HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ինչպիսի մրցակցություն է լինելու Հայաստանի խոշոր քաղաքների ՏԻՄ ընտրություններում

Նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք խոշոր քաղաքներում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ, սակայն ըստ առաջադրումների՝ խոշոր համայնքներում մեծ մրցակցություն չի սպասվում։ Թեկնածություններ հիմնականում առաջադրել է իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, Բարգավաճ Հայաստանը կպայքարի մի քանի համայնքներում, իսկ «Ելք»-ը որևէ տեղ թեկնածու չունի։ Ներկայացնենք սպասվող ընտրություններում առավել խոշոր համայնքների առաջադրումները։

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում առաջադրվել է երկու թեկնածու, ընդ որում` մեկը ՀՀԿ-ի կողմից առաջադրված Կարեն Եղիազարյանն է՝ «Գնթունիք» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը, մյուսը` ինքնառաջադրված նույն ընկերության գլխավոր հաշվապահը՝ անկուսակցական Հովհաննես Ալեքսանյանը։ Գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանի թեկնածությունը, ստացվում է, ՀՀԿ-ն չի առաջադրել։

Արագածոտնի մարզի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից «Հետք»-ը հետաքրքվեց՝ ո՞րն է պատճառը, որ գործող քաղաքապետի թեկնածությունը ՀՀԿ-ն չի առաջադրել, դժգո՞հ են վերջինիս աշխատանքից: Սահակյանը, սակայն, վստահեցրեց, որ քաղաքապետն ինքը չի ցանկացել առաջադրվել։ Իսկ հարցին, թե ինչու է ՀՀԿ-ի ընտրությունը կանգ առել հենց Եղիազարյանի թեկնածության վրա, նախկին մարզպետն ասաց, որ նա հաջողված երիտասարդ գործարար է, ուստի ցանկանում են տեսնել քաղաքականության մեջ։

Ապարանի գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքների խոշորացմամբ է պայմանավորված ընտրություններին չմասնակցելու իր որոշումը։

«Դա մեծ պատասխանատվություն է, իբր մի համայնքը շատ էինք յոլա տանում, հիմա էլ այդքան համայնք, ես առողջական խնդիրներ ունեմ, չեմ կարող»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է տեղը զիջել երիտասարդներին։ Խոսելով հարազատ կուսակցության՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի մասին՝ Աբրահամյանն ասաց, որ վերջինս հաջողված գործարար է, և կարող է դրսևորվել նաև քաղաքականության մեջ։

Արարատի մարզի Արարատ քաղաքում առաջադրված է երկու թեկնածու՝ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկ Հայկյանը և ինքնառաջադրված անկուսակցական Արտյոմ Պողոսյանը։

Գեղարքունիքի Վարդենիս համայնքում առաջադված է երեք թկնածու․ ՀՀԿ-ն սատարում է գործող քաղաքապետի՝ Վոլոդյա Խլոյանի թեկնածությունը։ Գեղարքունիքի մարզպետարանի ՍԱՏԳ-Ի ՊԵՏ ՀՀԿ-ական Արամ Հարությունյանն ինքնառաջադրվել է, «Լիկա Ալեն» ՍՊԸ-ի հիմնադիր Կարեն Մկրտչյանը ևս ինքնառաջադրված թեկնածու է։

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դեռևս միայն մեկ թեկնածու է առաջադրվել՝ Լոռու մարզպետարանի «Կանանց և երեխաների իրավունքների» բաժնի պետ Սասուն Խաչումյանը։ Ալավերդու գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի առաջադրվելու՝ այլ աշխատանքի է անցելու, սակայն մանրամասներ չասաց։

«Բան չի մնացել, մի քիչ համբերեք՝ կիմանաք»,- ասաց նա։

Լոռու մարզի Ախթալա համայնքում դեռևս մեկ թեկնածու է առաջադրվել` նախկին Ճոճկան համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Արկադի Թամազյանը։ Վերջինս, սակայն, ինքնառաջադրված է։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը կառաջադրի գործող համայնքապետ Հայկազ Խաչիկյանի թեկնածությունը։

Ամենայն հավանականությամբ մրցակցություն չի լինի Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում․ այստեղ դեռևս մեկական թեկնածու է առաջադրված իշխող ուժի կողմից՝ Տաշիրի գործող քաղաքապետ Էդգար Արշակյանը և Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաշեքիշյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայքի մարզում ԲՀԿ-ն մասնակցում է ընտրապայքարին։ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին առաջադրել է ԲՀԿ-ն: Այստեղ առաջադրվել է ևս մեկ թեկնածու՝ անկուսակցական Հայկ Եղյանը։  

Նույն մարզի Ջրվեժ համայնքում մեկ թեկնածու է առաջադրվել՝ ԲՀԿ-ական Ռոբերտ Պետրոսյանը՝ Ջրվեժ համայնքի ղեկավարը։ Նկատենք, սակայն, որ Պետրոսյանն ինքնառաջադրվել է։

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ՀՀԿ-ն կրկին գործող համայնքապետին է առաջադրել՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդուն՝ Հակոբ Շահգալդյանին։ Հիշեցնենք, որ Շահգադլյանը դեռ 2007-ից ղեկավարում է Չարենցավանը։

Սյունիքի մարզի Կապան քաղաքում երկու թեկնածու է առաջադրվել՝ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և ինքնառաջադրված նախկին Վերին Խոտանան համայնքի ղեկավար Կարեն Հակոբյանը։

Սիսիանում մրցակցությունը Հանրապետականի և Բարգավաճի միջև է, այստեղ առաջադրված են համայնքի ՀՀԿ-ական քաղաքապետ Արթուր Սարգսյանը և ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանը։ Վերջինս «Բարձրավոլտ ցանցեր» ՓԲԸ-ում բաժնի պետ է։ Քաջարանում միայն համայնքի ղեկավարն է առաջադրված՝ ՀՀԿ-ական Մանվել Փարամազյանը։

Վայոց Ձորի Արենի համայնքում մրցակցելու են Հանրապետականները, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամը։ ՀՀԿ-ն այստեղ սատարում է ոչ թե համայնքի ղեկավարին, այլ նախկին Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանին: Արենի համայնքի անկուսակցական ղեկավար Րաֆֆի Խաչատրյանը ինքնառաջադրվել է։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն Արենի համայնքում առաջադրել է նախկին Արփի համայնքի ղեկավար Ռազմիկ Վարդանյանին։

Տավուշի մարզի Բերդ համայնքում մրցակիցները երկու ՀՀԿ-ական են․ գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանը և Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը։ Ուշագրավ է, որ երկու թեկնածուներն էլ ինքնառաջադրված են։

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունները պայմանավորված են համայնքների խոշորացման ծրագրով․ կառավարությունն առաջարկել էր միավորել 328 համայնք, ինչի արդյունքում կձևավորվի 34 համայնք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter