Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի

Հայաստանի ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ավտոմեքենաները


Հանրապետություն ամեն տարի ներմուծվում են նույն տարում թողարկված ավտոմեքենաներ։ Թանկարժեք և նոր մոդելի ավտոմեքենաները կարելի  է տեսնել Երևանի փողոցներում։ Եւ հայտնի է, որ թանկարժեք ավտոմեքենաները հիմնականում պատկանում են գործարարներին, ներկա եւ նախկին պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին։

Պետական եկամուտների կոմիտեի՝ մեզ փոխանցած տվյալներով՝ 10 ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ավտոմեքենաները թողարկման տարում Հայաստան ներմուծվածներն են եղել։ Դրանք հիմնականում՝ MERCEDES BENZ և ROLLSROYCE PHANTOM մոդելի ավտոմեքենաներ են։

Պետական մարմիններից անհնար է ճշտել այս ավտոմեքենաների սեփականատերերի մասին տեղեկատվություն։ Դրանք համարվում են անձնական տվյալներ, որոնք չեն հաղորդվում։

Համաձայն «Հարկային օրենսգրքի»՝ մաքսային արժեքը  արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինն է, մինչև Հայաստանի մաքսային սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերը, ապրանքի տեղափոխման համար կատարված միջնորդային (բրոքերային) ծախսերը։

Վերջին 17 տարիների ընթացքում Հայաստան ներմուծված ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ավտոմեքենան 2004 թվականի թողարկման ROLLS -ROYCE PHANTOM-ն է։ Այս ավտոմեքենայի մաքսային արժեքը 212 միլիոն դրամ է։ Դրա բարձր մաքսային արժեքը կարելի է պայմանավորել այն հանգամանքով, որ այն հանրապետություն է ներմուծվել հենց թողարկման տարում՝ 2004-ին։

«Ծառուկյան դաշինք»-ի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է երկու ROLLS -ROYCE PHANTOM ավտոմեքենա։ Արդյոք, այդ ավտոմեքենաներից մեկը ամենաբարձր մաքսային արժեք ունեցող PHANTOM-ն է, դժվար է ասել, քանի որ հայտարարագրում նշած չէ դրանց թողարկման տարեթիվը։

Լրատվամիջոցները ROLLS -ROYCE PHANTOM ավտոմեքենայով շրջելիս նկարահանել են նաև պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Այս պաշտոնյաների հայտարարագրերից և ոչ մեկում հայտարարագրված չէ այս ավտոմեքենան։

Երկրորդ բարձր մաքսային արժեք ունեցող ավտոմեքենան 2012 թվականի թողարկման Mercedes-Benz S600L, զրահապատ, W221 մոդելի սեդան է։ Այն ներմուծվել է 2013-ին, և դրա մաքսային արժեքը, պետական եկամուտների գնահատմամբ, կազմել է ավելի քան 185 միլիոն դրամ։

Ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ավտոմեքենաների եռյակում կրկին Mercedes-Benz S600L, սեդան, զրահապատ մեքենան է։ Այն ներմուծման տարում ավելի թարմ է եղել, քան երկրորդ հորիզոնականում գտնվողը, սակայն ավելի քիչ է եղել դրա մաքսային արժեքը։ Այն թողարկվել է 2011-ին և նույն տարի Հայաստան ներմուծվել։ Մաքսային արժեքը գնահատվել է 182 միլիոն դրամ։

Չորրորդ՝ բարձր մաքսային արժեք ունեցող ավտոմեքենան կրկին MERCEDES BENZ մակնիշի է։ 172 միլիոն դրամ մաքսային արժեք ունեցող այդ մեքենան 2008 թվականին թողարկման  MERCEDES BENZ W221 /S600GUARD/  է։ Այն հանրապետություն է ներմուծվել հենց թողարկման տարում՝ 2008-ին։

Բարձր մաքսային արժեք ունեցող ավտոմեքենաների հինգերորդ և վեցերորդ հորիզոնականում նույն մոդելի՝ BMW 760Li /զրահապատ/ ավտոմեքենաներն են։ Դրանք երկուսն էլ Հայաստան են ներրմուծվել թողարկման տարիներին, մեկը՝ 2008-ին, մյուսը՝ 2010-ին։ Սակայն տարբերություն այն է, որ 2010-ին ներմուծվածի մաքսային արժեքը կազմել է 167 միլիոն դրամ, 2008-ինը՝ 159 միլիոն։  

Պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում հայտարարագրել է BMW 760 L մակնիշի ավտոմեքենա։ Չի բացառվում, որ սա հենց Վարդան Ղուկասյանին է։

Հաջորդ բարձր մաքսային արժեք ունեցող ավտոմեքենան MAYBACH 62 5.5L  մակնիշի ավտոմեքենան է։ Դրա մաքսային արժեքը գնահատվում է 158 միլիոն դրամ։ Ներմուծվել է 2009-ին՝  թողարկման տարում։

2004 թվականի թողարկման, նույն տարում հանրապետություն ներմուծված, 155 միլիոն դրամ մաքսային արժեք ունեցող ROLLS-ROYCE  PHANTOM-ը ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ավտոմեքենաների 8-երորդ հորիզոնականում է։

Բարձր մաքսային արժեք ունեցող մեքենաների 9-րդ հորիզոնականում MAYBACH 57S մոդելի, ներսից կաշվե ձևավորում ունեցող ավտոմեքենան է։ Այն 2008 թվականի թողարկման է, ներմուծվել է թողարկումից մեկ տարի հետո՝ 2009-ին։ Դրա մաքսային արժեքը կազմել է 146 միլիոն դրամ։

Ի վերջո, ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ավտոմեքենաների տասնյակը եզրափակում է 2007 թվականի թողարկման ROLLSROYCE PHANTOM EWB մոդելի ավտոմեքենան։ Այն կրկին ներմուծվել է թողարկման տարում և մաքսային արժեքը գնահատվել է 145 միլիոն դրամ։

10 ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ավտոմեքենաներից 4-ը զրահապատ են։  

Լուսանկարները՝ armtimes.com-ի, thesupercars.org, carwallpapers.ru-ի

 


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Владимир Высоцкий10:45 - 9 հոկտեմբերի, 2017
- Я бы к стенке их ставил через одного и направлял на них гружённый самосвал ... https://ok.ru/video/30442982068
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։