Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի

Հայկական ֆուտբոլը նման է քաղցկեղով հիվանդի



Հայաստան-Լեհաստան (1-6) խաղում երբ մերոնք արդեն 25-րդ րոպեին հերթական մանկական սխալից հետո երրորդ գոլը բաց թողեցին, մտածեցի, որ սա այն կետն է, որն ի ցույց է դնում ամբողջ հայկական ֆուտբոլի հիվանդ լինելը: Հավաքականը, մեծ հաշվով, տվյալ երկրի ֆուտբոլի հայելին է, հետեւաբար այն, ինչ տեսնում ենք դաշտում Հայաստանի ընտրանու կատարմամբ, ցույց է տալիս մեր ունեցած ֆուտբոլի դեմքը: Բայց այնպես չէ, որ մի ամբողջ համակարգ նոր է հիվանդացել: Մեր ֆուտբոլի հիվանդ լինելու ախտանիշները երեւում էին դեռ «Եվրո-2016»-ի ընտրական շրջափուլում, գուցեեւ դրանից էլ առաջ: Պարզապես ԱԱ-2018-ի այս վերջին փուլում ամբողջական պատկերն է ներկայանում մեզ:

Որ մեր ֆուտբոլը հիվանդ է, ապացուցում է հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հուսահատությունը, որը կարծես իր պացիենտին բժշկելու առաքելություն է ստանձնել, բայց տեսնում է, թե ինչպես է հիվանդն իր ձեռքից գնում: Ամենացավալին այն է, որ հենց վերջինս չի հավատում ինքն իրեն: «Բոլոր ֆուտբոլիստները պետք է փորձեն իրենք իրենց վրա աշխատել: Պարզ է, մարզիչը միշտ էստեղ կնստի, պատասխանատվությունը միշտ իր վրա կվերցնի, բայց արդեն ժամանակն է նաեւ, որ ֆուտբոլիստները սկսեն մտածել պատասխանատվության մասին: Ավելի լավ է էստեղ հիմա գետինը մտնեի, քան նստեի ու խաղից հետո պատասխանեի էս հարցերին»,- հետխաղյա ասուլիսում նշեց Պետրոսյանը: Մարզչի ու հավաքականի եւ ընդհանրապես հայկական ֆուտբոլի երկրպագուների հուսահատությունը խորացնում է այն, որ ելք գրեթե չի երեւում: Ելքին չի հավատում նաեւ Պետրոսյանը, ու մնում է հուսալ. «Եթե սկսեմ պատմել, թե ելքը որն է, դա անհնար բան է կամ էլ բարի ցանկություն կլինի: Ելքը էն է, որ լավ, ուժեղ առաջնություն ունենանք, ֆուտբոլիստներ ունենանք, որոնք եվրոպական ավելի բարձրակարգ ակումբներում կխաղան: Դա է ելքը, որն էս պահին անհնար է, բայց ինչպես ասում են, հույսը վերջում է մահանում, մնանք հույսով»:

Հետո գլխավոր մարզիչը իբրեւ ելք դիտարկում է արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելը, քանի որ հերթափոխի՝ երիտասարդական հավաքականի խաղացողների հետ առանձնապես հույսեր չի կապում, որովհետեւ նրանք չեն աճում՝ ինչ-որ կետից սկսած. «Մեր միակ ելքը դրսից Բայրամյանի, մյուս-մյուսի պես ֆուտբոլիստներին հավաքական բերելն է, այսինքն՝ մեզ թարմ արյուն է պետք այնպայման»: Բայց արտերկրում ֆուտբոլիստ դարձած խաղացողներին հավաքական բերելն իրականում ժամանակավոր լուծում է, եթե հայաստանյան ակումբները չեն մտածում կամ վատ աշխատանքի պատճառով չեն կարողանում որակյալ կադրեր ապահովել հավաքականների համար, ուրեմն ժամանակ առ ժամանակ բոլորս կանգնելու ենք այս նույն կոտրած տաշտակի առաջ:

Երբ ժամանակին հավաքականում էին Ռոման Բերեզովսկին, Սարգիս Հովսեփյանը, ապա նրանց միացան Հայաստանում աճած Ռոբերտ Արզումանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, դրսից էլ հրավիրվեցին Մարկոսը, Յուրա Մովսիսյանը, Արասը, որոշ ժամանակ անց հավաքականի ամուր կորիզ ձեւավորվեց, ԵԱ-2012-ի եւ ԱԱ-2014-ի ընտրական փուլերում գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարողացավ գրագետ աշխատանքով լավ արդյունքներ գրանցել, բայց «ներքեւից» եկող որակյալ նոր սերունդ չեղավ, տարեցներն ավարտեցին կարիերան, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը «վհուկների որս» սկսեց հավաքականի ճամբարում, թիմից հեռացվեցին Արզումանյանը, Մովսիսյանը, Կասպարովը, ովքեր իրենց օղակներում լավագույններն էին, բայց նրանց փոխարինողները չկարողացան լրացնել այդ բացը, որն, ինչպես տեսնում ենք խաղից խաղ, ավելի է մեծանում:    

Մեր երկիր ժամանած օտարերկրյա ֆուտբոլային գործիչները պարբերաբար նշում են, որ շատերը կնախանձեին այն ենթակառուցվածքներին, որոնք կան Հայաստանում: Խոսքը մարզադպրոց-ակադեմիաների, բնական ու արհեստական խոտածածկով մարզադաշտերի մասին է, որոնցում նոր ֆուտբոլիստներ պիտի աճեն: Դրանք գուցե շատ չեն, բայց եղածներից դուրս եկած կադրերը, փաստ է, չեն բավարարում պահանջները: Ինչպես կարծիք է հայտնում Արթուր Պետրոսյանը, երիտասարդները, թերեւս, բավարարվում են ընդամենը 6 թիմի մասնակցությամբ բարձրագույն խմբի առաջնությունում կամ մինչեւ 21 տարեկանների հավաքականում խաղալով: Եթե ընդունենք, որ այդպես է, ուրեմն մեղավոր է ոչ միայն տվյալ պատանին կամ երիտասարդը, որը փնթի վերաբերմունք է ցուցաբերում իր գործին, այլեւ մանկապատանեկան դպրոցի այն մարզիչները, որոնք պրոֆեսիոնալ վարվելակերպ չեն սովորեցնում նրանց, միգուցե նաեւ այն պատճառով, որ հենց իրենք պրոֆեսիոնալիզմի պակաս ունեն:    

Այս պահին ով էլ լինի հավաքականի ղեկին, հայտնվելու է ահռելի ճնշման տակ: Պետրոսյանի տարբերությունն իր նախորդներից այն է, որ այլոց մեջ մեղավորներ չի փնտրում, որովհետեւ խոցելի է ամբողջ համակարգը՝ մանկապատանեկան ֆուտբոլից մինչեւ ազգային հավաքական ու ֆուտբոլի ֆեդերացիա: Եվ սա հասկանում են գրեթե բոլորը: Ճնշումն իր վրա վերցնելով՝ նա ասում է, որ ելքն այս պահին անհնար է. ավելին՝ նշում է, որ այս կազմի հետ հույս չի կապում, ու ներկա ֆուտբոլիստներով բարդ կլինի պայքարել անգամ Ազգերի լիգայում, որտեղ թիմերն ավելի հավասարազոր են լինելու: Հակադարձելն, իրոք, դժվար է:

Եթե Մոնտենեգրոյի հետ երեւանյան խաղում առաջին կեսի 0-2 հաշվից հետո գյումրեցի Պետրոսյանը կարողացավ ընդմիջմանը «թասիբի գցել» իր թիմին, հոգեբանորեն տրամադրել, հիմա դա էլ չի ստացվում: Երբ թիմի ավագ Մխիթարյանը խաղից առաջ ասում է, որ խաղալու են ազգի ու թասիբի համար, հանդիպման ընթացքում հարց է ծագում, թե նրա խաղընկերներից քանիսն են մտածել Հենոյի նման:

Եվ ամենեւին պետք չէ, որ Հենրիխն իր վրա վերցնի պարտության մեղքը՝ մի տեսակ նեղացած եզրափակելով, թե «չենք կարող բոլորին գոհացնել, ոչ բոլորը կարող են սիրել մեզ»: Երկրպագուներն ու լրագրողները միշտ էլ թիմի կողքին են եղել, ուրախացել են հաղթանակներով, ցավել պարտություններով, դժվար թե մեր երկրում ու սփյուռքում լինի մեկը, ով Հայաստանի հավաքականի վատը ցանկանա, այդ ցանկությունն է հենց բերում երբեմն էլ կոշտ քննադատության, որից խուսափել պետք չէ:

Բայց ինչպես չքննադատել Տարոն Ոսկանյանի կամ Կամո Հովհաննիսյանի նման խաղացողներին, որոնք ուղղակի փնթի ու անպատասխանատու հանդիպում են անցկացնում: Նույնը վերաբերում է դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին, որն Արսեն Բեգլարյանի պես սկսել է ֆոկուսներ ցույց տալ:

Լեհերի գրեթե բոլոր գոլերը ծնվեցին մեր ֆուտբոլիստների մանկական սխալների արդյունքում: Այլ կերպ ասած՝ այնպես չէր, որ մրցակիցն իր բարձր կարգի շնորհիվ սեղմեց դաշտի տերերին սեփական տուգանայինին ու աստիճանաբար խաղային առավելությունը վերածեց նյութականի: Ուղղակի լեհերն այնքան հմուտ էին, որ ձեռքից բաց չթողեցին մերոնց շռայլած սխալները:  

Առաջին դեպքում Ոսկանյանի փոխանցումից հետո Ադամյանից հեշտությամբ փախցրին գնդակը, հետեւեց փոխանցում Պիշչեկին, որին պաշտպանության ձախ եզրում դիմավորող չկար, որովհետեւ բոլորն առաջ էին գնացել ու այդքան արագություն չունեին, որ հասնեին նրա հետեւից: Արդեն 2-րդ րոպեին լեհ եզրայինի փոխանցումից հետո Գրոսիցկու հարվածը անկասելի չէր, բայց նախ՝ նրան փակող չկար, երկրորդ՝ Մելիքսեթյանը հակառակ ուղղությամբ ցատկեց: Վերադարձել ենք «հին ու բարի» ժամանակներին, երբ առաջին րոպեներից գոլ էինք ընդունում, այսպես ասած, խաղը 0-1 հաշվով սկսում: Երկրորդ դրվագում էլ կրկին «հարթ տեղում» Գոռ Մալաքյանը չկարողացավ սանձել գնդակը, մրցակիցը փախցրեց այն, հետո Ոսկանյանը խախտեց կանոնները, նշանակվեց տուգանային, իսկ Լեւանդովսկին 18-րդ րոպեին պատի վրայով վարպետորեն գնդակը կախեց ցանցի մեջ: Երրորդ գոլը կոմեդիա էր. Մելիքսեթյանը կասեցրեց եզրից եկած փոխանցումը ու շտապեց վերցնել գնդակը, իսկ Ոսկանյանը, չգիտես, թե ինչից վախեցած, մոտ տարածության վրա ոտքով փոխանցում կատարեց նրան, դարպասապահն էլ, նորից չգիտես ինչու, վերցրեց գնդակը: Մանկական սխալներ՝ իրար հետեւից: Երբեք այսպիսի հիմար իրավիճակում մեր հավաքականը չէր հայտնվել: Դարպասապահի հրապարակում նշանակված ազատ հարվածի խաղարկումից հետո Լեւանդովսկին իր երկրորդ գոլը խփեց արդեն 25-րդ րոպեին:

Ու չնայած 39-րդ րոպեին անկյունայինից Մխիթարյանի փոխանցումից հետո Հովհաննես Համբարձումյանը գլխով գեղեցիկ գոլ խփեց, երկրորդ կեսում լեհերը կրկին նվերներ ստացան: 58-րդ րոպեին Բլաշչիկովսկին մատի վրա խաղացրեց պաշտպաններին, ու չնայած հարվածը վտանգավոր չէր, Մելիքսեթյանի ձեռքերի կողքով գնդակը մտավ ցանցը: Այս գոլն, ինչպես խոստովանեց Պետրոսյանը, կոտրեց թիմի ողնաշարը: Թիմերն անցկացրել էին մեկ ժամ, բայց խաղի ընթացքից պարզ էր, որ էլի գոլեր են լինելու: 64-րդ րոպեին լեհերը նորից կարուսել կազմակերպեցին հայկական պաշտպանությունում, Գրոսիցկու փոխանցումից հետո գնդակը կտրեց-անցավ ամբողջ կենտրոնն, ու աջ եզրից ներխուժած Լեւանդովսկին հաճույքով հեթ-տրիկ ձեւակերպեց՝ 1-5: Պաշտոնական խաղերում նման հաշիվ գրանցվել էր 1996-ի հոկտեմբերի 9-ին, երբ մեր թիմը պարտվել էր Եվրոպայի չեմպիոն Գերմանիային: Բայց 89-րդ րոպեին մի նվեր էլ մատուցեց Կամո Հովհաննիսյանը, որը, ինչպես գրել ենք նախկինում, գնդակն իրենից առաջ թողնելու անլուծելի թվացող խնդիր ունի: Նրա կասեցումը տուգանային հրապարակում դարձավ գոլային փոխանցում Վոլսկու համար՝ 1-6:

Պաշտոնական խաղերում Հայաստանը երբեք 6 գոլ չի ընդունել, սա նոր հակառեկորդ է: Այս շրջափուլում մեր ընտրանին աչքի է ընկնում հակառեկորդներ թարմացնելով: Երեւանում 0-5 հաշվով պարտվեց Ռումինիային, հիմա էլ՝ 1-6:

9 խաղում թիմը 25 գոլ է ընդունել, նույնքան գոլ բաց էինք թողել նաեւ աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում, բայց 12 խաղում: Այսինքն՝ եւս մի հակառեկորդ ունենք, չնայած դեռ արտագնա խաղ կա ղազախների հետ, ու կարող է հակառեկորդի թարմացում լինել: Ընդ որում՝ երբեք այսքան շատ խոշոր հաշիվներով չենք պարտվել մի շրջափուլի ընթացքում:  

Ցավալին այն է, որ երբեւէ մեր հավաքականից «վառված» թիմերն այս անգամ լիովին կարողացան ռեւանշի հասնել: Տեսեք, երբ 2004-ին Երեւանում մերոնք ռումինների հետ 1-1 խաղացին, նրանց գլխավոր մարզիչ, գեներալ Անգել Յորդանեսկուն պաշտոնանկ արվեց, այս անգամ ռումինները 5-0 հաշվով «ապտակեցին» մեզ: Երեւանում 2-0 հաշվով հաղթելիս Մոնտենեգրոն պարտվեց 2-3, սակայն տանը գեղեցիկ ձեւով ռեւանշի հասավ 4-1, ինչից հետո այդ երկրում շեշտում էին, որ Երեւանում տեղի ունեցածը պատահականություն էր: Դանիացիները երեւի երբեք չեն մոռանա 2013-ին Կոպենհագենում գրանցված 0-4 հաշվով պարտությունը հայերից, ինչից հետո չէին կարողանում «յուղոտ» հաշվով հաղթել մերոնց: Բայց սեպտեմբերին հասան իրենց ուզածին. Երեւանում գրանցվեց 4-1: Լեհերն էլ Երեւանում երբեք չէին հաղթել, մի անգամ ոչ-ոքի էին խաղացել, մի անգամ պարտվել, բայց երեկ ամեն ինչ կարգավորեցին, 6-1-ը երկար կհիշվի:

ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբում 4 թիմերի հետ խաղերում բացասական հաշվեկշիռ ունենք. Լեհաստանի հետ՝ 2 պարտություն, գոլերը՝ 2-8, Դանիայի հետ՝ 2 պարտություն, գոլերը՝ 1-5, Մոնտենեգրոյի հետ՝ 1-ական հաղթանակ եւ պարտություն, գոլերը՝ 4-6, Ռումինիայի հետ՝ 2 պարտություն, գոլերը՝ 0-6:

Բանը հասել է նրան, որ նույնիսկ Արթուր Պետրոսյանն արդեն զգուշորեն է խոսում ղազախների հետ ամսի 8-ին կայանալիք խաղի մասին: Երկու թիմերը հանդիպել են 6 անգամ, 4-ում հաղթել են հայերը, մեկում՝ ղազախները, մեկ անգամ էլ ոչ-ոքի է գրանցվել: Բայց հիմա ամեն ինչ այլ է, ինչը պարզ է դառնում նաեւ Պետրոսյանի խոսքերից. «Պետք է հասցնենք պատրաստվել, գոնե լավ խաղով էս փուլը վերջացնենք, ուրիշ միջոց չունենք, պարտավոր ենք վերականգնվել, որպեսզի Ղազախստանում չխայտառակվենք, էդպես ասեմ»:

Երեկ մեր ընտրական խմբում կայացել են նաեւ Մոնտենեգրո-Դանիա (0-1) եւ Ռումինիա-Ղազախստան (3-1) հանդիպումները: Լեհերը վերջին տուրից առաջ գրեթե ապահովել են առաջին տեղն ու Ռուսաստան մեկնելու ուղեգիրը, դանիացիներն էլ, թերեւս, փլեյ-օֆին մասնակցելու իրավունք կստանան, չնայած ամեն ինչ վերջնականորեն պարզ կդառնա հոկտեմբերի 8-ին: Այդ օրը զուգահեռաբար կկայանան Ղազախստան-Հայաստան, Լեհաստան-Մոնտենեգրո, Դանիա-Ռումինիա հանդիպումները: Հավելենք միայն, որ անկախ վերջին խաղի արդյունքից՝ մեր հավաքականը կմնա նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում:  

Լուսանկարները՝ uefa.com-ի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. Վարազ Սյունի 20:35 - 6 հոկտեմբերի, 2017
Հայաստանի հավաքականը չի կարող լավ խաղալ,երբ երկրում ընտրություններ են «նկարվում»,երբ երկրում կոռուպցիոն-օլիգարխային տնտեսական համակարգ է,երբ երկիրը ազգային ավիաընկերություն չունի,երբ...: Այս բոլորը մե՛կ մարմնի տարբեր մասեր են:Մարմնի աջ կողմը եթե փտած է,ձախ կողմը նորմալ չի՛ կարող գործել: Ինչպե՞ս կարելի է ՀՖՖ-ի նախագահ ունենալ «նեմեց» մականունով մի մարդու, միաժամանակ երկիրից լավ հավաքական ակնկալել: Հայաստանի ֆուտբոլի ներկա հավաքականը պարզապես իրեն սպառել է. սա պիտի ընդունել ու սկսել լրիվ ՆՈՐ հավաքական ձևավորել (լավ կլինի 18-20 տարեկաններից): Այս հավաքականը պարզապես «յոլա» է տանում. մարդիկ ապրուստի միջոց են գտել (կողքից էլ ստից-մտից ու անհավես գնդակ են «գլորում»):
2. Վարազ Սյունի 20:40 - 6 հոկտեմբերի, 2017
Շնորհավոր Հայաստանի հավաքականին. տղաները հերոսաբար մինչև վերջին պահը պայքարեցին, որ 10:1 չպարտվեն: ԱՄԵՆԱԼԱՎԸ այն կլինի,որ Հայաստանը 2 տարով դուրս գա մրցաշարից, ոտից-գլուխ փոխի թիմն ու ֆեդերացիան,մինչև ազգային հավաքականը կսկսի ՖՈՒՏԲՈԼ խաղալ: Թե չէ ազգին խայտառակ անելով, ազգի նյարդերը քայքայելով ու ազգի թշնամիներին ուրախացնելով ու՞ր եք գնում: Հայաստանի հավաքականում միշտ ավելի շատ դրամա՛ է,քան ֆուտբոլ: Հայաստանի հավաքականը հայ ժողովրդին ավելի շատ ցավ ու տխրություն է պատճառում,քան ուրախություն: Իսկ իբր «golden boy» Հ.Մխիթարյանը (հայ տղամարդկանց մեծ մասի պես) միայն օտարի՛ն է երջանկացնում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ