HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Լիտվայի գյուղնախարարությունների միջև համագործակցության ծրագիր է ստորագրվել

Երեկ Երևանում կայացել է առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը:

Նիստի շրջանակում Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ռոլանդաս Տառաշկյավիչուսը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 2018-2019 թվականի գործողությունների պլան» փաստաթուղթը:

Ինչպես հայտնում է գյուղնախարարությունը` պլանով նախատեսվում է խթանել երկկողմ համագործակցությունն ագրարային ոլորտում և մեկ տարվա ընթացքում իրականացնել մի շարք համատեղ գործողություններ: Մասնավորապես, գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ոլորտում Լիտվան հայկական կողմին կտրամադրի խորհրդատվություն և մեթոդոլոգիական աջակցություն:

«Լիտվայում արդեն գործում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ, որը ուսումնասիրելու ենք, և եթե լինեն Հայաստանի համար հետաքրքրական տարրեր, ապա կփորձենք ապագայում այն կիրառել այստեղ»,- նշել է Արմեն Հարությունյանը:

Բացի այդ, ըստ հաղորդագրության, կողմերը համագործակցելու են նաև անասնապահության ոլորտում, մասնավորապես փորձի փոխանակում են իրականացնելու այծաբուծական տնտեսությունների զարգացման և կաթնամթերքի արտադրության բնագավառում: Այդ նպատակով Հայաստանից պատվիրակիություն է մեկնելու Լիտվա, որտեղ ներգրավված են լինելու նաև այծաբուծությամբ  և այծի կաթից ստացվող պանրի արտադրությամբ զբաղվող անհատները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter