Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի

Կոնստանտին Օրբելյան․ «Որքան մեր բեմադրությունները գեղեցիկ, կատարումները շքեղ լինեն, այնքան մենք հայտնի ու պահանջված կլինենք աշխարհում»


Գագիկ Աղբալյան

Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոր ծրագրերի պակաս չկա։ Թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասում է, որ ձգտում է հնարավորինս շատ նոր բեմադրություններ անել: Այդ նպատակով նա բանակցություններ է վարում տարբեր օպերային թատրոնների ղեկավարների, հիմնադրամների, մեկենասների հետ։ Այս օրերին Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնից դեպի Երեւան են շարժվել 4 մեծ բեռնատարներ՝ բեռնված զգեստներով եւ դեկորներով:  Նոյեմբերի 26-ին տեղի կուեննա Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերայի պրեմիերան: Գլխավոր դերում հանդես կգա «Ոսկե դիմակ»-ի մրցանակակիր Լիպարիտ Ավետիսյանը։

«Հետքի» հետ զրույցում Կոնստանտին Օրբելյանն անկեղծանում է առաջիկա ծրագրերի, օպերային թատրոններին հատուկ խարդավանքների, ներդրումների եւ այլնի վերաբերյալ։

- Պարոն Օրբելյան, ձեր նշանակումը օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում նաեւ ոչ երաժշտական իրադարձություններով նշանավորվեց։ Բոյկոտ թատրոնում, ինտրիգներ, կրճատումներ եւ այլն։ Հիմա ի՞նչ մթնոլորտ է թատրոնում։

- Եթե ես իմանայի, թե ով ինչ է ուզում, հեշտ կլիներ լուծում տալ խնդիրներին։ Իմ լիազորությունների փոփոխություններն այնքան արագ տեղի ունեցան, որ բարդ էր պարզել, թե ինչն ինչոց է։ Թատրոնում 700 մարդ է աշխատել, այն շատ բարդ օրգանիզմ է, բնականաբար, ես չգիտեմ՝ ով ում ընկերն է կամ հակառակորդը։

Դրույքների կրճատումն ուղղակի անհրաժեշտություն էր եւ վերեւից հանձնարարական: Ես բավականաչափ ընկերասեր մարդ եմ, սիրում եմ իմ գործը, եւ այդ կրճատումներն ու ազատումներն ինձ համար նոր երեւույթ են։ Ինչեւէ, եթե պետք է՝ ուրեմն պետք է։

Հիմա մենք առաջ գնալու մասին ենք մտածում։ Նոր բեմադրությունների եւ գաղափարների առումով բավականին հետաքրքիր է։

- Ի՞նչ նորություններ կան թատրոնում։

- Հիմա մեզ մոտ որակավորման գործընթաց է, բալետայինն ավարտվել է, ընթանում է երգչախմբայինը։ Դրանց արդյունքում ունենք բալետի նոր ղեկավար՝ Արմեն Գրիգորյան, եւ երգչախմբային նոր ղեկավար՝ Կարեն Սարգսյան, փայլուն մասնագետ։

Բանակցում ենք բալետմեյստեր Հենրիխ Մայորովի հետ, որպեսզի մեր թատրոնում ներկայացնենք Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետը։ Վերջապես սա առաջին մանկական ներկայացումն է մեր թատրոնում։ Ես հիմա բանակցում եմ Մոսկվայի Մեծ թատրոնի հետ, որպեսզի ընդառաջեն զգեստների հարցում։ Եթե մեզ որոշակի ժամանակով տրամադրեն՝ լավ, եթե ոչ` պայմանավորվել ենք անվանի թատերական նկարիչ Լեւենտալի դստեր հետ, որը զգեստների հեղինակն է, դրանք կրկնօրինակելու համար։    

- Նոր բեմադրություններից կոնկրետ որո՞նք կլինեն 85-րդ թատերաշրջանում։

- Բացի «Մանոնը», կհասցնենք բեմադրել նաեւ «Չիպոլինոն», Պուչինիի եռերգությունը՝ երեք օպերաներ՝ «Ջաննի Սկիկի», «Իլ Տաբարո» եւ «Քույր Անժելիկա»։ Այս տրիպտիխում զբաղված են լինելու 38 սոլիստներ։ Ես ուզում եմ այնպես անել, որ մեր սոլիստները միշտ զբաղված լինեն։ Կբեմադրենք նաեւ Չուխաճյանի «Կարինեն» եւ «Արշակ Երկրորդը»՝ օրիգինալով, իտալերեն։

Այն, ինչ մենք լսում ենք Թովմաս Թերզյանի խմբագրմամբ, այնքան էլ Չուխաճյան չէ։ Իրականում, բնագրում Արշակ 2-րդն այնքան էլ դրական կերպար չէ։ Պարզապես սովետական շրջանում ցանկացել են ներկայացնել որպես բարի կերպար։

- Դուք ցանկանում էիք երաժշտական գործակալների ուշադրությունը հրավիրել մեր թատրոնի վրա։ Այդ առումով նորություն կա՞։

- Մեզ վաճառել կարողանալու համար պետք է հասնենք վարպետության հաջորդ մակարդակին։ Այստեղ գործակալներ են եղել, նրանք լսել են մեր մենակատարներին։ Բարիտոն Գեւորգ Հակոբյանն արդեն համագործակցում է աշխարհի լավագույն գործակալություններից մեկի հետ, որը նաեւ Դմիտրի Խվորոստովսկու գործերով է զբաղվում։ Դրա շնորհիվ Հակոբյանն առաջիկայում Մեծ թատրոնում հանդես կգա Ռիմսկի-Կորսակովի «Կայսերական հարսնացուն» օպերայում, Գրյազնոյի դերում։ Մեզնից բոլորը չէ, որ գերաստղ են, բայց նրանք, ովքեր առանձնանում են, այսօր ավելի հետաքրքիր գործակալների հետ են աշխատում, քան նախկինում։ Այդ առումով ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Երբ մեր նոր բեմադրությունները ավելի հետաքրքիր եւ գեղեցիկ լինեն, մենք ավելի պահանջված կլինենք։

- Ի՞նչ ուղղությամբ է պետք աշխատել, որպեսզի թատրոնն ավելի մեծ ճանաչում ունենա, գործակալների համար էլ առավել հետաքրքիր լինենք։

- Որակ է պետք՝ նվագախմբում, երգչախմբում, ամենուր։ Եվ վերջին 2-3 ամիսներին որակի փոփոխություն կա, երբ հայտնվեցին էներգիայով լեցուն եւ խիստ ղեկավարներ։ Պետք է բավականին լավ պատրաստված լինել։ Սրանք դժվար մասնագիտություններ են։

- Ժամանակակից օպերային եւ բալետային բեմադրությունները մեծ գումարներ են պահանջում։ Փոքր երկրի համար իրատեսակա՞ն է՝ լուրջ ճանաչում ձեռք բերել:

- Իհարկե, մենք չենք կարող ամեն բեմադրության համար 200-300 հազար դոլար ծախսել։ Ես ուզում եմ այնպես անել, որ մեր մենակատարներին այստեղ ավելի հետաքրքիր լինի, որպեսզի քիչ շրջագայեն դեպի այլ թատրոններ։ Բայց դրա համար մեզ նորմալ խաղացանկ է հարկավոր։ Ես աստիճանաբար խաղացանկում ավելացնելու եմ երիտասարդ արտիստներին հարմար բեմադրություններ։ «Տրուբադուրը», «Կարմենը», «Աիդան»՝ սրանք հասուն, արդեն ձեւավորված ձայնի համար են։ Մեզ մոտ բացակայում է օպերա-բուֆֆան՝ մոցարտյան օպերաները, Ռոսինիի օպերաները, Դոնիցետիի սիրառատ գործերը, որոնք ոչ միայն տեղի երիտասարդ արտիստներին են անհրաժեշտ, այլեւ կհետաքրքրեն թեկուզ հենց Մոսկվայի երգիչներին, որոնք օպերային կարիերա ստեղծելու համար կշտապեին Երեւան։

Իսկ մերոնք ստիպված են մեկնել այլ երկրներ, քանի որ մեր թատրոնում երիտասարդներին հարմար ռեպերտուար չկա։ Պարզապես նախկինում դրանք չեն արվել, եւ ես չեմ կարող մեկ ամսվա մեջ իրավիճակը շտկել։ Աստիճանաբար կհասնենք դրան։

- Երկար տարիներ Հայաստանում ասում էին՝ փող չկա, ի՞նչ օպերայի մասին կարող է խոսք լինել։ Ձեր նշանակումից հետո նոր բեմադրություններ են արվում: Ինչպե՞ս է դա հնարավոր։

- Շատ պարզ։ Պետք է անել՝ եւ վերջ։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես յուրաքանչյուր տարի գոնե մեկ նոր բեմադրություն չի արվել։ Հոկտեմբերին մենք «Տոսկայի» պրեմիերային ենք պատրաստվում, իսկ դրանից առաջ վերջին պրեմիերան եղել է մոտ 10 տարի առաջ։ Բալետային պրեմիերան նույնպես հայտնի չէ՝ երբ է եղել։ Մինչեւ «Դիմակահանդեսը» վերջին պրեմիերան տեղի է ունեցել 7-8 տարի առաջ։

Ինձ նշանակել են աշխատելու համար։ Ես առաջադրանք ունեմ։ Ես բերում եմ, ես անում եմ, ես զբաղվում եմ, ի՞նչ է նշանակում՝ ցանկություն կա, չկա։

- Ասում են, որ դուք պետական միջոցներից մեծ գումարներ չեք ծախսում բեմադրությունների համար, փորձում եք ավելի շատ ներդրողներ գտնել։ Որքանո՞վ է սա ճշմարտություն։

- Ես, ինչ է, նախագահից պետք է գումա՞ր խնդրեմ։

- Բոլորն են խնդրում։

- Բայց հատկացումները բանակի՞ն, կրթությա՞նը, թե՞ օպերային թատրոնին պետք է ուղղվեն։ Ես չեմ կարող այդ հարցը վճռել: Ես հնարավորություն ունեմ ներդրողներ գտնելու։ Վերջերս համագործակցություն ենք սկսել «Արդշինբանկի» հետ։ Եվ դա պետք է շարունակվի։

Ես փնտրում եմ մեկենասների, ներդրողների, ովքեր կցանկանան օպերային թատրոնում գումար ներդնել։ Հասկանու՞մ եք, սա հայերի միակ օպերային թատրոնն է աշխարհում։ Երկրորդ հայկական օպերային թատրոն աշխարհում չկա։

Իսկ հայերն ամենուր են։ Կան հարուստ ու ազդեցիկ հայեր։ Որքան մեր բեմադրությունները գեղեցիկ, ու կատարումները շքեղ լինեն, այնքան մենք հայտնի ու պահանջված կլինենք աշխարհում, այնքան մեկենասություններ կունենանք։ Ամեն ինչ մեզնից է կախված եւ մեր նվիրումից։

- Էլ ում հետ եք բանակցություններ վարել այս հարցով։

- Կան տարբեր եվրոպական հիմնադրամներ, որոնք դրամաշնորհներ են տալիս։ Մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով։ Տեսնենք՝ ինչ կլինի։

- Մշակույթի նախարարությունը բարձր է գնահատել վերջին 6 ամիսների աշխատանքը։ Մասնավորապես ինչի՞ մասին է խոսքը։

- Այն, որ մարդիկ էլի սկսել են թատրոնի տոմս գնել։ Նախարարությանը մեկ ցուցանիշ է հետաքրքրում՝ տոմսերի վաճառքը նախորդ տարվա համեմատ 30 տոկոսով աճել է։ Ընդ որում, ներկայացումների ցանկը չի փոխվել։

- Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված հետաքրքրության նման աճը։

- Մարդիկ սկսել են լավ աշխատել, լավ պարել, լավ երգել։ Չեմ ուզում ինձ գովաբանել, բայց միգուցե իմ ազգանունն էլ է հետաքրքրություն առաջացրել թատրոնի նկատմամբ։ Ինչ-որ մեկը արթնացել է եւ հասկացել՝ օպերային թատրոնում ինչ-որ բան է տեղի ունենում, պետք է գնալ։ Ես ուզում եմ այնպես անել, որ մարդիկ ձգտեն գալ։

- Թատրոնում աշխատավարձերի բարձրացում կլինի՞։

- Հուսով եմ։ Կրճատումները տեղի են ունեցել նաեւ գումար խնայելու համար, ինչը թույլ կտա նաեւ հավելումներ անել աշխատավարձերին։ Մենք կարող ենք արտիստներից պահանջել աշխատել օրը երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան, եւ վճարել ըստ արժանվույն։ Այլապես իմաստ չկա գումար խնայելու։

- Մաեստրո, խոսակցություններ կան, որ շատ լուրջ դիրք ունեցող մարդիկ փորձել են միջամտել թատրոնի գործերին, եւ Դուք մի պահ ցանկացել եք հեռանալ Երեւանից։

- Ոչ։ Ես չեմ պատրաստվում ոչինչ թողնել։ Հակառակը, ես այստեղ եմ նախագահի եւ առաջին տիկնոջ հրավերով։ Եթե նրանք ցանկանում են, որ ես այստեղ մնամ, ես կմնամ։ Մնացած մարդիկ ինձ չեն հետաքրքրում։

- Օպերային թատրոնում միշտ ինտրիգներ են եղել։ Կա՞ն մարդիկ, ում առաջ դռները փակ են։

- Ոչ։ Եթե մարդն իր գործը լավ է անում, հակառակը, ես հետաքրքրված եմ, որ նա մնա։ Եթե նա իր գործը լավ չի անում, ոչ մի թատրոնի պետք չի։

- Սպասվում էր, որ ձեր գալով ոչ միայն երիտասարդ արտիստները, այլեւ վաստակավորները մշտապես կլինեն երեւանյան թատրոնի բեմում, այդ թվում՝ Հասմիկ Պապյանը։ Առաջիկայում երգչուհու հետ կապված ի՞նչ նախագծեր կան:

- Ոչ միայն Հասմիկ Պապյանը, այլեւ Բարսեղ Թումանյանը միշտ պահանջված են։ Այդ մարդիկ բավականաչափ պահանջված են աշխարհում եւ շատ զբաղված են։ Չեմ կարծում՝ սպասում են իմ հրավերին։ Նրանք իրենց գործն են անում, վաստակում են, զբաղված են տարբեր ներկայացումներում։ Այնպես որ, երբ համատեղ քննարկենք՝ ինչ ենք անում, ինչ անելիքներ կան, նրանք սիրով կերգեն մեր թատրոնում։

Մենք դրսի արտիստներին հետեւում ենք։ Կան էլի անուններ, հրաշալի ձայներ՝ Մկրտիչ Բաբաջանյան, Կարինե Բաբաջանյան, Ռոդիոն Պողոսով եւ այլն։ Ես ընդհանրապես մտադիր եմ Երեւան հրավիրել բոլոր հայերին։

- Վերջին շրջանում զբոսաշրջիկներ շատ եմ տեսնում թատրոնում։ Տպավորություն է, որ տուր-օպերատորների հետ համագործակցություն կա։

- Զբոսաշրջիկներին հետաքրքրում են հայկական բեմադրությունները։ Մեր սեզոնային զբաղվածությունը պետք է խիստ կանոնակարգված լինի։ Հունիսին, հուլիսին, օգոստոսին շատ զբոսաշրջիկներ կան, եւ նրանք գալիս են թատրոն։

«Գայանե» բալետի հոբելյանական ներկայացմանը, որը նվագախումբը տապալեց, 400 զբոսաշրջիկ կար դահլիճում։ Հիմա փորձում ենք տուր-օպերատորների հետ համաձայնության գալ, որպեսզի նրանք փաթեթների հետ վաճառեն նաեւ օպերային թատրոնի տոմսեր։

Ես ուզում եմ, որ բոլորի հետ աշխատենք, վերականգնենք ուսանողական տոմսերի համակարգը, նույնը՝ տարեցների համար։ Դպրոցականներին բերենք թատրոն։

Մեր աստղերին մարդիկ պետք է ճանաչեն փողոցում։ Նրանք պետք է մեդիայի դեմքեր դառնան։ Օրինակ` երբ մենակատարները Հասմիկ Թորոսյանը կամ Լիպարիտ Ավետիսյանն են, դահլիճը պետք է լեփ-լեցուն լինի։ Բայց դրան մենք ինքներս պետք է հասնենք։

Եվրոպայում կարեւոր չէ, թե ինչ օպերա է ներկայացված աֆիշայի վրա, մարդիկ կարդում են մենակատարի անունը։ Սա նաեւ մրցակցություն է ծնում արտիստների միջեւ, հաղթելու նրանց ներքին ցանկության վրա ազդեցություն է ունենում։

- Թատրոնին առնչվող ձեր պլանները որքանո՞վ են երկարաժամկետ, եւ՝ ո՞ր դեպքում կլքեք ձեր պաշտոնը։

- Միայն եթե թատրոնը փակվի (ծիծաղում է)։ Բայց ես պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի այն միայն զարգանա։ Ես դեռ ընդամենը եկել եմ, դեռ ոչինչ չեմ արել։ Այն, ինչ ընթացքի մեջ է, միայն սկիզբն է։ Ես միայն նոր եմ փորձում հասկանալ՝ էստեղ ինչ կանոններ են գործում։ Ամեն ինչ բարդ է։

Այն, ինչ ինձ է հաճելի, անխտիր բոլորի բարյացակամությունն է։ Մոսկվայի Մեծ եւ Ստանիսլավսկու անվան թատրոնները, Վալերի Գերգիեւը, Մետրոպոլիտեն օպերան, բոլորն իմ հանդեպ բարյացակամ են, բոլորն ուզում են որեւէ հարցով օգնել։ Ընդ որում՝ անշահախնդիր։

Ես արդեն երկու անգամ Երեւան եմ հրավիրել Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրենի տեղակալին, նա հանճարեղ մարդ է եւ այստեղ աշխատել է մեր երգիչների հետ։ Այստեղ եմ բերել Մետրոպոլիտեն օպերատորի գլխավոր կոնցերտմեյստերին, Վարշավայի օպերայի գլխավոր կոնցերտմեյստերին։ Մեր դաշնակահարները լավն են, բայց արդեն բոլորը բոլորից ձանձրանում են։ Բոլորը մերոնց ճանաչում են։ Պետք է փոխել դիրիժորներին, բեմադրիչներին, մյուսներին, եւ ոչ թե փոխել, այլ պարզապես մշտապես ինչ-որ նոր դեմքերի բերել։ Ես ինքս էլ 20 տարի նվագախումբ եմ ղեկավարել։ Որքան էլ լավը լինի դիրիժորը, բայց նվագախումբն անընդհատ նույն մարդու երեսն է տեսնում։

Պետք է առողջ մրցակցություն ստեղծել։ Դա է հետաքրքիր։

Բեմական լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի

 


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։