HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրահայոց թեմի առաջնորդը՝ Գումբուրդոյի եկեղեցու, խաչքարի տեղադրման և սպասվող լուծումների մասին

Վրաստանի պատրիարքարանում կայացել է հանդիպում Վրաստանի պետական համապատասխան գերատեսչությունների, Վրաց ուղղափառ եկեղեցու և Հայ առաքելական  եկեղեցու ներկայացուցիչների միջև Գումբուրդո գյուղում խաչքարի տեղադրման շուրջ առաջացած միջադեպին լուծում տալու նպատակով: Արդյունքում, Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը, Վրաստանի առաքելական ուղղափառ եկեղեցին, Վիրահայոց թեմը, Վրաստանի Մշակույթի և հուշարձանների  պահպանության նախարարությունը և Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով  պետնախարարի աշխատակազմը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Այդ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը  հաստատում է, որ տաճարի նկատմամբ որևէ հավակնություն չունի, և այն համարվում է վրացական: 

Այս առիթով «Հետք»-ը զրուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

-Սրբազա´ն, համատեղ հայտարարությունը Դո՞ւք եք ստորագրել, և դրա մեջ չեք վիճարկում Գումբուրդոյի եկեղեցու հայկական չլինելը:

-Այո, ես եմ ստորագրել: Բայց ո՞վ է վիճարկում, որ ես վիճարկեմ: Դա պատմականորեն վաղուց ապացուցված վրացական եկեղեցի է, և որևէ մեկը չկա, որ ապացուցի, որ դա հայկական է:

-Հայկական ժառանգությունն ուսումնասիրող Սամվել Կարապետյանը գրել է, որ եկեղեցու տարածքում պահպանված բեկորված խաչքարերը փաստում են միջնադարում տեղում հայոց գերեզմանոցի գոյությունը, դրանք վերաբերում են առնվազն 15-րդ դարին և անուղղակիորեն վկայում են, որ Սբ. Համբարձման եկեղեցին արդեն այդ ժամանակաշրջանում օծված է եղել որպես հայ-առաքելական և գործել ըստ այդմ:

-Սամվել Կարապետյանը երբեք չի ասել, որ դա առաքելական եկեղեցի է եղել: Առաքելական եղել է նրա մի հատվածը՝ 1830 թվականին, երբ եկեղեցուն կից կառուցած գավիթը փայտերով սարքեցին որպես Համբարձման եկեղեցի: Ամբողջական այդ եկեղեցին երբեք առաքելական չի եղել, դա վրացական եկեղեցի է: Ճիշտը մնում է ճիշտ:

-Եկեղեցին շատ վաղուց ծառայել է տեղացի հայ բնակիչներին և օգտագործվել նրանց կողմից:

-Ամբողջական եկեղեցին չի օգտագործվել, օգտագործվել է նրա արևմտյան մասում կառուցված գավիթը: Ժամանակին՝ 1830-ականներին, երբ եկել են, դիմել են այն օրերի վրաց սինոդին, որ վրացական սինոդը թույլ տա դա ժամանակավոր օգտագործել որպես հայկական եկեղեցի: Եթե վրացական չէր, ինչու են դիմում վրացական սինոդին:

-Դիմել են և´ վրացական սինոդին, և´ Էջմիածնին:

-Այո, որովհետև այն օրերին Էջմիածնի սինոդն էր բոլոր հարցերը կարգավորում: Դրա համար Էջմիածնի սինոդը դիմում էր վրացական սինոդին: Եթե վրացապատկան չէր, ինչու պիտի հայերը դիմեին սինոդին՝ խնդրելով, որ նրանք թույլ տային:

-Նույն հաջողությամբ կարող ենք այն վիճահարույց 6 եկեղեցիների, օրինակ՝ Թբիլիսիի Սուրբ Նորաշենի և Ախալցխայի Սուրբ Նշանի մասին էլ արտահայտվել, որ վրացապատկա՞ն են եղել:

-Ոչ, նրանք երբեք վրացական չեն եղել, և վրացիներն էլ այդպես չեն ասում: Նրանք ասում են՝ հայկական են: Դրանք կառուցվել են փլված վրացական եկեղեցիների տեղում: Նրանք երբեք չեն հերքում, որ դրանք հայկական են:

-Տեղյա՞կ եք, թե երբ է Վրաց ուղղափառ եկեղեցին սեփականաշնորհել Գումբուրդոյի եկեղեցին:

-2000-ականներին կամ դրանից առաջ: Գուցե 90-ականներին: Եկեղեցին հիմա վերականգնում են այնպես, ինչպես եղել է 10-11-րդ դարերում: Այնտեղ հայկական մաս չկա: Մենք պիտի ուղիղ լինենք, որպեսզի իրենք էլ մեզ հետ ազնիվ լինեն, որպեսզի երբ մենք վաղը-մյուս օր պահանջենք, իրենք էլ նույն կերպ մոտենան մեզ հուզող հարցերին: Վրաստանի իշխանությունը և պատրիարքարանն իրոք շատ մտահոգված են և ամեն ինչ անում են, որպեսզի խնդիրը լուծվի նորմալ, մեր ժողովրդին էլ ոչնչով չնեղացնեն: Այնպես որ, աշխատանքը տարվում է: Վրացական կողմը շատ բարի ու դրական է տրամադրված մեր համայնքի և Հայաստանի նկատմամբ, որ այս ամբողջ հարցերը լուծվեն բարի կերպով: Պետք է այդ ուղղությամբ էլ աշխատենք:

-Գումբուրդոյի խաչքարի տեղադրման վերաբերյալ Վիրահայոց թեմը երբևէ նախաձեռնությամբ հանդես եկե՞լ է:

 -Երբեք: Դա մեր նախաձեռնությունը չէ, դա ժողովրդի նախաձեռնությունն է:

-Ձեզ չե՞ն դիմել, որ օծեք խաչքարը:

-Ժողովուրդն այդ բոլոր հարցերով նամակ էր հղել Հայաստանի և Վրաստանի ղեկավարներին և հոգևոր պետերին: Գնացել ենք, մեր ժողովրդի հետ հանդիպել ենք: Իմացել ենք, որ խաչքարի տեղադրման համար անպայման իրավունք է պետք: Եվ մենք էլ, միանալով նրանց, բանակցություն ենք վարում: Դա մեր խնդիրը չէր: Դա համայնքի, տեղական իշխանության և վրաց եկեղեցու խնդիրն էր: Մեր թեմը դրա հետ բացարձակ կապ չուներ: Ինչո՞ւ այդ եռանկյունը: Որովհետև եկեղեցին Վրաց ուղղափառ եկեղեցու սեփականությունն է: Խաչքարեր տեղադրելու թույլտվությունն իր տարածքում պիտի տար Վրաց ուղղափառ եկեղեցին, իսկ պետական իշխանությունն էլ, իր ժողովրդի հետ, իհարկե, պիտի բանակցեր այդ հարցերի հետ կապված: Եթե այդ եռանկյունը չի գործել, մենք` որպես թեմ, չէինք կարող մնալ հեռվում, որովհետև մեր ժողովուրդն է, դրա համար աշխատում ենք: Եվ ինձ թվում է՝ մոտ օրերս որոշակի լուրեր կունենանք: Լրատվությունը կտրվի նոր հանդիպումների մասին:

-Խաչքարի տեղադրման վերաբերյալ կա՞ վերջնական համաձայնություն:

-Խաչքարի հետ կապված՝ դեռևս չկա: Աշխատանք է տարվում, և կարևոր չէ…կարող է այդ խաչքարը չէ, այլ խաչքար տեղադրվի, այնպես որ՝ մենք չենք կենտրոնանում այդ խաչքարը տեղադրելու վրա, մենք այդտեղ այլ սկզբունքային հարցեր ենք լուծում մեր ժողովրդի համար: 

Մեկնաբանություններ (4)

Holdit
This is a typical everyday claim that Armenians make,saying that every Church etc, are Armenian is getting rediculous, or rather a laughing matter, after all Armenians always envied Georgians (not only) because of their cultural advencement and innovations. Armenians, despite centuries of collaboration and friendship still countinues to backstab Georgia and claim what is not theirs because why? Envy. Again, this is a laughing matter and no matter what Echmiadzin says, they completely lack arguments and come up with an absurd facts. And still many Armenians wonder why Georgians feel so cold towards them...
ArmaGedddon
Forget the Georgians. Armenians can´t trust them. In the future the Georgians will not exist. Maybe as a muslim turkified minority. If they don´t come closer with Russia and Armenia. I don´t think so. Javakh is Armenian, Artsakh is Armenian, Nahitchevan, Van, Kars, Erzurum, Trabzon, The Britisch Axeri Oil Fields in Baku are also origin Armenian Land!
դավիթ
Հազար անգամ է ասում ենք,որ տաճարը հայոց քաղկեդոնիկ կաթողիկոսության վերացումից հետո անցել է վրաց ուղղափառ եկեղեցու իրավասության տակ և անգամ հայ քաղկեդոնիկ հոգևորականները ընդունում էին օտար հունական, վրացական անվանումներ։Բյուզանդիայի անկումից հետո շատ քաղկեդոնիկ հայեր հատկապես Ջավախքում հարեցին Հայ Առաքելական Եկեղեցուն ոմանք էլ մահմեդականացան և այլն։Հիմա Ջավախքում չկա գյուղ ,որ իր կողքին չունենա կիսաավեր կամ ավերված հայ քաղկեդոնիկ եկեղեցի;Ինչ է հիմա ՀԱԵ-ին դրանք հերթով հանձնելու են մանավանդ այս ամենի հետևում կա քողարկված վտանգ ։Մի օր էլ կասեն ,որ հայերս այստեղ անկոչ հյուր ենք։
դավիթ
Սրբազանը պետք է մեկ հարցի պատասխանի թե գյուղ,որտեղ դարմանի համար մի վրացի չի ապրել ինչու է կառուցվել այդ տաճարը։Հակառակի պես Գումբուրդոն հիշատակվում է,որպես հայկական գյող 6-րդ դարից մինչ այսօր։ՀԱԵ - ին գերազանց իմանալով,որ այս տաճարը հայ քաղկեդոնիկ է ինչ որ առևտրի մեջ է։Վեհափառը անհապաղ պետք է այս հոգևորականներին տեղափոխի այլ թեմեր ։Այդ ուղղափառ ընկերները սրանց աքիլլեսյան գարշաբարի հետ երևում է խաղացել են։Սրանց փոփոխելու համար դիմեցինք Վեհափառին ,բայց ավախ։Հատկապես Էթնոցիդի քաղաքականություն վարող Սահակաշվիլու ժամանակ սրանք շատ երջանիկ էին ;Իրենց տեղափոխելը իրավիճակի լավագույն հանգուցալուծումնէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter