HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն»-ը ոտնահարում է փողոց մաքրողների և աղբահանության բանվորների աշխատանքային իրավունքները

Ալավերդի համայնքի մաքրման ենթակա փողոցների 78 հազար 824 քմ մակերեսը մաքրում են «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի 21 աշխատակիցներ: Նրանցից 3-ն այս պահին աշխատում է 1,75,  4-ը՝ 0,5, իսկ մնացածը, հաշվապահ Սեյրան Միկոյանի ասելով, մեկ դրույքաչափով: Կոմունալ տնտեսության նախորդ տարվա աշխատավարձի 52,8 մլն դրամ ծախսը 2017թ. ավելացել է եւս մոտ 5 մլն դրամով. այն նախատեսվել է 57,5 մլն դրամ: Դրանից 18,5 մլն դրամը նախատեսվել է որպես փողոց մաքրողների աշխատավարձ: Մեկ դրույքաչափով փողոց մաքրողի համար նախատեսված է 2200 քմ տարածքի մաքրում: Քաղաքի ամենամեծ` Ս./Սարահարթ թաղամասի մաքրման ենթակա փողոցների 18 հազար 473 քմ մակերեսն ավլում են աշխատանքային պայմանագրով 2 դրույքաչափով վարձատրվող Անահիտ Գասպարյանն ու Զոյա Խաչիկյանը: Զոյայի և Անահիտի աշխատավարձը մայիս ամսից 15 հազար դրամով նվազել է: Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի ասելով` նրանց  կողմից Ս./Սարահարթ թաղամասի մաքրությունը «շատ դժվար ապահովելու պատճառով»:  

«Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի հետ 2015թ. սեպտեմբերի 5-ին կնքած աշխատանքային պայմանագրով Զոյա Խաչիկյանի, իսկ  2016թ. սեպտեմբերի 1-ի աշխատանքային պայմանագրով` Անահիտ Գասպարյանի 2 դրույք աշխատավարձի չափը սահմանվել է 145 հազար 504 դրամ: Նրանց մաքուր աշխատավարձը կազմել է 110 հազար դրամ: Սեպտեմբերի 28-ին Զոյա Խաչիկյանը և Անահիտ Գասպարյանը «Հետք»-ին հայտնեցին, որ մայիս ամսից  առ այսօր 15 հազար դրամով պակաս է վճարվում իրենց ամսական աշխատավարձը։

«Ինձ անձամբ հաշվապահ Սեյրան Միկոյանն ասել է, որ մեր աշխատավարձը կրճատվել է  նոյեմբերի 5-ի ընտրությունների պատճառով: Ասել է նաև, որ ընտրությունից հետո մեր  աշխատավարձը քիչ-քիչ հետ կվերադարձվի»,-պատմեց Անահիտը:

«Ընտրությունների հետ մենք ի՞նչ կապ ունենք, չենք հասկանում: Էդ գումարը բաց է թողնում պետությունը, ո՞նց կարող է մինչև մայիս 110 հազար դրամ աշխատավարձ ստանանք, մայիսից հետո` 95 հազար դրամ: Երեկ` սեպտեմբեերի 27-ին, էլի աշխատավարձ տվեցին, էլի նույն 95 հազար դրամը»,-հայտնեցին Անահիտն ու Զոյան:  

Աշխատավարձի նվազեցման մասին Անահիտը և Զոյան ամիսներ շարունակ վախեցել են բարձրաձայնել: «Քիրս ասում էր` խի՞ ես վախենում, եթե հանկարծ գործից կհանեն, մի հատ էլ դրա համար կբողոքես: Մի հետ լռենք, երկու հետ լռենք, ինչի՞ համար»,-ասում է Անահիտը: 

Վաչիկ Խաչիկյանը նույն ՀՈԱԿ-ի աղբահանության բանվոր է: Նրանց հանդիպեցինք, երբ Ս./Սարահարթ թաղամասի 2/26 շենքի հարևանությամբ տեղադրված աղբարկղների շրջակայքն էր մաքրում: Վաչիկը Զոյայի ամուսինն է: «Ես աղբի ավտոմեքենայի վրա էլ եմ աշխատել, էն ժամանակ էլի 71 հազար դրամ էի մաքուր ստանում: Որ բանվոր նշանակեցին, ասացին` նորից 71 հազար է քո աշխատավարձը: Բայց ես 55 հազար դրամ եմ ստանում»,-ասաց Վաչիկը:  

Վաչիկ Խաչիկյան

«Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի հաշվապահ Սեյրան Միկոյանի խոսքով` կոմունալ տնտեսության ֆինանսական ծանր վիճակի պատճառով է  Վ. Խաչիկյանի աշխատավարձը սահմանվածից ցածր վճարվում:

«Մեզ ուղղակի ամենքիս 2 դրույք աշխատավարձ են տալիս,  երկու դրույքից ավել են աշխատացնում: Մեզ հաթաթա են տալիս ամեն վայրկյան: Երբ  ուզում ենք ձեն հանենք, ասում են` գործից կհանենք»,-պատմեց Զոյան:

«Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Ս. Կիրակոսյանը կիրակի օրը Զոյային կանչել է աշխատանքի՝ Սանահին գյուղի փողոցները ավլելու: Զոյան չի համաձայնել իր տարածքից բացի Սանահին գյուղի փողոցներն էլ ավլել։

«Սանահին գեղի համար ինձ փող չեն տալիս: Ես արդեն 18 տարի է փողոցները մաքրում եմ, բայց  իրենց փողի տալու ձևը ոչ մի անգամ գլխի չեղա, թե ոնց են տալի»,-ասաց Զոյան: Հիշեցնենք, որ Աշխատանքային օրենսգրքի 185 հոդվածի համաձայն` հանգստյան օրերին աշխատելու դեպքում «Գործատուն» պարտավոր է աշխատողին վճարել օրական դրույքաչափի կրկնակի չափով: Օրենքի այս պահանջը ներառված է Անահիտի և Զոյայի  աշխատանքային պայմանագրում, սակայն չի գործում: 

Անահիտը և Զոյան դժգոհեցին նաև  կոմունալ տնտեսության բրիգադիր Շուշանից։ «Մեզանից բրիգադիր Շուշանը գիտե՞ք ինչքան փող է կտրել` 7 հազար, 5 հազար դրամներով: Ես շա՞տ գիտեմ` խի է կտրել: Ասում եմ` Շուշան, ես գործի եմ, չէ՞, գալիս: Թե բա` հա: Եթե իմ աշխատանքում ինչ-որ թերություն ես տեսնում, ասա էսինչ տեղը չես մաքրում, ինչու՞ ես իմ աշխատավարձից փող կտրում։ Ամուսնուս՝ Վաչոյին, բրիգադիր Շուշանը դեբիլ է ասում, ոչխար է ասում: Վաչոյին ասում է` իշի պես ապրանք ես: Նա աշխատողին ո՞ր իրավունքով է էդպիսի բաներ ասում»,- պատմում է Զոյան: 

Անահիտի ասելով` բրիգադիր Շուշանը հուսադրել է, թե  ընտրությունից հետո իրենց չվճարվող աշխատավարձը նորից պետք է վերականգնվի: «Ոչ ձեռնոց են տրամադրում, ոչ  ավել են տալիս, մենք ենք առնում, նրանք ոչ մի անգամ մեզ չեն ասում` աղբի հետ աշխատելուց հետո դուք ո՞նց եք Ձեր շորերը մաքրում, հնարավորություն ունե՞ք գոնե լողանալու»,-ասաց Զոյան: 

«Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ում ասացին, որ Անահիտ Գասպարյանի և Զոյա Խաչիկյանի երկու դրույք աշխատավարձը նվազեցվել է կոմունալ տնտեսության տնօրեն Սարգիս Կիրակոսյանի 2017թ. մայիսի 31-ի թիվ 51 հրամանով. «Ս/թ հունիսի 1-ից փողոց ավլողներ Անահիտ Գասպարյանի, Զոյա Խաչիկյանի և Միխայիլ Գովորկովի հաստիքային դրույքաչափը 2-ից դարձնել 1,75»,- նշված է հրամանում: 

Վաչիկ Խաչիկյանի դրույքաչափը, ըստ հրամանի, չի իջեցվել, սակայն մայիս ամսից 16 հազար դրամ պակաս է վճարվում նրա ամսական աշխատավարձը: Փողոց ավլողների աշխատավարձը պակաս վճարելու մասին «Հետք»-ին իրարամերժ պատասխաններ տվեցին «Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Կիրակոսյանը, հաշվապահ Սեյրան Միկոյանը և Ալավարդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:

Սեյրան Միկոյան

Սեյրան Միկոյանը պնդում էր, թե փողոց ավլողների աշխատավարձը իջեցվել է կոմունալ տնտեսության ֆինանսական սուղ վիճակի պատճառով. «Մենք կանանց նախնական ասեցինք`  հնարավորության սահմաններում, նոյեմբերից հետո, որ ընտրությունները ավարտվեն, կլինի  նոր բյուջե, նոր հիմնարկ, լավ աշխատողներին կաշխատենք ավելի լավ վարձատրել»: Վերջինիս գնահատմամբ` Անահիտը և Զոյան լավ աշխատողներ են: Սակայն  Ս. Միկոյանը նաև պնդում էր, թե մեկ հաստիքային միավորի դեպքում փողոց ավլողն օրը պետք է աշխատի 7 ժամ: Անահիտն ու Զոյան մինչև մայիս երկու դրույք են վարձատրվել: Երկու դրույքի դեպքում նրանք օրը պետք է  աշխատեին 14  ժամ: Սեյրան Միկոյանը դժգոհեց, որ Անահիտը և Զոյան օրը 14 ժամ չեն աշխատել: Այս տրամաբանությամբ էլ Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսությունը Անահիտին և Զոյային մաքրել է տվել Ս./Սարահարթ թաղամասի մաքրման ենթակա ամբողջ 18 473 քմ մակերեսը: Քաղաքի փողոցներն ավլողներ կան, ովքեր 0,5 դրույքով են աշխատում: Օրինակ` Սանահինի եկեղեցու, կարի ֆաբրիկայի շենքի տարածքը, Սանահին կայարանային թաղամասը մաքրողները 25-27 հազար դրամ աշխատավարձ են ստանում:

«Ֆինասական վատ վիճակը դրույքաչափի նվազեցման հետ կապ չունի: Եթե նախատեսած է,  որ էս մարդը պետք  է էսքան աշխատավարձ ստանա, ուրեմն պետք է ստանան: էլի եմ  ասում, իրենք չեն հասցնում էդքան տեղը մաքրեն, խնդիրն էդ է»,- հայտնեց տնօրեն Սարգիս Կիրակոսյանը:

Սարգիս Կիրակոսյան

Թե որքա՞ն տեղի մասին էր խոսքը, տնօրենը մեզ հետ զրույցում փակագծերը չբացեց: Անահիտ Գասպարյանն էլ պնդեց, որ աշխատանքում երբևէ չի թերացել: Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի խոսքով` քաղաքի ԲՇՏ-ն և կոմունալ տնտեսությունը չեն կարողանում փողոց ավլող գտնել: «Անգամ առաջարկում ենք 1,5 - 2 դրույք, բայց եկող չկա»,- ասաց նա:

Քաղաքապետը գոհ է Անահիտի և Զոյայի աշխատանքից, բայց, նրա ասելով, թաղամասի  ամբողջ տարածքի մաքրումը չեն հասցնում:

Կարոող են արդյոք 18 հազար քմ տարածք երկուսով ավլել հարցիս` Կ. Փարեմուզյանը պատասխանեց. «Ամեն օր չեն կարա էդքանը մաքրեն, բայց իրենց նորման ավարտում են, ֆռում են, հաջորդ օրը ավլում են հաջորդ նորման»:

«Հաշվապահն ասում է` 2 դրույքով աշխատողը պետք է օրը 14 ժամ աշխատի, ինչպե՞ս է դա հնարավոր»,- հարցրի:

«Դա հնարավոր չի, որովհետև Աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս 14 ժամ աշխատել»,-ասաց քաղաքապետը: Կ. Փարեմուզյանը բացառեց փողոց ավլողներին ավել և ձեռնոց չտալու հանգամանքը: Կոմունալ տնտեսության տնօրեն Սարգիս Կիրակոսյանի ասելով` 2 օր առաջ  յուրաքանչյուր փողոց ավլողի 1-ական ավել է տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter