HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան-Լիտվա. չեղած առևտրի ներուժն ու «զգալի» աճը

Այս օրերին Հայաստանում են Լիտվայի Հանրապետության մի քանի պաշտոնյաներ. կայացել է առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստը։  Հայաստանի կառավարության և նիստի կազմակերպիչների տարածած հաղորդագրություններում նշվում է, որ երկու երկրների պաշտոնյաներն էլ հանդիպումների ժամանակ խոսել են հայ-լիտվական տնտեսական կապերը զարգացնելու մասին։ Վարչապետ Կարեն Կարապետյանը համարում է, որ այս առևտրատնտեսական հարաբերություններն ունեն ներուժ, որն առայժմ ամբողջությամբ չի օգտագործվում։ 

Վարչապետն անդրադարձել է լիտվացի գործարարների համար մեր երկրում գործունեություն ծավալելու հնարավորություններին՝ այս համատեքստում ընդգծելով Իրանի հետ սահմանին Սյունիքի ազատ տնտեսական գոտու ստեղծումը և ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին: 

Իսկ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նիստի բացմանը նշել է. «Կցանկանայի ընդգծել, որ միջկառավարական հանձնաժողովի այս ձևաչափը առաջնահերթ նշանակություն ունի առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հայ-լիտվական համագործակցության ընդլայնման համար: Նման հանդիպումները լավ հնարավորություն են` զարգացնելու առկա տնտեսական կապերը, ինչպես նաև` ուղենշելու համագործակցության նոր ոլորտները»: 

Այսօր էլ հաղորդագրություն տարածվեց, որ Հայաստանի և Լիտվայի գյուղնախարարությունների միջև համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ  է ստորագրվել։

Թե ինչ արդյունքներ կտան այս հանդիպումները, միայն ժամանակը ցույց կտա, սակայն ՀՀ մաքսային և Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալները վկայում են, որ հայ-լիտվական տնտեսական հարաբերություններն այսօր ամենացածր մակարդակում են։ Մասնավորապես՝ առևտրի ոլորտում։ 

Հայաստանն ու Լիտվան մեկ տարում ընդամենը 7.3 մլն դոլարի առևտուր են արել

Ըստ ԱՎԾ-ի՝ 2016 թվականի տվյալներով Հայաստան-Լիտվա առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 7.3 մլն դոլար։ Սա Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 0,1%-ն է։ 

Միայն արտահանումը Հայաստանից Լիտվա նախորդ տարի կազմել է 3 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 4.3 մլն դոլար։ 

Չնայած վերջին երեք տարիներին առևտրի ծավալները Լիտվայի հետ փոքր-ինչ աճել են, սակայն Լիտվան դեռևս հեռու է Հայաստանի հիմնական առևտրային գորընկերների շարքը դասվելուց։ Նախորդ տարվա դրությամբ Հայաստանի արտահանման ծավալում  Լիտվայի կշիռը 0,2% է, իսկ ներմուծման ծավալում՝ 0,1%: 

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

2015 թվականի համեմատ 2016-ին Հայաստանից Լիտվա արտահանումն աճել է 36,7%-ով, իսկ ներմուծումը՝ 7,6%: Իհարկե, հասկանալի է, որ աճի այսպիսի բարձր ցուցանիշները պայմանավորված են համեմատվող փոքր ծավալներով։

Ըստ մաքսային ծառայության՝ Հայաստանը Լիտվա է արտահանում հիմնականում ոչ ալկոհոլային ըմպելիքներ, կոնյակ և ծխախոտ։ Իսկ Լիտվայից գնում է խոշոր եղջերավոր անսասուններ, նավթամթերք, շինարարական ապրանքներ, բամբակ և այլն։

Ինչ վերաբերում է այս տարվան, ըստ ԱՎԾ ամենաթարմ տվյալների, տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանից Լիտվա արտահանումը կազմել է շուրջ 1.2 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 40,6%-ով նվազել է։ Իսկ ներմուծումն աճել է 72,4%-ով՝ կազմելով 3.7 մլն դոլար։

Առևտրաշրջանառության այս փոքր ծավալների ֆոնին ուշագրավ է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տարածած հաղորդագրության նախավերջին հատվածը. «2016-2017թթհունվար-հուլիս ժամանակահատվածում Հայաստանից Լիտվա գրանցվել է արտահանման ծավալների զգալի աճ, մասնավորապես հետևյալ ապրանքատեսակների մասով` խաղողի գինի (2,4 անգամ), պահածոյացված միրգ, ընկուզեղեն, հատապտուղ (2,3 անգամ), բանջարեղեն պահածոյացված առանց քացախի (4,7 անգամ), սիգարետ (2 անգամ), ալկոհոլային խմիչքներ (17,7%-ով)»:  

Իհրակե, սա այն թեման չէ, որի շուրջ կարելի է երկար խոսել՝ աճը զգալի՞ է, թե՞ ոչ, պարզապես սա տիպական օրինակ է, թե ինչպես  կարելի է «խաղալ» թվերի հետ ու դրանք ներկայացնել ըստ ցանկության։ Հասկանալու համար, թե ինչ «զգալի» աճի մասին է խոսքը, միայն մեկ օրինակ նշենք։ Ըստ մաքսային ծառայության տվյալների՝ այս տարվա հունվար-հունիսին (ընդամենը մեկ ամսով է այս ժամանակահատվածը պակաս նախարարության ներկայացրած հունվար-հուլիսից) Հայաստանից Լիտվա է արտահանվել 77.5 հազ. դոլարի խաղողի գինի, որը 2016-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է 2,4  անգամ։ Այո, 2,4  անգամը տպավորիչ է հնչում, մինչդեռ խոսքն ընդամենը 46 հազ. դոլարով աճի մասին է։

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter