Հինգշաբթի, 19 հոկտեմբերի

Գագիկ Ծառուկյանը Կապանում ցեմենտի գործարան է կառուցում. քաղաքապետարանում տեղյակ չեն



Կապանի օդանավակայանի հարեւանությամբ՝ Երեւան տանող ավտոճանապարհի մոտ, հողահարթեցման աշխատանքներ են կատարվում: Երեկ մեզ հասած տեղեկություններով՝ տեղանքում շինարարություն է սկսվել: Կապանցիների փոխանցմամբ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այստեղ ցեմենտի գործարան է կառուցելու: Հիշեցնենք, որ Ծառուկյանին է պատկանում նաեւ Արարատի ցեմենտի գործարանը:

Կապանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Արմինե Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, թե տեղյակ չեն այս մասին, շինթույլտվության համար իրենց չեն դիմել, սակայն համայնքապետարանը տեղեկացել է ցեմենտի գործարանի կառուցման մասին հասարակական կազմակերպություններից մեկի գրավոր հարցումից, որն ուղղվել էր քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնին: Վերջինից էլ հայտնել են, որ քաղաքապետարանում այդ հարցով քննարկում չի եղել:

Ա. Ավագյանը հավելեց, թե գուցե մեկ այլ համայնքի տարածքում է կառուցապատում իրականացվում: Սակայն Կապանի հարեւան Սյունիք գյուղական համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանն էլ նշում է, որ կառուցվող գործարանն իրենց տարածքում չէ, հավանաբար, Կապանի կազմում է:

Ցեմենտի գործարանի կառուցման նախաձեռնության մասին լուրը «Հետքի» հետ զրույցում հաստատեց Սյունիքի մարզից (թիվ 12 ընտրատարածք) «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, քաջարանցի Մերուժան Սիմոնյանը (պատգամավոր է 2012 թ.-ից): Նրա խոսքով՝ գործարանի շինարարությունը դեռ չի սկսվել, իր ունեցած տեղեկություններով՝ դեռ չափագրումներ, հողահարթեցման աշխատանքներ են ընթանում:

Մ. Սիմոնյանն ասում է, որ շինթույլտվության համար փաստաթղթերը պատրաստվել են, դիմելու են քաղաքապետարան, եւ որ առանց թույլտվության շինարարություն չի սկսվի: Խոսակցությունները, թե այդտեղ հնարավոր է հանք բացվի, Ծառուկյանի թիմի անդամը հերքում է, նշում է, թե վստահաբար կարող է ասել, որ հանք չի լինելու, ցեմենտի գործարան է բացվելու: ԲՀԿ-ական պատգամավորի փոխանցմամբ՝ գործարանի հումքը բերվելու է Իրանից, վերամշակում է անցնելու Կապանում, ապա վաճառվելու է Հայաստանում:

Գործարանը, ըստ Մերուժան Սիմոնյանի, մի քանի խնդիր է լուծելու: Նախ՝ աշխատատեղեր են բացվելու, ըստ նախնական տեղեկությունների՝ 50-60 հոգու համար: Մյուս կողմից, ինչպես ասում է պատգամավորը, մինչեւ ցեմենտը Երեւանից տարվում է Կապան, գինը բարձրանում է, այսինքն՝ այս պարագայում Սյունիքի բնակիչները հնավորություն են ունենալու ավելի մատչելի գներով ցեմենտ ձեռք բերել:

ԲՀԿ-ական պատգամավորն ասում է, որ իրենք են դիմել Գագիկ Ծառուկյանին՝ Կապանում ներդրումներ, աշխատատեղեր բացելու համար: Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ այլ ներդրումներ էլ իրականացվեն, Սիմոնյանը պատասխանում է. «Այո, Գագիկ Ծառուկյանը խոստացել է, որ մեր տարածաշրջանում հնարավորինս ներդրումներ են արվելու՝ հաշվի առնելով, որ շատ ենք հեռու մայրաքաղաքից, դժվարություններ կան: Ով աշխատում է Քաջարանի կամ Կապանի կոմբինատում, քիչ թե շատ ապահովվածություն ունի, իսկ ովքեր չեն աշխատում կոմբինատում, սոցիալապես ահավոր վիճակում են»:

Եթե ցեմենտի գործարանի օգտակարությունը մեծ լինի, Ծառուկյանի թիմակցի ասելով, հնարավոր է նաեւ այլ գործարանների կառուցում, բայց դա պետք է պայմանավորված լինի անհրաժեշտության գործոնով:

Կապանում ցեմենտի գործարանի գործարկումը նախատեսվում է 2018-ին: Մ. Սիմոնյանն ասում է, թե բնապահպանական առումով այն աղտոտվածություն չի առաջացնելու: «Տրամադրվածությունն այն է, որ հաստատ պատրաստվում են կառուցել, հանք չի լինելու, մի աննշան էլ աղտոտվածություն չի լինելու, լրիվ համապատասխանելու է չափորոշիչներին, այդ հարցը ինձ էլ էր հետաքրքրում, որ փոշի, աղտոտվածություն չլինի, ժողովուրդը չասի, թե էս ինչ են անում: Ինձ պատասխանել են, որ ժամանակակից սարքավորումներով է լինելու, հետո այնտեղ հանք չի լինելու, փոքր փուլ է գնալու, որ կապ չի ունենալու վնասակարության, աղտոտվածության հետ»,- եզրափակում է Մերուժան Սիմոնյանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ