HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը բողոքարկել է Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի օգտին Վարչական դատարանի կայացրած որոշումը:

Հիշեցնենք՝ անցյալ տարվա օգոստոսին նախարարության աշխատակազմի Ընդերքի պետական տեսչության աշխատակիցները ստուգումներ էին իրականացրել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում՝ ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունների կատարման և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները ստուգելու նպատակով:

Նախարարության աշխատակիցները պարզել էին, որ ընկերությունը սխալ է հաշվարկել մարված պաշարները՝ մարելով 4064,46 կգ ոսկի, այնինչ պետք է մարվեր 4617,36 կգ ոսկի։ Ստուգողների կողմից տարբերություն էր հայտնաբերվել  48193 տոննա հանքաքարի և 553 կգ ոսկու տեսքով: Այլ խախտումներ ևս հայտնաբերվել էին:

Ակտի վերաբերյալ, վերադասության կարգով, ընկերությունը վարչական բողոք էր ներկայացրել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին։ Լսումներ իրականացնելու համար ստեղծվել էր հանձնաժողով, որին նախարարը հրամայել էր իրականացնել վարչական վարույթ: Ընկերության հիմնավորումները հիմք չէին ընդունվել, և բողոքը մերժվել էր: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Վարչական դատարան հայց էր ներկայացրել:

Ընկերությունը դատարանին խնդրել էր վերացնել (անվավեր ճանաչել) էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության 26.09.2016թ. ստուգման ակտը և նախարար Աշոտ Մանուկյանի 15.12.2016թ. հրամանը:

Դատավոր Արծրուն Միրզոյանն ամբողջությամբ բավարարել էր «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի հայցը և վերացրել (անվավեր ճանաչել) էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության ակտը և նախարարի հրամանը:

Վարչական վերաքննիչը, դատավոր Արթուր Առաքելյանի նախագահությամբ, վարչական ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու մասին նախարարության բողոքը վարույթ է ընդունել օգոստոսի 30-ին, սակայն դատական նիստը նշանակվել է 2018թ. փետրվարի 8-ին: 

Լուսանկարում` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter