HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի ճանապարհաշինության համար այս տարի կծախսվի 461 մլն դրամ

Գայանե Սարգսյան

Վանաձորի քարուքանդ ճանապարհները վերանորոգելու համար այս տարի կծախսվի 460 մլն 800 հազար  դրամ: Վանաձորի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ նման չափի գումար է տրամադրվում փողոցների բարեկարգման համար:   

Համայնքային բյուջեից քաղաքի փողոցների փոսային նորոգման համար հատկացումը կազմում է 85 մլն դրամ: 10 տոկոսի չափով ավելացման հնարավորությունից օգտվելով` քաղաքապետարանի բյուջեից առաջիկայում կտրամադրվի ևս 8,5 մլն դրամ:

Կառավարության կողմից Լոռու մարզպետարանին հրատապ ծրագրերի իրականացման համար հատկացվող գումարից այս տարի Վանաձորի փողոցների համար տրամադրվել է 100 մլն դրամ:

Կապի և տրանսպորտի նախարարության պատվերով էլ իրականացվում է տրանսպորտային երթևեկի համար նախատեսված, քաղաքի երկու հատվածներն իրար կապող  Հալաբյան կամրջի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները, որի համար կծախսվի 72մլն 300 հզր դրամ:

Եվս 300 մլն դրամ կառավարությունը հատկացրեց այս տարվա սեպտեմբերին՝ կրկին ճանապարհների նորոգման համար: Ասֆալտապատման աշխատանքների համար հայտարարված մրցույթի արդյունքում, սակայն, մարզին հատկացվելիք գումարի չափը զգալիորեն նվազեց` հասնելով 195 մլն դրամի. հայտարարված մրցույթը  հենց այս գումարով շահեցին 4 ընկերություններ` («Հիդրո» ՍՊԸ,  «Ճանապարհ» ՓԲԸ, «Շինպլյուս» ՍՊԸ, «Վառմաշ» ՍՊԸ), պարտավորվելով քաղաքի շուրջ 12 փողոցներում իրականացնել  ասֆալտապատման աշխատանքներ:

Սեպտեմբերի 15-ից  քաղաքի տարբեր հատվածներում մեկնարկեցին  այս ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Փողոցներում փոսերն արագորեն կտրտվեցին, սակայն դրանք լցնելու հարցում ոչ բոլոր շինկազմակերպություններն էին շտապում: Քանի որ բոլոր շինկազմակերպությունների ամենօրյա աշխատանքին հետեւելն անհնար է, կանդրադառնանք այն փողոցներին, որոնց երկարաժամկետ կտրտման ու բարձիթողի վիճակի հետ կապված փաստեր ունենք:

Մասնավորապես «Շինպլյուս» ՍՊԸ-ն Դիմաց թաղամասի Աղայան փողոցի վերջնամասում աշխատանքը սկսել է սեպտեմբերի 16-ին: Հոկտեմբերի 5-ի դրությամբ այս փողոցներում ճանապարհը դեռևս կտրտված վիճակում էր, ինչի պատճառով մեքենաների երթևեկը դարձել էր գրեթե անհնարին:

Հոկտեմբերի 5-ին Լոռու մարզպետից փորձեցինք ճշտել, ո՞րն է պատճառը, որ քաղաքի որոշ փողոցներ երկու շաբաթից ավել է, կտրտված վիճակում են ու չեն փոսալցվում: Մարզպետի պատասխանը կտրուկ էր. «Բացառվում է... Էնպես չի, որ ամսի 16-ից փոս կա, որ մինչև հիմա լցված չի: Ձեր ասածը ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում»,- նշեց նա:


Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան

Մինչդեռ «Ֆորտունա» հեռուստաընկերությունը սեպտեմբերի 17-ին հեռարձակեց «Վանաձորի ճանապարհաշինությունը սկսված է» վերտառությամբ ռեպորտաժը, որում «Շինպլյուսի» աշխղեկ Յուրա Գասպարյանը հենց Աղայան փողոցում կատարվող ճանապարհաշինական աշխատանքների ֆոնին ներկայացնում է կատարելիքը:

Սա նշանակում է, որ սեպտեմբերի 17-ին կտրտման աշխատանքները սկսված լինելու դեպքում նույնիսկ, հոկտեմբերի 5-ի դրությամբ շինկազմակերպության կողմից այդ փողոցում աշխատանքներ չեն կատարվել 18 օր:

  

Այսօր, հոկտեմբերի 9-ին, փողոցի այդ հատվածը դեռևս կտրտված վիճակում է:

«Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի հետ գրանցված միջադեպի կիզակետում ևս այս կազմակերպությունն էր: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության «սեպտեմբերի 28-ին «Լոռի TV»  ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Թումանյան և Լոռվա փողոցները միմյանց միացնող կամրջի սկզբնամասում իր նկատմամբ բռնություն են գործադրել, խոչընդոտել իր մասնագիտական օրինական գործունեությանը՝ մասնավորապես թույլ չտալով լուսանկարել իրականացվող ասֆալտապատման աշխատանքները»։

Լրագրողի տեղեկացմամբ՝ հորդառատ անձրևի տակ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնողներին լուսանկարելու ընթացքում իր նկատմամբ բռնություն գործադրող անձինք «Շինպլյուսի» ղեկավար Տիգրան Նազարյանն ու նրա աշխատակիցներն էին:

Անձրևային եղանակին Վանաձորում ասֆլատապատման աշխատանքների իրականացման փորձը տարիների պատմություն ունի: Տարբեր հատվածներում արձանագրված դեպքերին տեղի լրագրողները բազմիցս են անդրադարձել: Դիտարկմանը, որ անձրևային եղանակին ասֆալտապատում կատարելով` կառավարության կողմից հատկացված միջոցներն են փոշիացվում, մարզպետը հակադարձում է.

«Գումարները չեն փոշիացվում, այլ ընդհակառակը, գումարները նպատակին են ծախսվում: Դրա համար կան համապատասխան կառույցներ, որոնք մրցույթը շահել են և պատասխանատվություն են կրում ասֆալտապատման որակի և աշխատանքների համար»,- ասում է Արթուր Նալբանդյանը, վստահեցնելով, որ մարզպետարանի համապատասխան վարչությունը ևս  ամենօրյա վերահսկողություն է իրականացնում կատարվող աշխատանքների նկատմամբ:

Վերահսկողություն իրականացնող Լոռու մարզպետարանի տրանսպորտի ու ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գևորգյանն անձրևային եղանակին ասֆալտապատման ու Ն. Ավետիսյանի հետ կապված միջադեպի  մասին ասում է.

«Ես շինարարների հետ զրուցել եմ, ճիշտ է, այդ օրը Վանաձորում անձրև եղել է,  սակայն աշխատողները պնդում են, որ այդ պահին անձրևը դադարած է եղել: Շինարարական տեխնիկան այսօր հնարավորություն ունի ճանապարհի վրայի ջուրը մեծամասամբ հավաքել, չեմ ասում 100 տոկոս: Ինձ հասած ինֆորմացիայով, ճանապարհը ուսումնասիրելով` թերություն այս պահի դրությամբ չկա, դա միանգամից չի երևա: Եթե ժամանակ կանցնի, կտեսնենք, անպայման հանձնարարություն կլինի, այդ աշխատանքը, եթե անորակ կատարված է, կշտկվի: Ինձ հասած ինֆորմացիայով մեքենայի խափանման պատճառով աշխատանքը մի քիչ ձգձգվել է ու մի փոքր հատված ոչ թե հորդառատ անձրևի տակ, այլ անձրևից հետո արվել է»:

Վարդան Գևորգյանի տեղեկացմամբ՝ Լոռու մարզպետարանի կողմից վերահսկվող ասֆալտապատման աշխատանքներում վերջին տարիներին որևէ կոպիտ խախտում չի հայտնաբերվել:  «Արձանագրվել են թերություններ, որոնք վերացվել են»,-նշում է Վ. Գևորգյանը:

Ի դեպ, այս տարի խնդիրներ են առաջացել նաև այլ ծրագրերով կատարվող  ճանապարհների մասնակի նորոգման աշխատանքների ընթացքում: Դեռևս գարնանը քաղաքի գլխավոր փողոցներից մեկը՝ Դեմիրճյանը, տևական ժամանակ չէր փոսալցվում: Վանաձորցիները դժգոհությունները էին հայտնում սոցցանցերում, որտեղ էլ փողոցն անվանակոչվել էր «Վանաձորյան տետրիս» անվամբ: Մայիսի 17-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկը, իր էջում տեղադրելով  Դեմիրճյան փողոցի կտրտված փոսերը ներկայացնող տեսանյութը, այն  վերնագրել էր «Վանաձորյան տետրիսի քառասունքը»:

 Հունիսի 21-ին կայացած Վանաձորի ավագանու նիստում փոսալցման աշխատանքների ուշացումներին  անդրադարձել էր նաև ավագանու անդամ Արմեն Մատինյանը: 

Ի պատասխան` Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշել էր. «Աշխատանքների որակի և հաճախականության սիստեմավորման հետ կապված մենք էլ մեր դժգոհությունն ենք արտահայտել... Համայնքն այս պահին հանդիսանում է պատվիրատու և պատվիրատուի բոլոր իրավունքները պետք է կիրառի, որպեսզի բնակիչների արդարացի դժգոհությունը ևս մեկ անգամ չբարձրանա»:


Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան

Բնակչության դժգոհության հերթական առիթն էլ Դիմաց թաղամասի Իսահակյան փողոցում արված փոսերն են: Թաղամասի բնակիչ Գևորգ Քոթանջյանի խոսքով` այդ փոսերն արվել են մոտ 3-4 ամիս առաջ:


Իսահակյան փողոց

Ո՞րն է պատճառը, որ դրանք մինչ օրս չեն լցվում: Քաղաքացին այս հարցը բարձրաձայնել է հոկտեմբերի 2-ին Մեդիա կենտրոնի կողմից Վանաձորում կազմակերպված քննարկման ընթացքում: Հարցին ի պատասխան` քննարկմանը մասնակցող ՀՀԿ-ական, ավագանու անդամ Արմեն Մատինյանն ասել էր. «Այդ փոսերն արել են, դրանից հետո նախատեսված գումարները որ հատկացրել են, այլ փողոցներում շատ ավելի մասշտաբային են եղել փոսերը, գումարը վերջացել է: Հաշվարկը, կառուցապատող կազմակերպությունը, սխալ է արել: Ավելի շատ են կտրտել, քան հնարավորություններն էր ներում»:  

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բնակֆոնդի ու համատիրությունները համակարգող բաժնի պետ Կարեն Պառավյանը վստահեցնում է՝  լրացուցիչ 8,5 մլն դրամ հատկացման հաշվին առաջիկայում կփոսալցվի նաև այդ փողոցը:

Երեք օր է` շինկազմակերպություններն ակտիվորեն սկսել են փոսալցման աշխատանքներ իրականացնել: Շինաշխատանքների վերջնաժամկետը սահմանված է  հոկտեմբերի 31-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter