HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց ճապոնական ծագումով բրիտանացի գրող Կաձուո Իսիգուրոյին

Օվկիանոսագետի տղան հայտնվեց Բրիտանիայում, երբ դեռ վեց տարեկան էր: Ընտանիքը տեղափոխվեց հոր մասնագիտական հրավերի հետեւանքով։

2016թ․ Նոբելյան գրական մրցանակի աղմկահարույց դեպքերից եւ բազմաթիվ քննարկումներից հետո (մրցանակը շնորհվել էր երաժիշտ Բոբ Դիլանին) այս տարի Նոբելյանի կոմիտեն կրկին շրջադարձ կատարեց։ Ծագումով ճապոնացի, Բրիտանիան ներկայացնող Կաձուո Իսիգուրոն ստացավ Նոբելյան մրցանակը՝ հետեւյալ ձեւակերպմամբ. «Իր վեպերում աներեւակայելի էմոցիոնալ ուժով բացահայտում է մեր՝ աշխարհի վերաբերյալ ունեցած պատրանքային զգացումը»։

Կաձուո Իսիգուրոյին որպես գրող «հայտնաբերել» եմ երկու տարի առաջ։ Ընթերցանության ինձ համար պարտադիր ցանկը կազմելիս այս գրողի անունն աչքովս ընկավ Բուքերյան մրցանակ ստացած հեղինակների ցանկում (1989թ․ Իսիգուրոն ստացել է բրիտանական ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը իր «Օրվա մնացորդը» (“The Remains of the Day”) վեպի (առանձնացնում են նաեւ որպես պատմավեպ) համար)։

Բնականաբար, առաջին իսկ գիրքը, որն առանձնացրեցի ընթերցանության համար հենց վերոնշյալն էր, որին հաջորդեց «Բաց մի՛ թող ինձ» կամ «Մի՛ լքիր ինձ» (“Never let me go”) վեպը (վեպերը թարգմանված չեն հայերեն)։

Ընդամենը մեկ օր առաջ Նոբելյան գրական մրցանակի 2017թ. հավանական թեկնածուն մեկ այլ ճապոնացի էր՝ Հարուկի Մուրակամին (ով նաեւ բուքմեյքերների ֆավորիտն էր), որի բեսթսելլերները մեծ մասսայականություն են վայելում բազմաթիվ երկրներում։ Բուքմեյքերները երկու հարցում չսխալվեցին․ Իսիգուրոն նույնպես ճապոնացի է, եւ նրա գրքերը նույնպես լավ են վաճառվում։ Կարելի է ասել, որ Նոբելյան գրական կոմիտեն, ամեն դեպքում, մրցանակը հանձնեց կոմերցիոն առումով հաջողություն գրանցած հեղինակի, որի գրքերը թարգմանվել են ավելի քան 40 լեզվով եւ վաճառքի հրաշալի ցուցանիշներ ունեն։

Բաց թողնելով Նոբելյան գրական մրցանակի չափորոշիչների մասին մանրամասները՝ միանգամից պետք է նշել, որ Կաձուո Իսիգուրոյի` Նոբելյան մրցանակակիր դառնալու փաստը ոգեւորություն առաջացրեց ընթերցողների լայն շրջանում։ Ի տարբերություն նախորդ տարվա թեժ քննարկումների եւ բացասական վերաբերմունքի` այս տարի գրական ֆորումների մեկնաբանությունները փաստում են Իսիգուրոյի ստեղծած գրականության մասսայականությունը եւ հասանելիությունը:

Ինձ համար` որպես ընթերցողի եւ մշակութային լրագրողի՝ այս տարվա Նոբելյան մրցանակակրի ընտրությունն ուրախացնող է առաջին հերթին այն պատճառով, որ գնահատվել է գրական ստեղծագործության (որոշ իմաստով` նույնիսկ դասական) արժեքը, հատկանիշը, եւ ի տարբերություն շատ այլ դեպքերի` առաջին պլան չի մղվել քաղաքական համատեքստը (ի դեպ, այս տարվա ֆավորիտներից մեկը հարավկորեացի գրող Կո Ինն էր, որի քաղաքական հայացքներն անմիջական կերպով արտահայտված են գրական գործերում)։

Մյուս կարեւորությունը հիշողության մասին գրելու եւ ինքնախաբեության ֆենոմենին գլոբալ եւ նեղ առումով անընդհատ հղում կատարելու հրաշալի ձեւն է։

Իր «Օրվա մնացորդը» վեպում ծերուկ սպասավորը, որ ողջ կյանքում միայն «ծառայել է» եւ տարիներ անց «սպասավորի» կարգավիճակից դուրս գալու հնարավորություն է ստանում, նստում է մեքենան եւ շրջում Անգլիայով մեկ։ 1935-39 թվականներ․ իր տիրոջ կասկածելի քաղաքական հայացքները, պատերազմի նախապաշարումները եւ այլ հարցեր Ստիվենսին չեն հետաքրքրում, կյանքի իմաստն ու պարտավորությունները սահմանափակվում են տան կարգ ու կանոնը, մաքուր խոհանոցը եւ սպասավորների համերաշխ հարաբերություններն ապահովելու շրջանակներում։ Կատարելության ձգտման ճապոնական հրաշալի օրինակ. մարդն իրեն նվիրաբերել է աշխատանքին եւ չի նկատում աշխարհն այլ կերպ (նույնիսկ այն, որ աշխատակից կանանցից մեկը սիրահարված է իրեն)։  

«Օրվա մնացորդը» ձայնային վիբրացիաների ոչ մի զեղում չի պարունակում․ մի բառով այն «հանգիստ» ընթացք է, եւ այդ «հանգստության» ռիթմի մեջ Ստիվենսի առօրեականությունն ու նվիրվածությունը չի խախտվում նույնիսկ այն պահին, երբ մահանում է հայրը․․․ Ամեն դեպքում, ճամփորդելու հնարավորությունը առաջ է քաշում հարցերի մի շարան, որոնք փիլիսոփայական պատասխաններ են ենթադրում գործնականում դրա փորձի բացակայության հետեւանքով։

«Իսկ հիմա ես իրավունք չունեմ նույնիսկ ասելու, որ ինքս եմ մեղավոր սխալներիս համար։ Եվ ստիպված ինձ հարց եմ ուղղում՝ արդյոք դրա մեջ արժանիք կա»,- հարցնում է Ստիվենսը։

Ընդհանուր առմամբ, վեպը կարելի է վերագրել հետեւյալ հարցադրմամբ՝ «ծառայելու», «սպասարկելու», «կատարելու» իմաստը ո՞րն է, ինչո՞վ ենք առաջնորդվում, երբ «ընտրում» ենք՝ ում ծառայել, ծառայել առհասարակ՝ մարդուն, մարդկությանը, աստծուն․․․ Արդյոք այն որեւէ դրական հետեւանք կարո՞ղ է ունենալ, իսկ գուցե դա կարեւոր էլ չէ։ Հարցադրումներ, որոնք առաջ են գալիս տվյալ դեպքում այն պահին, երբ կարող ենք հիշողությունները ծառայեցնել հիմնական հարցադրման համար, բայց արդեն ուշ է որեւէ բան փոխել։

Իսիգուրոյի փիլիսոփայական հարցադրումները ներկայիս իրականության ֆոնին դառնում են խիստ արդիական: Նա հարցնում է. «Ձեր կյանքում ո՞րն է ընտրության հնարավորությունը, ի՞նչ եք կարողանում ընտրել ազատորեն բացի մահվան ժամանակից, այն էլ, իհարկե, եթե ստացվի։ Մենք ներշնչել ենք մեզ, որ զարգացումներն անհնարին են առանց ազատության, բայց Չինաստանը զարգանում է, չէ՞․․․ Մենք ներշնչել ենք մեզ, որ ադեկվատ կյանքը առանց ընտրության ազատության հնարավոր բան չէ, բայց ողջ Ասիայի համար «ընտրության ազատություն» հասկացություն գոյություն չունի ընդհանրապես»․․․ 

ՀԳԿաձոու Իսիգուրոն ծնվել է Ճապիոնիայում՝ Նագասակիում, 1954թ։ 1960թ ընտանիքը տեղափոխվել է Անգլիայի Գիլֆորդ քաղաք, որտեղ հայրն աշխատում էր «Օվկիանոսագրության ազգային ինստիտուտում»։ Դպրոցն ավարտելուց հետո Իսիգուրոն մեկնում է ճանապարհորդության դեպի ԱՄՆ եւ Կանադա։ 1974-78թթ. ուսանել է Քենթի համալսարանում՝ ստանալով «Անգլերեն լեզվի փիլիսոփայության բակալավրի աստիճան»։ Այնուհետեւ սկսում է հաճախել Արեւելյան Անգլիայի համալսարանի (University of East Anglia) Մալքոլմ Բրեդբերիի գրողական դասընթացներին։ Հարցազրույցներից մի քանիսի ժամանակ անդրադառնում է այս հանդիպմանը եւ այն անվանում «շրջադարձային»։ 1980թ ստանում է Արվեստի մագիստրոսի աստիճան։ 1982թ Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։

Հանրությանն առավել հայտնի գործերն են՝ «Օրվա մնացորդը» (“The Remains of the Day”, 1989թ),«Երբ մենք որբեր էինք» ( “When We Were Orphans”, 2000թ), «Մի՛ լքիր ինձ» (“Never Let Me Go”, 2005թ), «Թաղված հսկան» (“The Buried Giant”, 2015թ

 Բազմաթիվ պատմածքների հեղինակ է։ Նրա գրքերի հիման վրա Էկրանավորվել է երեք ֆիլմ։

 Մրցանակներ՝ Նոբելյան գրական մրցանակ, «Արվեստի եւ գրականության շքանշան», «Granta» հրատարակչության մրցանակ՝ լավագույն երիտասարդ գրող անվանակարգում, Բրիտանական կայսրության շքանշան, Բուքերյան մրցանակ «Օրվա մնացորդը» վեպի համար, Ուիթբրեդ մրցանակ, Վինիֆրիդ Հոլթբիի հիշատակի մրցանակ։ 

Հավելենք, որ պարգեւատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում (Նոբելյան մրցանակների հիմնադրի վախճանի օրը)։ Մրցանակը 9 մլն շվեդական կրոն (1 մլն դոլար) է։

Գլխավոր լուսանկարը՝ “The Telegraph”-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter