Կիրակի, 23 սեպտեմբերի

Վահան Շիրխանյանը կտրականապես հրաժարվել է դատարան ներկայանալ



Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստն այսօր հետաձգվեց:

Ամբաստանյալ Վահան Շիրխանյանը դատարան չէր ներկայացել: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ստացված գրության համաձայն՝  Շիրխանյանը հայտարարել է, որ գոտկատեղի հատվածում ցավեր ունի և ի վիճակի չէ դատարան տեղափոխվել: Ըստ գրության՝ Շիրխանյանը կտրականապես հրաժարվել է դատարան ներկայանալ:

Գրության մեջ Շիրխանյանի զարկերակային ճնշման և առողջության վերաբերյալ տվյալներ էին նշված, որոնց համաձայն` Շիրխանյանը դատարան ներկայանալուն խոչընդոտող խնդիրներ չունի:

Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն այս առնչությամբ դիրքորոշում հայտնեց, որ եթե համապատասխան փաստաթուղթ կա, որի համաձայն Շիրխանյանն առհասարակ կարող է դատարան ներկայանալ, դա դեռ չի նշանակում, որ նա հենց այս պահին ի վիճակի է տեղափոխվել՝ նիստին մասնակցելու:

Ալումյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ ամբաստանյալներ Անտոն-Դիկրան Թոթոնջյանի և Արթուր Վարդանյանի միջև ոստիկան է նստած, որպեսզի վերջիններս միմյանց հետ շփվելու հնարավորություն չունենան: Եւ դա, Ալումյանի խոսքով, ճիշտ է, քանի որ այս երկու ամբաստանյալները նախաքննության ընթացքում միմյանց շահերին ու դիրքորոշումներին հակասող ցուցմունքներ են տվել:

Ալումյանը ամբաստանյալների միջև ոստիկանի նստելու հանգամանքը նշեց՝ ընդգծելու համար, որ չնայած այդ ամբաստանյալների շահերի ու դիրքորոշումների միջև հակասություններն ակնհայտ են, նրանց պաշտպանությունը համատեղ իրականացնում են նույն փաստաբանները՝ Լևոն Բաղդասարյանն ու Սիրուշ  Աղվանյանը:

Նշենք, որ նախկինում Ալումյանն այս հարցը բարձրացրել էր և դատարանին միջնորդել վարույթից հեռացնել Լևոն Բաղդասարյանին և Սիրուշ Աղվանյանին, սակայն դատարանը, հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքին, նշել էր, թե Ալումյանի մատնանշած հիմքով պաշտպանները ենթակա են վարույթից հեռացման, եթե կա ամբաստանյալների համաձայնությունը:

Ու թեև այս դեպքում ամբաստանյալներ Անտոն-Դիկրան Թոթոնջյանն ու Արթուր Վարդանյանը համաձայնել են, որ Լևոն Բաղդասարյանն ու Սիրուշ Աղվանյանը համատեղ իրականացնեն իրենց պաշտպանությունը, Ալումյանի խոսքով` այստեղ առկա է «Փաստաբանության մասին» օրենքի ակնհայտ խախտում:

Նշենք նաև, որ ամբասանյալ Անտոն-Դիկրան Թոթոնջյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Արթուր Վարդանյանը կալանքի տակ է:

Անտոն-Դիկրան Թոթոնջյանն իր ցուցմունքներից մեկում պատմել է. «Արթուրը պատկերացնում է, թե հեղաշրջումը Հայաստանում պետք է կատարվի՝ թեկուզ սպանությունների միջոցով»: Մինչդեռ Արթուր Վարդանյանը ցուցմունք է տվել, որ ինքը երբևիցե բռնի ճանապարհով հեղաշրջում կազմակերպելու ցանկություն, մտադրություն չի ունեցել և այդպիսի մտադրության մասին որևէ մեկին չէր կարող հայտնել:

Այսօրվա դատական նիստի ավարտին ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը հայտարարեց, որ երեկվանից հացադուլ է սկսել. ամբաստանյալը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի և ընտրված խափանման միջոցի` կալանքի հետ:

Դատական հաջորդ նիստը հոկտեմբերի 13-ին է:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ