Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Երևանի, Գյումրիի և Վանաձորի տոնակատարությունների համար հատկացվել է 95 մլն դրամ



«Էրեբունի-Երևան, «Գյումրիի օր» և «Վանաձորի օր» ամենամյա տոնական միջոցառումների համար այս տարի յուրաքանչյուր քաղաքի բյուջեից հատկացվել է համապատասխանաբար 80 միլիոն, 8 միլիոն և շուրջ 7 միլիոն դրամ։

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանի գնահատմամբ՝ վերոնշյալ ծախսերը «խրախճանք են համաճարակի ժամանակ»։

«Իրենք առաջնորդվում են այն մտքով, որ ժողովրդին միայն անհրաժեշտ է հաց և խրախճանք, քանի որ լուրջ հարցեր ու խնդիրներ սահմանելու և լուծելու ունակություն չունեն»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մարուքյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Վանաձորի պարագայում տոնակատարությունների համար ուղղվող գումարներն ավելի արդյունավետ կարող էին կիրառվել, օրինակ՝ համայնքային ենթակայության հիմնարկներն անընդհատ աշխատավարձի պարտքեր ունեն, քաղաքի տարբեր հատվածներում բարեկարգման խնդիրներ կան։

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը համաձայն չէ այն գնահատականին, որ քաղաքի օրը նշելը «խրախճանք է ժանտախտի ժամանակ»։

«Նույն տրամաբանությամբ կարելի է ոչինչ չկազմակերպել, մշակութային կյանք չունենալ, տոներ չնշել, կենտրոնանալ միայն սոցիալական, կենցաղային խնդիրների վրա։ Կարծում եմ՝ ցանկացած ոլորտ չափի մեջ պիտի կարևորել՝ այդ թվում տոներ նշելը»,- ասաց Ասլանյանը։

Մեր հարցին, որ վանաձորի ընդդիմության վստահեցմամբ՝ համայնքային ենթակայությամբ գործող մի շարք հիմնարկներում աշխատավարձերի կուտակումներ կան, Ասլանյանը համաձայնեց՝ ընդգծելով, թե «փոքրիկ ուշացումները շտկում են»։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը չի կարծում, որ 30% աղքատություն ունեցող երկրի համար տոնակատարություններին ուղղվող նման գումարները շռայլություն են։

«Դա շռայլություն պետք չէ անվանել, իհարկե կարող ենք ողբերգություն սարքել, բայց այդ գումարները սարսափելի խոշոր գումարներ չեն, որ աղմուկ բարձրացնենք»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց նա։

Պատգամավորի համոզմամբ՝ բնակչության մեծ մասը սիրով է ընդունում այդ տոնակատարությունները:

«Որոշակի բարեկարգման և մաքրման աշխատանքներ ևս կատարվում են, բացի այդ՝ դրանք այն գումարները չեն, որ այդքան շատ քննարկվի։ Ի վերջո, թեկուզ մեկ օրով մարդիկ դուրս են գալիս մտահոգ վիճակից»,- ասաց նա։

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հակոբ Հակոբյանի գնահատմամբ՝ աղքատության ցուցանիշները չպետք է արգելք լինեն տոնակատարությունների համար։

«Եթե 30% աղքատություն ունենք, դա չի նշանակում, որ տոնակատարությունների համար փող չպետք է ծախսենք։ Հասարակության մեջ բարքերը պահելը շռայլություն չէ․ երբ հարևանը տուն է գալիս, հյուրասիրում ենք չէ՝ անկախ նրանից՝ աղքատ ենք, թե ոչ։ Բարքերի հետ կապված գործողությունները չպետք է քննարկել քաղաքականության ոլորտում»,- ասաց նա։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Mary Mherian04:25 - 11 մայիսի, 2018
Moron, idiot "mayor" sure lets spend 100,000 dollars to meeting him, with 1000 pigs
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ