HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վստահ եմ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի՝ չնայած վատատեսական գնահատականներին․ Նաիրա Զոհրաբյան

Թեև մի քանի անգամ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարվել է, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում ստորագրվելու է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, սակայն քաղաքագիտական շրջանակներում հաճախ են թերահավատորեն մոտենում փաստաթղթի ստորագրման հավանականությանը։ Որպես հիմնավորում՝ հիշեցնում են Հայաստանի իշխանությունների կողմից դեռևս 2013 թվականի ԵՄ Ասոցացման համաձայնագրից հրաժարման փաստը։

Փաստաթղթի ստորագրումն ի՞նչ կարող է տալ Հայաստանին, որքանո՞վ կարող է նպաստել վիզաների ազատականացման գործընթացին և արդյո՞ք մտահոգություններ կան ստորագրման հարցում. այս մասին «Հետք»-ը զրուցել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

- Տիկին Զոհրաբյան, Ձեր գնահատմամբ՝ համաձայնագիրն ի՞նչ կարող է տալ Հայաստանին։

- Համաձայնագիրն իր մեջ ներառում է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակույթ, գիտություն, կրթություն, թե՛ փոքր ու միջին ձեռներեցության աջակցություն, թե՛ դատաիրավական բարեփոխումների աջակցություն․․․ Այսինքն մեր քաղաքական, տնտեսական կեցության բոլոր ոլորտներին առնչվող շրջանակային լայն համաձայնագիր է։

Ես վստահ եմ, որ համաձայնագիրը նոյեմբերի 24-ին ամպայման կստորագրվի՝ չնայած տարբեր կողմերից հնչող  վատատեսական գնահատականների։ Իսկապես լուրջ բարեփոխումների խթան կարող է հանդիսանալ այն։

Ի վերջո, նայելով ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերին, կարելի է համոզվել դրանում, ինչպես օրինակ՝ «Հորիզոն-2020» ծրագիրը, որն անդամ երկրների համար նախատեսված աննախադեպ մեծ բյուջե ունի՝ 80 միլիարդ։ Հայաստանն արդեն մեկ տարի անդամակցում է այդ ծրագրին, և միայն անցած տարվա ընթացքում 14 գիտական լրջական պրոյեկտներ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվել են։ Ինչպես նաև «Ստեղծագործ Եվրոպա» բաղադրիչին միանալն է կարևոր, որն իսկապես մշակութային համագործակցության համար մեծ տեսլական է բացելու։ Իհարկե կարևորագույն կոմպոնենտներից շարունակում է մնալ վիզաների ազատականացման գործընթացը, որի մեկնարկի շուրջ բանակցությունները շարունակվում են։

Ես ուզում եմ լինել լավատես, հատկապես այն պարագայում, որ Հայաստանը դեռևս 2013 թվականին վավերացրել է ԵՄ-ի հետ ռեադմիսիայի՝ հետընդունման համաձայնագիրը (խոսքը այաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման վերաբերյալ որոշմանը մասին է - հեղ․)։ Առանձին երկրների հետ վավերացրել ենք այդ համաձայնագիրը, ուստի հույս ունեմ, որ բրյուսելյան գագաթաժողովում համաձայնագրի ստորագրումից հետո կսկսվեն մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ բանակցությունները, որովհետև Արևելյան Գործընկերության կարևոր բաղադիչներից մեկը անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժի բացառիկ իրավունքն է, որը պետք է հարգվի։

Երեկ մենք հանդիպել ենք ԵՄ Անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներին՝ 38 երկրներից դեսպանների: Պիտի ասեմ, որ բավականին շահագրգիռ քննարկում է եղել՝ այդ թվում զգայուն խնդիրների վերաբերյալ։

- Ձեր վստահություն, որ փաստաթուղը ստորագրվելու է, ինչո՞վ է պայմանավորված, մտավախություն չկա՞, որ կարող է 2013-ի սցենարը կրկնվել։

- Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանը լուրջ երկիր է, չեմ կարծում, որ ամեն ինչ կարող է հասնել անլրջության այն աստիճանի, որ մենք ևս մեկ անգամ հետ կանգնենք այն լրջագույն համաձայնությունից, որը ձեռք է բերվել։

- Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ այս փաստաթղթին պետք չէ մեծ կարևորություն տալ, այն չի կարող Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջադարձային դեր ունենալ: Որքանո՞վ եք համամիտ և Ձեր կարծիքով՝ ստորագրումն ինչքանո՞վ կնպաստի վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին։

- Ես չէի ցանկանա փաստաթղթի ստորագրումը կապել վիզաների ազատականացման գործընթացի բանակցություններ սկսելու հետ։ Ազատականացան գործընթացի բանակցությունները շատ այլ խնդիրներից են կախված։

Իհարկե ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հայտարարությունն, ըստ որի՝ շատ բան կախված է նրանից, թե Հայաստանը որքանով ճիշտ կկատարի իր տնային աշխատանքը, բավականին նյարդայնացրել էր մեր բազմաթիվ պաշտոնյաների, բայց ես կարծում եմ, որ իմիտացիաների, ֆռռացնելու, ժամանակ ձգելու, ասելու և չանելու, ընդամենը թղթի վրա հայտարարություններ անելու ժամանակները անցել են։ Կա՛մ կարողանում ենք բարեփոխել համակարգերը, գնում ենք բարեփոխումների ոչ թե խոսքերով, այլ  կոնկրետ գործողություններով, և դրա դիմաց ստանում ենք օգուտներ, կա՛մ երկիրը տանում ենք փակուղի։ Այդ առումով համաձայն եմ՝ որևէ համաձայնագիր չի կարող ոչինչ փոխել, եթե դրույթները շարունակելու են մնան թղթի վրա։

- Տիկին Զոհրաբյան, դեռ մի քանի ամիս առաջ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտրի Սվիտալսկին հայտարարեց, որ մինչ մի քանի օրենսդրական նախաձեռնություններ կյանքի չկոչվեն, ինչպես օրինակ ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքն է, և կոռուպցիայի դեմ ռեալ պայքար չլինի, վիզաների ազատականացման մասին մտածելն անգամ վաղ է։ Հիմա էլ խոսում է տնային առաջադրանքների մասին: Մտավախություն չկա՞, որ Եվրոպան ինքը կարող է հրաժարվել փաստաթղթից, քանի դեռ չի տեսնում ռեալ փոփոխություններ։

- Հայտնի ֆորմուլա կա՝ երբեք մի ասա երբեք, բայց ես կրկնում եմ, ես գրեթե բացառում եմ, որ համաձայնագիրը չստորագրվի։ Ինչ վերաբերում է օրինակ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունմանը, ասեմ, որ այսօր Եվրոապական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստ էինք հրավիրել, և հանձնաժողովը որոշեց այդ նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ խորհրդարանական լսումներ իրականացնել։

Ես չեմ կարծում, որ ցանկացած օրենք՝ այդ թվում ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը, պետք է արևմտյան մոդելը վերցնենք և ուղղակիորեն արտատպենք, ընդամենը թարգմանենք և փորձենք կիրառել։ Մենք պիտի հաշվի առնենք  մեր ազգային ավանդույթները, ընտանիքի հայկական մոդելը, որն էականորեն ու դրականորեն տարբերվում է բազմաթիվ այլ երկրների ընտանեկան մոդելներից։

Այսօր լուրջ քննարկում ունեցանք այդ խնդրի վերաբերյալ։ Նախագիծը դեռևս նախորդ խորհրդարանում աղմկահարույց պատմություն ունեցավ և օրակարգ չներառվեց, քննարկման փուլում հետ կանչվեց: Այս տարբերակում ևս ես ինքս տեսնում եմ վիճահարույց դրույթներ, որոնք խնդիրներ են առաջացնելու մեր մենթալիտետի, հանրային ընկալման հետ։

Գիտեք, որ հասարակական կազմակերպությունները այս թեմայով երկու ճամբարի են բաժանված, մենք քննարկմանը հավասար ձայնի իրավունք ենք տալու բոլորին՝ և՛ այն ՀԿ-ներին, որոնք կատեգորիկ դեմ են նման օրենքի ընդունմանը, և՛ նրանց, ովքեր պաշտպանում են օրենքը։ Հրավիրված են լինելու նաև եկեղեցու ներկայացուցիչներ, որոնք ևս իրենց տեսակետները կներկայացնեն։

Երեկ դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձ եղավ նաև այս օրենքին, մենք նշեցինք, որ չէինք ցանկանա համաձայնագրի ստորագրումը կամ ազատականացումը կապել այս կամ այն օրենքի հետ, որովհետև օրենքը պիտի ազգային միջավայրում լինի ընկալելի ու ընդունելի։

- Իսկ ինչպիսի՞ն էր իրենց արձագանքը։

- Իրենք ընդունում են, որ որևէ օրենք արհեստականորեն բերել ու փորձել ներարկելն անընդունելի է, ավելին՝ այն ոչ միայն չի աշխատելու, այլ կարող է ավելի բացասական հետևանքներ ունենալ, ինչքան էլ իդեաներն ու մոտիվացիները լինեն բարի։

- Օրեր առաջ հայաստանյան բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը դեսպան Սվիտալսկին անդրադարձավ Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության ծրագրին՝ նեղսրտելով, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները Հայաստանի համար որպես գերակա ճյուղ 19-րդն է: Եթե ԵՄ-ի հետ հարաբերությունները կարևորվում են ՀՀ-ի համար, ինչո՞ւ համապատասխան փաստաթղթերում այդ կարևորությունը չի արտացոլվում։

- Դա երևի թե մեսիջ է, բայց ինձ համար այնքան էլ կարևոր չէ, թե թղթի վրա որ տեղում է գրված, ինչքան որ կարևոր է, թե ինչքանով ենք պատրաստ իսկապես իմիտացիոն հայտարարություններից անցնել գործնական քայլերի։ Մենք ունենք երկրի անվտանգությանը սպառնացող հիմնախնդիրների մեծ բլոկ՝ կոռուպցիա, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, արդար կառավարում, ստվերային տնտեսություն, որտեղ մեր հիմնական դաշնակիցը Եվրոպական միությունն է։ Ես շատ գնահատում եմ պարոն Սվիտալսկուն, որն իսկապես շահագրգիռ է այս բարեփոխումները հնարավորինս օպտիմալ արագացնելուն։

Մեկնաբանություններ (1)

Րաֆֆի
Վատատեսակա՞ն գնահատականներ․․․․այսինքն հայերենով - բացասական կամ գոնէ- հոռետես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter