէ մեկնաբանությամբ հանդես գալ՝ նկատելով, որ արդեն ամեն ինչ իր էջում գրել է։

Տեղեկացնենք, որ միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ էր եկել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է տեսախցիկների ձայնագրությունը հրապարակել, Բաբայանը պատասխանեց․ «Դրանք անվտանգության համակարգն ապահովող սարքեր են, միայն հատուկ ընթացակարգով՝ դիմում գրելու պարագայում հնարավոր է ստանալ տեսախցիկների արձանագրած տեղեկատվությունը»։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ