Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ձախողված շրջափուլի վերջին հանդիպումը՝ Ղազախստան-Հայաստան



Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում տեղի կունենա ԱԱ-2018-ի ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան վերջին հանդիպումը: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Երկու թիմերն էլ որեւէ մարզական խնդիր չեն լուծում, ավելին՝ անկախ խաղի արդյունքից, ղազախները մնալու են խմբի վերջին, իսկ հայերը՝ նախավերջին տեղում: 

Հանդիպումը սպասարկելու է մոլդովական մրցավարական բրիգադը՝ Ալեքսանդրու Տյանի գլխավորությամբ: 

Ղազախստան են մեկնել հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-ԲելԱԶ» (Բելառուս) 
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Արտյոմ Միքայելյան, «Շիրակ»
Ռոբերտ Դարբինյան, «Շիրակ»

Կիսապաշտպաններ 

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) 
Մարկոս Պիզելի, «Ալ Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)     
Գեղամ Ղադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)   
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Դավիթ Մանոյանը դուրս է մնացել Ղազախստան մեկնող ֆուտբոլիստների վերջնական հայտացուցակից վնասվածքի պատճառով: Պաշտպաններ Հարոյանն ու Անդոնյանը, որոնք որակազրկման պատճառով բաց թողեցին լեհերի հետ երեւանյան հանդիպումը, կկարողանան մասնակցել այս խաղին: Նախախաղային ասուլիսում Արթուր Պետրոսյանը նշել է, որ հիվանդությունից ապաքինվել են Դաղբաշյանն ու Մարկոսը, եւ եթե ամեն ինչ նորմալ լինի, նրանք դուրս կգան խաղադաշտ: Ինչ վերաբերում է Մանոյանին, որին ամբողջ կարիերայի ընթացքում հետապնդում են վնասվածքները, գլխավոր մարզիչը նշել է, որ վնասվածքի լրջությունը պարզ կդառնա Կիպրոսում: Միաժամանակ հայտնի է դարձել, որ խաղին չի մասնակցի Գրիգոր Մելիքսեթյանը, ում մասին Պետրոսյանն այսպես է արտահայտվել. «Այսպիսի ծանր խաղից հետո (նկատի ունի լեհերի հետ հանդիպումը, որում Մելիքսեթյանը նաեւ իր կոպիտ սխալների արդյունքում 6 գոլ բաց թողեց- հեղ.) չեմ կարծում, որ ճիշտ կլինի նրան խաղադաշտ դուրս բերել»: Այսինքն՝ ամենայն հավանականությամբ, դաշտում նորից կտեսնենք Արսեն Բեգլարյանին:

Հայաստանն ու Ղազախստանը նախկինում հանդիպել են 6 անգամ, 4 հաղթանակ տարել են հայերը, 1 անգամ հաղթել են ղազախները, 1 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի: Պաշտոնական 3 խաղերում 2 հաղթանակ է տարել մեր թիմը, մեկ անգամ՝ ղազախները: Ընդ որում՝ Հայաստանի հավաքականը պաշտոնական հաղթանակներից մեկը գրանցել է Ալմաթիում 2007-ի հունիսի 2-ին, երբ Ռոբերտ Արզումանյանի ու Սարգիս Հովսեփյանի գոլերի շնորհիվ մեր ընտրանին հաղթեց 2-1 հաշվով: Նոյեմբերի 21-ին Երեւանում կայացած պատասխան հանդիպմանը 1-0 հաշվով հաղթեցին հյուրերը: Մերոնց երկրորդ հաղթանակն այս տարվա մարտի 26-ին էր, երբ Երեւանում Հենրիխ Մխիթարյանի ու Արաս Օզբիլիզի գոլերը 2-0 հաշվով հաղթանակ պարգեւեցին Հայաստանին:  

Այսօր կրկին 20:00-ին կայանալու են Լեհաստան-Մոնտենեգրո, Դանիա-Ռումինիա հանդիպումները, որոնց արդյունքում պարզ կդառնա, թե ընտրական 5-րդ խմբից որ թիմն ԱԱ-2018-ի ուղեգիր կնվաճի, եւ որը կզբաղեցնի երկրորդ տեղը, ինչը փլեյ-օֆ փուլին մասնակցելու հնարավորություն է տալիս: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ