Հինգշաբթի, 19 հոկտեմբերի

Բալկոնում Մարինե Պետրոսյանն է


Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում դերասանուհի Մարինե Պետրոսյանն է։

Մարինե Պետրոսյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Դեռ մանկությունից սկսած ուրբաթախոս է, գաղտնապահ, վախկոտ, կոմպլեքսավորված․․․ Վախկոտը երկու անգամ արդեն ասացի (երբ դեռ չէինք սկսել, արդեն ասել էի)․ երեւի շատ վախկոտ, ամաչկոտ, լռակյաց։

Փորձել է ապրումները հնարավորինս կոծկել, որ իրեն շատ չմոտենան․․․ Երբ շատ են մոտենում, շունչը կտրվում է, եւ չի իմանում՝ ինչպես դիմավորել այդ մոտ եկողին։ Շատ մոտիկից ինչ-որ բանի, որ նայում ես, անպայման տգեղ է (նույնիսկ ինքդ քեզ, երբ այդպես նայես հայելուն)։ Ինքն այդ տարածությունն է սիրում, երբ տգեղից այն կողմն է տեսնում։

Ինքը, ինչպես գյուղում ծնված երեխաների մեծ մասը, գառնապահ է եղել։ Ու առաջին սերերը, որ ունեցավ աշխարհի  հետ, հենց դաշտում են եղել՝ քարն ու ազատության զգացումը, ծաղիկը, թուփը, ծառը, մոլագարությունը, որ բաց երկնքի տակ հնարավոր բան է։ Ես հիշում եմ, որ անձրեւի ժամանակ ինքը մերկանում էր, պարում էր, ու զարմանում եմ՝ ոնց իրեն չեն վտարել այդ գյուղից։

Առաջին սերն էլ այդ նույն դաշտում էր․ բլուրի կատարից տեսել է ոմն մեկին ու սիրահարվել, անունը Գուգո էր։ Ամեն ամառ այդ տղան գյուղ էր գալիս։ Հետո դադարեց։ Ինքն առաջին սերը թաղեց հենց այդ դաշտում, որտեղ մի սղլիկ մեծ քար կար․․․ Քարը  վերածվեց Գուգոյի «տապանաքարի»։

Ուսանողական տարիներին, երբ ինքը պատմեց այս պատմությունը, ընկերները (ընդհուպ Կարեն Ջանիբեկյանը), եկան այդ գերեզմանը տեսնելու, սկսեցին հաճախ հավաքվել քարի շուրջ․ ավանդական տեղ էր հաց ուտելու, ուրախանալու, երգելու ու պարելու համար։

․․․ Իր առաջին սերը, որ ուզում էր կայանար, փաստորեն քարի հետ գործողության վերածվեց։ Որտեղ քար էր տեսնում, սկսում էր մի բան հորինել, կիրք կար հետք թողնելու։

Միանգամից անցում անեմ․․․ Թերթում մի օր հայտարարություն կարդաց, որ Սունդուկյան թատրոնի ստուդիան հայտարարում է ընդունելություն, եւ կուրսը ղեկավարելու է Խորեն Աբրահամյանը։ Սունդուկյան թատրոնի տեղը հարցնելով, վախենալով (ի դեպ միայն կանանց էր հարցնում)՝ գտավ, քննությունները հանձնեց ու ընդունվեց։ Բայց քանի որ բնավորությամբ, արդեն նշեցի, գաղտնապահ էր, փակ էր եւ կոմպլեքսներ շատ կային, Բաբկենիչը սկսեց աշխատել հենց այդտեղից՝ բառացիորեն ասելով, որ դերասանը պետք է հենց դերասանի բնավորություն ունենա․․․

Դերասանի բնավորությունը ո՞րն է։

Հնարավոր է՝ կանչեր ինձ, տարրական հարց տար՝ ոնց ես, որը ենթադրում է տարրական պատասխան՝ «լավ եմ» կամ «վատ», բայց ես սկսում էի արտասվել կամ հակառակը՝ այնպիսի մի պատասխան էի տալիս, որ զարմացած նայում էր, ասում՝ դու միայն չորեքշաբթի ես նման խելոք պատասխաններ տալիս, թե մնացած օրերին էլ է հնարավոր։ Ինչու՞ առանձնացրեցի լացելու պահը․ դա իմ ոչնչի կամ այլ պատասխան տալու անկարողության պահն էր։ Ինքն ասում էր՝ դու այգի ես՝ խոստումնալից ու տաղանդավոր, բայց մշակել է պետք, որ սովորես չամաչել, կարողանաս ներկայացնել քեզ։

Բազմաթիվ առիթներ եմ ունեցել բեմում քեզ տեսնելու․․․ Երբեք չեմ մտածել նման բանի մասին, որովհետեւ ճիշտ հակառակն եմ տեսել։

Տարիների երկար աշխատանք է․ բեմում ներկայանալու, գործողություն կատարելու ընթացքն ինձ համար շատ արժեքավոր է։ Մինչ բուն գործողությանն անցնելը վախը երկար ժամանակ հետապնդում էր ինձ․․․ Նույնիսկ հիմա է այդպես, բայց բավական է լույսերը վառվեն, մուտքս ազդարարվի, ես քայլ անեմ, բեմ դուրս գամ, ու մեծ կռիվներն արդեն ներսումս են, ուրիշ բան է տեղի ունենում։

Մարինե, բեմից դերասանը հանդիսատեսին տեսնու՞մ է։

Ինքս միշտ փորձում եմ փախցնել հայացքս, որ որեւէ մեկին չտեսնեմ․ ինձ համար իրենք մեկն են, ու այդ մեկը խիստ, բարձր ճաշակով,  ինֆորմացիայով հագեցած մարդ է, ով տարբերում է ճիշտը սխալից, կեղծն անկեղծից, գեղեցիկը տգեղից։ Միգուցե իսկապես էդպես չի․ հանդիսատեսը խաբուսիկ է, ինքը ծիծաղում է մի բանի վրա, որը լացելու է եւ հակառակը՝ լացում է մի բանի վրա, որ ծիծաղելի է․․․ Բայց միշտ խնդիր եմ դնում ինքս իմ առաջ, որ հանդիսատեսը ինձնից ու մյուսներից ցածր չէ ու իր հոգեւոր աստիճանն ունի։ Դա «պարտադրում» է արժանի ներկայանալ։ Իմ հանդիսատեսն (կամ իմ պատկերացրածը) ունի այդ հատկանիշները, որոնք նշեցի։

Քո ու Հայաստանի հարաբերությունները։

Վերջերս գլխումս պտտվում էր այս հարցը՝ ինչու է իմ ու Հայաստանի հարաբերություններն այսքան սառը։ Ինձ հետազոտելով՝ հասկացա, որ նման եմ մի մարդու, ով կորցրել է երկիրը․․․ Ո՞նց են ասում այդ մարդուն, որ նոստալգիա ունի իր երկրի, տեղի հանդեպ, որտեղ ապրել է, սիրել է, տուն ունի, սեփական բակ, ընկերներ, հարազատներ։ Հենց այդ մեկին եմ նման, ով կարոտում է Հայաստանը, բայց չունի այն։ Քաղաքական որեւէ բան չեմ դնում այս հարցադրման մեջ (շատ հեռու եմ քաղաքականությունից), բայց  սա իմ Հայաստանը չի…

Ո՞րն էր այդ Հայաստանը:

Չգիտեմ․․․

Բայց եղե՞լ է։

Իհարկե եղել է։ Դեպքեր շատ են եղել, որ ես ուղղակի երկրից պիտի հեռանայի, մեկնեի, բայց մտածում էի, որ մի օր Երեւանի կենտրոնում չկանգնեմ, անհնարին բան կլինի։ Հիմա կարող եմ չլինել այդ կենտրոնում․ արդեն քսան տարի է՝ քաղաքից դուրս եմ ապրում։

Այս դեպքում գուցե դու՞ ես փոխվել, ոչ թե ինքը։

Այո, հնարավոր է։ Ինձ նայելով, զննելով եմ դա ասում։ Ներսումս հայրենաբաղձություն կա, բայց գուցե կարոտ է, որն ինձ է ուղղված, որովհետեւ միշտ մի տեղում եմ, որտեղ չեմ հասկացվել, որտեղ ապրում եմ մի բան, որն իմը չի, անում եմ ինչ-որ գործողություններ, որոնք իմ նախասիրությունների մեջ չեն տեղավորվում։

Գուցե իմ երկիրը իմ երիտասարդությունն էր։ Ինչ-որ մի բան կատարվել է երեւի ինձ հետ, ոչ թե Հայաստանի․․․ Բայց հակառակն էլ է հնարավոր․ գուցե Հայաստանն այլեւս այն չէ։

Այդ դեպքում քո եւ «քո» հարաբերությու՞նը։

Բարդ։ Ես նման եմ օտարի, որն ինձ հետ է ապրում, ում, եթե լավ չեն ճանաչում, մի քիչ զգույշ են մոտենում, որովհետեւ ես ինքս էլ ինձ հետ էդպիսին եմ։ Զգույշ եմ ինձ հետ։ Չգիտեմ՝ ինչ կարող եմ որոշել վաղը։ Համբերատար եմ, բայց կիսատ թողնելու մեծ խնդիր կա, երբ դիմադրության եմ հանդիպում, շրջվում եւ հեռանում եմ։

Պատահե՞լ է, որ թատրոնից էլ շրջվես ու հեռանաս։

Այո․․․ Եվ թատրոնից, եւ մարդկանցից։ Այսպես է՝ երկար եմ դիմանում, բայց տարածությունը, երբ սեղմում է, չեմ կարող խոսել, կռվել։ Նույնիսկ երեխայիս նկատմամբ եմ այդպիսին․ եղել է դեպք, երբ բարձր ջերմությամբ թողել եմ անկողնում, հագնվել ու Երեւան եմ եկել։ Չեմ իմացել՝ ինչպես ինձ պահել։ Խնդիրը, երբ կա, շուռ եմ գալիս, ու ինձ լուծումն այդպես է երեւում։ Պայքարել չեմ կարող։

Իհարկե, եղել են դիմադրություններ, որոնք հաղթահարել եմ, ինչպես, օրինակ, ընտանիքում բոլորը դեմ էին մասնագիտական ընտրությանս։ Մի խոսքով, երեւի բոլորն ունեն այս խնդիրը։ Ամեն դեպքում ես սկսեցի գրել․․․ Այդ ընթացքում թղթի վրա գուցե հավաքական հոգսս էր, հավաքական էմոցիաներս կամ այլ հոգեկան դրսեւորումներ, որոնք ինձ թույլ էին տալիս հասկանալ՝ ինչու բոլորին նմանվել չեմ կարողանում։

Բոլորին նմանվելու խնդիրը ինչու՞ էր առաջացել։

Երիտասարդ տարիքում նախանձում էի մարդկանց։ Ամենուր խաղաղ դեմքեր էին, մարդիկ, ովքեր հանգիստ նստած են տրանսպորտում, լարվածություն չունեն։ Հենց այդ նախանձից էլ խեղդվում էի ու փրկությունը նմանվելու մեջ էի փնտրում։ Դրա համար գրում էի։ Հետո տղաս ծնվեց, խնդիրները շատացան, սկսեցի աշխատել նաեւ գիշերը։

Կարո՞ղ եմ հարցնել այդ աշխատանքի մասին։

Հացի փռում էի աշխատում՝ որպես «հաց թրջող»։ Մի օրվա մեջ այնքան էի քայլում, որ մեկ-մեկ մտածում էի՝ եթե մի կետից սկսեի քայլել ու առաջ գնալ, երեւի Մոսկվա հասնեի։

Պատկերացրու՝ օրվա մեջ հազարներով հաց ես հավաքում, հետո իրենց տեղափոխում, հետո հետ բերում, բացում, փաթեթավորում, տեղավորում, հետո նորից թրջում նոր հարյուրը․․․․ Ու՞ր կհասնեի, եթե ուղիղ քայլեի։

Ինը տարի աշխատեցի հացի փռում։ Այդ ժամանակ գրելն էլ դադարեց։ Երբ գրելու համար ուղղակի ժամանակն ու նյութը դադարեց, փորձ արեցի պատկեր ստեղծելու։

Նկարելու պատճառը փաստորեն սա էր․․․

Հա, ինը տարին կյանքի մեծ հատված է, բայց այդ ինը  տարիների մեջ ոչ մի վեհ ապրում չեմ հիշում․ դրանք ֆիզիկական տանջալից պահեր էին, երբ տուն վերադառնալիս ինձ թվում էր՝ ոտքերիս տակ մեխեր կան, երբ պառկում էի քնելու ու ընդամենը երեք ժամ ունեի, բայց աչքերս հոգնածությունից չէին փակվում․․․ Պատկերացրու՝ գիշերը գյուղի միջով ես անցնում, ու միայն շներն են արթուն ու դու։

Իներցիայով էի գնում, բայց հիշում եմ պահեր, որ կանգ էի առնում, մտածում քնած մարդկանց մասին, իմ մասին, այդ ամենի․․․ Չեմ կարող ասել՝ ինչ ապրումներ էին։ Տեղի ունեցավ մեծ բաժանում՝ սոցիալականն ինձ հեռացրեց իմ անհատականությունից, սեփական անձս վայրկյան չուներ, դիմանկարներ էի անում այդ ժամանակ․ ինչքան օր, այդքան ապրում, ինչքան հայացք, այդքան հոգս․․․ Ու ժամանակ չունես, որ վերլուծես գործողությունդ, եւ իրականում գործողություններդ էլ պարզ առօրեական են ու վերլուծելու բան չեն, բայց ներսդ եռում է։

Հիմա էլ եմ արթնանում, երբ կա քնելու հնարավորությունը, միացնում եմ հեռախոսի լույսն ու մի թղթի կտորի վրա սկսում նկարել․ ուզում եմ այդ վայրկյանը պատկերել թղթի վրա, որ ինձ հետ լինի։

Բայց մարդկանցից հեռանում ես․․․

Հա, ու զարմանալին այն է, որ սկսել է ինձ չցավեցնել այդ փաստը։ Ես էլ չեմ նախանձում իրենց, էլ չեմ ուզում իրենց նման լինել։ Ես ուզում եմ իմանամ՝ ես ով եմ ու ինձ նման լինել։ Չգիտեմ՝ ինչ անհագ կիրք կա իմ մեջ․ ինչու՞ է արվեստը, քարը, քանդակը, նկարչությունը, գույնը կամ կենդանի թատերական խոսքը, կինոյի գեղեցիկ էներգիան անընդհատ ինձ հետ (արտասվում է)։

Մարինեն իննուսանականներին որտե՞ղ էր։

Ուրիշի տանն էր ապրում․․․ Ինձ համար իննսունականները սպասումի տարիներ էին՝ ոչ դաժան։ Ես այդ օրերին հավատքով սպասում էի, կարդում է, շորերս էի վառում տաքանալու եւ լույսի համար։ Իմ կյանքի լավագույն գրականությունը կարդացել եմ մութ ու ցուրտ տարիներին, իմ կյանքի լավագույն երազները տեսել եմ իննսունականներին․․․

Հրաշալի օրեր էին․ միասնական խնդիրն ու վիճակը մարդկանց մտերմացրել էր։ Նույնիսկ պարետային ժամն ուներ իր դրական էներգիան․ փողոցում անծանոթ մարդը, վտանգելով իր կյանքը, կանգնում էր, վերցնում քեզ, որ փորձանքի մեջ չընկնես։

Կարեն Ջանիբեկյանի հետ մտերիմ ես եղել․․․

Եղել եմ մտերիմ․ ընկերներ էինք։ Իրար խոստովանում էինք մեր ապրումները, ինքը սիրահարված էր իմ ընկերուհուն, ում հետ էլ ամուսնացավ։ Ցինիզմն արտահայտիչ էր, բայց անկեղծ էր, ծռմռվել, կոտրտվել չուներ։

Խորեն Աբրահամյանի մասին կարճ խոսեցիր։

Ոնց որ մեծ կաղնի տեսնես, ստվերն այնքան մեծ լինի, որ ուղղակի չկարողանաս ազատվել այդ շվաքից։ Հմայքը, իմաստությունը, հասունությունը ուրիշ էր։ Սիրահարված էի երեւույթ Խորեն Աբրահամյանին, տեսակին, որին վստահում էի կայունության համար։ Հմայվող մարդ եմ, կարող եմ այդպես գրքով էլ հմայվել, քարերով էլ։

Ի՞նչն ես պահում, ինչի՞ց չես կարող հրաժարվել։

Հին հայացքներն եմ պահում, հին թղթերը, հին ապրումները, քարերը։

(Հանում է տետրը, կարդում ձեռագիր բանաստեղծություններից հատվածներ)

Քո շունչը կգրկի իմ հագուստները,

Եւ ես, զոհ դարձած արեւոտ շնչիդ,

Կանձրեւեմ իմ հողի վրա․․․ 

Առօրեականությունն իմ իրականությունը չէ։ Հիշում եմ «Գոյ»-ում Մազմանյանն ասեց ինքնակենսագրական պետք է գրեմ։ Գրեցի՝ ծնվել է, սովորել է․․․ Հետո նայեցի ու մտածեցի՝ իսկական Մարինեն իմ երազանքների մեջ է։ Հիմա որ գրեի, գուցե բանաստեղծություններից մեկն ուղղակի դնեի։ Իսկականը քո ներսի ապրողն է։ 

Բայց, ինչպես պարզեցինք, հաշտ չես ներսի Մարինեի հետ։

Ուսումնասիրում ենք իրար։ Ասեցի չէ՞, որ էլ չեմ նախանձում մարդկանց, դու էլ ասեցիր՝ հեռացել ես իրենցից․ իրոք այդպես է․․․ Ինչպես հին մարդ, ժամանակն է փլուզումի։ Թող մոռանան, ինձ մոռանան, վարձով անշուք խարխուլ տներ, ճանապարհները՝ կեղծավոր ու փնթի, քարե անտառ՝ արձաններով առատ, պատերազմները, ընկերական կռիվները՝ անհարկի, թող մոռանան․․․ Սովորույթները հիվանդ, հին սերերը՝ ինքնահարված, թող մոռանան, ինձ մոռանան, ով ինձ գիտե, կամ կարծում է, թե ինձ գիտի, ով ինձ վրա հույս էր դրել, աղբարկղերից սնվող աղքատներն ու շներն անգամ, թող մոռանան, ինձ մոռանան:

(Բանաստեղծական հատվածն՝ արդեն արձակված թող այսպես լինի)։

Հիսունյոթ տարեկան եմ, սիրելիս, ի՞նչ գիտես՝ երբ է կանգնելու իմ ժամանակը։ Ոչ էլ այդ սպասման ժամանակն է հերիքում արդեն։

Սպասումը մինչեւ վերջին րոպեն կա․․․

Հա, բայց գիտակցումն էլ կա, որ էլ բան չմնաց։ Ու էդ բան չմնացի մեջ առաջինն էլի սպասումն է, երկրորդն էլ, երրորդն էլ, չորրորդը՝  դադար։

Տպավորիչ դերակատարումից չխոսեցինք։

«Գոդոյին սպասելիս» ներկայացումն է, որտեղ ես շատ բաներ եմ հաղթահարել։ Վախենում էի այդ դերից, էլ չեմ ասում՝ ձեւավորումն այնպիսին էր, որ հագնում էի ահռելի կոշիկներ, պարանը՝ վզիցս, ես՝ բարձրության վրա․․․ Պետք է քայլեի, պարեի, խաղայի։ Տեքստն էլ բառերի շարք էր՝ առանց ստորակետի ու վերջակետի, յուրացնելը բարդ էր։ Ի վերջո դերը տղամարդու համար էր նախատեսված, բայց Սահակյանն ինձ տվեց։ Զարմանում եմ՝ հանդիսատեսը ինչպես էր ընկալում, ինչպես էր այդ երկու ժամը կլանված, անշարժ նայում։

Իմպրովիզի անհրաժեշտության մասին ի՞նչ կասես։

Առանց դրա հնարավոր չի։ Դու չես կարող քեզնից մասնիկ չթողնել։ Ի՜նչ դեր ուզում է լինի, դու ներսում «հարազատեցնում» ես իրեն, քեզնից ակցենտներ ես հավելում, մասնիկներ ես դնում, բնավորությունդ ես հարմարեցնում իրեն։

Եղա՞վ դեր, որ տապալվեց։

Հույս ունեմ՝ չի եղել։ Գուցե եղել է այնպես, որ չընկալվի, բայց դա չի նշանակում, որ ես սխալվել կամ տապալվել եմ։ Մազմանյանի բեմադրությամբ Տոնինո Գուերայի «Մեղր»-ն էինք խաղում։ Տեսարան կա, որտեղ այծը «բռնաբարում» է Բինային։ Մարդիկ բացասական արձագանքեցին, ասացին, որ ամեն բան լավ էր, բայց այդ տեսարանն՝ ավելորդ։ Ես իմ ներսում ոչ մի դիմադրութուն չունեի, հարց անգամ չի եղել գլխումս։ Դա հիանալի կտոր էր։

Տեսածիցս եւ նաեւ այսօրվա զրույցից հարց է ծագում, որը մի քիչ պաթետիկ գուցե հնչիբեմու՞մ ես ավելի իրական, թե՞ հենց իրականության մեջ, որպես այդպիսին։

Բեմում, հաստատ։

Ի՞նչն է խանգարում մյուս դեպքում։

Ես սիրում եմ ուրիշ մարդ դառնալ, առօրեականությունը չեմ սիրում։ Բեմում ունեցած «այլ» կյանքդ հենց իսկականն է, հաստատը։ Այդտեղ դու գիտես՝ սկիզբդ, բնութագիրդ, խնդիրներդ, կուլմինացիան։ Կատարյալ է։ Իրական կյանքում հարցեր շատ կան, կիսատ բաներ շատ կան, իսկ թատրոնում բոլոր հարցերը, կերպարները ունեն իրենց գործողությունների վերլուծությունները, պատասխանները։ Այսպիսի հարց կա չէ՞, եթե տունն այրվում է, կա կատու եւ նկար, ո՞րը կփրկեք։ Թվում է՝ եթե այս իրականությունից ես, կատվին պետք է փրկես, բայց ես կտավը կփրկեի։ Դու փիսիկին կհանեի՞ր։

Հնարավոր է՝ նետվեի ներս ու ես էլ վառվեի։

Եթե ընդունված պատասխանին անդրադառնանք, ապա, այո, կատվին պետք է փրկեինք։ Հասկանու՞մ ես՝ ամեն թանկ բան ձեռք բերելու համար զոհաբերություններ են պետք։ Ես արվեստի գործը կփրկեի՝ զոհաբերելով կատվին․․․ Հա ի՞նչ։

Ներկայացումն էլ այդպիսի մի բան է․ ապրեցիր երկու ժամ, վե՛րջ, այլեւս չի կրկնվի։ Զոհաբերում ես այն, ինչ խանգարում է քեզ, որ ստացվեն գործողություններդ։ Իրական կյանքում այդպիսի բան գրեթե չի պատահում։

Ռեժիսոր չկա, դրանից է, երեւի․․․

Կա, բայց չես իմանում, թե ինչու այսպես բեմադրեց։ 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։