Հինգշաբթի, 19 հոկտեմբերի

«Թել-Սել», «Իդրամ», «Արմենիան Քարդ» և այլն. ինչ դիրքերում են ընկերությունները



Հայաստանում, հատկապես՝ մայրաքաղաքում, վերջին տարիներին ավելանում են «Թել-Սել», «Իդրամ», «Իզի Փեյ» և այլ ընկերությունների վճարային տերմինալների քանակն ու դրանցից օգտվողների թիվը։ Զուգահեռաբար այդ ընկերությունները հաճախորդներին առաջարկում են գործարքներ կատարել նաև օնլայն հարթակում։ Դրանք քաղաքացիներին հնարավորություն են տալիս տարատեսակ գործարքներ կատարել՝ վճարումներ, դրամական փոխանցումներ,  բջջային հեռախոսահամարի լիցքավորում և այլն։ Այս ծառայություններից կարելի է օգտվել ինչպես տերմինալների, այնպես էլ՝ կայքերի, բջջային հավելվածների և այլ միջոցներով։ 

Այս ընկերություններից յուրաքանչյուրը ծառայությունների իր առանձնահատկություններն ունի, սակայն Կենտրոնական բանկը, որը տրամադրում է լիցենզիան, նրանց համար մեկ ընդհանուր դասակարգում է սահմանել։ Դրանք վճարահաշվարկային կազմակերպություններ  են, որոնք իրականացնում են վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ու քլիրինգ։ Ըստ ԿԲ-ի պաշտոնական կայքում հրապարակված ցանկի ՝ այսօրվա դրությամբ Հայաստանում այդ կազմակերպությունների թիվը հինգն է՝ «Թել-Սել»-ը (Telcell), «Իդրամ»-ը (Idram), «Արմենիան Քարդ»-ը (ArCa), «Իզի Փեյ»-ն (EasyPay) և «Մոբի Դրամ»-ը (MobiDram)։ Այս նույն ընկերությունները, բացառությամբ «Արմենիան Քարդ»-ի, ունեն դրամական փոխանցումներ իրականացնելու լիցենզիա։ 

Մասնագիտական բացատրությամբ՝ քլիրինգը վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, համաձայնեցումը, խմբավորումը, փոխանակումը, ինչպես նաև վերջնահաշվարկի համար վճարահաշվարկային համակարգի մասնակիցների դիրքերի հաշվարկումը կամ դրանց մի մասը ներառող գործընթաց է: 

Իսկ պրոցեսինգը վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, պահպանումը, դրանցում պարունակվող տեղեկատվության մշակումը, փոխանցումը, որոշ դեպքերում նաև մասնակցող կողմերի նույնականացումը, վճարահաշվարկային փաստաթղթի (վճարային գործիքի) վավերության ստուգումը, միջոցների փոխանցման հավաuտագրումը կամ դրանց մի մասը ներառող գործընթաց է։ 

«Հետք»-ը ուսումնասիրություն է կատարել՝ հասկանալու նշված ընկերություններից որը ինչ դիրք ունի շուկայում, որքան հասույթ ու շահույթ են ստանում, ինչ ծավալի հարկեր են վճարում և այլն։ Ինչպես նաև՝ «Իդրամ»-ի ներկայացուցչից լսել, թե որքանով է այս ծառայություններից օգտվելու մշակույթը մեր երկրում արմատացած։ 

Տվյալները վերցրել ենք ընկերությունների ֆինանսական հաշվետվություններից և Պետական եկամուտների կոմիտեից։ 

Հասույթով բացարձակ առաջատարը «Թել-Սել»-ն է 

Շուկայում ընկերությունների դիրքը կարելի է հասկանալ՝ ըստ նրանց հասույթի։ Այսպիսով, հասույթով վճարահաշվարկային նշված հինգ կազմակերպությունների շարքում առաջատարը «Թել-Սել»-ն է (Telcell)։ Ըստ ընկերության ֆինանսական հաշվետվությունների՝ 2016 թվականին հասույթը կազմել է ավելի քան 2.279 մլրդ դրամ, որը 2015-ի հասույթի համեմատ ավելացել է շուրջ 19 մլն դրամով կամ շուրջ  0,8%-ով։ Ընկերության կայքում կարդում ենք, որ 2007 թվականի օգոստոսին «Թել-Սել» ՓԲԸ-ն սկզբնավորեց Հայաստանում նոր բիզնես ուղղություն. ձևավորվեց ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունման առաջին ցանցը: «Թել-Սելը» առաջին ընկերությունն է Հայաստանում, որ ստեղծեց կոմունալ վճարումների ընդունման այլընտրանքային համակարգ: 

Հասույթով երկրորդ տեղում «Արմենիան Քարդ»-ն է։ 2016-ին ընկերության հասույթը կազմել է 1.234 մլրդ դրամ։ Աճը՝ մոտ 53  մլն դրամ կամ  4,5%: «Արմենիան Քարդ»-ը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տաս առևտրային բանկերի կողմից 2000 թվականի մարտին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով: 

«Իզի Փեյ»-ի հասույթը նախորդ տարի կազմել է մոտ 635 մլն դրամ: 2015-ի համեմատ այն աճել է շուրջ 294 մլն դրամով կամ 86%-ով։ «Իզի Փեյ»-ը հիմնադրվել է 2014 թվականի ապրիլին։ 

Հաջորդում է «Իդրամ»-ը՝ մոտ 490 մլն դրամով։ Աճը՝ 227 մլն դրամ կամ 86%:  «Իդրամ»-ը Հայաստանում գործում է 2004 թվականից։ «Ընկերությունը 2012թ. Կենտրոնական բանկի կողմից ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն՝ դառնալով առաջինը Հայաստանում»,- նշված է «Իդրամ»-ի պաշտոնական կայքում։ Նույն թվականին էլ ընկերությունը ստեղծել է հայկական առաջին բջջային դրամապանակը։ 

Իսկ ամենափոքր ծավալի հասույթը նախորդ տարի ստացել է «Մոբի Դրամ»-ը՝ ավելի քան 91 մլն դրամ։ 2015-ի համեմատ ընկերության հասույթն աճել է մոտ 16 մլն դրամով կամ 21%-ով։ «ՄոբիԴրամ»-ը բջջային օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ի (VivaCell-MTS) դուստր ձեռնարկությունն է։ Հիմնադրվել է 2011 թվականի օգոստոսին: 

Ընդհանուր առմամբ, հինգ ընկերությունների հասույթը 2016 թվականին կազմել է 4 մլրդ 729 մլն դրամ (որի շուրջ 48%-ն ապահովել է «Թել-Սել»-ը, 26%-ը՝ «Արմենիան Քարդ»-ը, ավելի քան 13%-ը՝  «Իզի Փեյ»-ը, ավելի քան 10%-ը՝ «Իդրամ»-ը, 2%-ն էլ՝ «ՄոբիԴրամ»-ը)։ 2015թ.-ի համեմատ այն աճել է 608 մլն դրամով կամ մոտ 15%-ով։ Ընդ որում՝ հինգ ընկերությունների հասույթն էլ աճել է։ Բացարձակ թվով ամենամեծ աճը գրանցել է «Իզի Փեյ»-ը, իսկ տոկոսային առումով՝ «Իզի Փեյ»-ը և «Իդրամ»-ը։

Նշենք, որ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները հրապարակվում են ամեն տարի և աուդիտի ենթարկվում։ Հինգի դեպքում էլ աուդիտորները եկել են այն եզրահանգման, որ հաշվետվություններում ներկայացված են իրական և ճշմարիտ տվյալներ։

Այդ հաշվետվություններում առկա հասույթի ցուցանիշները ցույց են տալիս տվյալ ընկերության ընդհանուր գործունեության արդյունքը։ Այսինքն՝ առանձնացված չէ, թե օրինակ էլեկտրոնային վճարումների մասով որքան է կազմել հասույթը, տերմինալների միջոցով գործարքների արդյունքում՝ որքան և այլն։ Ու եթե ընդհանուր հասույթի ցուցանիշով առաջատարը «Թել-Սել»-ն է, հնարավոր է, օրինակ, էլեկտրոնային վճարումների մասով առանձին վերցրած այն առաջատարը չէ։  Սակայն ընկերությունները չեն հրապարակում ցուցանիշերն այդ բացվածքով։ 

Ով որքան շահույթ է գրանցել

2015 թվականին նշված հինգ կազմակերպություններից երկուսը՝ «Իդրամ»-ն ու «Մոբի դրամ»-ը վնասով են աշխատել։ Նախորդ տարի՝ 2016 թվականին, «Իդրամ»-ը սկսել է շահույթով աշխատել, իսկ «Մոբի դրամ»-ի վնասն ավելի է մեծացել։ 

«Թել-Սել»-ի շահույթն անհամեմատ ավելի մեծ է, քան մնացած երեք կազմակերպություններինը։ 

Ընդհանուր առմամբ, հինգ ընկերությունների շահույթը միասին նախորդ տարի կազմել է ավելի քան 439 մլն դրամ՝ 2015-ին մոտ 435  մլն դրամի դիմաց։ Ընկերություններից առաջին երեքի շահույթը նվազել է։ 

Նշվածներից «Թել-Սել»-ն ու «Արմենիան Քարդ»-ը 2016 թվականին ներառվել են Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։

«Թել-Սել»-ն այստեղ 474-րդ հորիզոնականում է։ Տարվա ընթացքում վճարել է, ընդհանուր առմամբ, 236.5 մլն դրամի հարկեր։ 

Իսկ  «Արմենիան Քարդ»-ը զբաղեցրել է 536-րդ տեղը՝ վճարելով մոտ 209 մլն դրամի հարկեր։ 

«Իդրամ»-ի ներկայացուցիչ. «Մարդիկ սկսել են առավել վստահությամբ վերաբերվել ֆինանսական գործարքներ իրականացնելու անկանխիկ տարբերակներին» 

«Իդրամ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Մադաթյանը նկատում է, որ վերջին երկու տարում Հայաստանում առցանց վճարումների կիրառելիության նկատելի զարգացում է արձանագրվում։ «Մարդիկ սկսել են առավել վստահությամբ վերաբերվել ֆինանսական գործարքներ իրականացնելու անկանխիկ տարբերակներին և շոշափելի կերպով զգալ առցանց վճարելու առավելություններն իրենց առօրյայում: Այս զարգացումը պայմանավորված է ինչպես ոլորտի ներկայացուցիչների մեծ ներդրմամբ, այնպես էլ մեր ապրելակերպի ընդհանուր զարգացմամբ, երբ կյանքի արագ տեմպի պայմաններում ժամանակի խնայողությունը դառնում է անհրաժեշտություն, իսկ էլեկտրոնային դրամապանակներն օգնության են հասնում այդ հարցում»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Տ. Մադաթյանը:

Մեկ տարի առաջ «Իդրամ»-ը մուտք գործեց նաև վճարային տերմինալների շուկա՝ ծառայություններ առաջարկելով միաժամանակ չորս հարթակներով՝ կայքի միջոցով, էլեկտրոնային դրամապանակով, մասնաճյուղերով և տերմինալներով: Ըստ Տ. Մադաթյանի՝ այսօր վճարային տերմինալների շուկան, համեմատած էլեկտրոնային դրամապանակների շուկայի հետ, կարելի է ասել, որ գտնվում է փոքր-ինչ առավել շահեկան դիրքերում, քանի որ վճարային ինքնասպասարկման սարքերին մարդիկ ծանոթ են ավելի վաղուց, քան էլեկտրոնային դրամապանակներին:

«Այսօր կան երկրներ, որոնց բնակչության մեծ մասն անցել է առցանց վճարումների՝ հրաժարվելով կանխիկ գումարից: Որպես տեխնոլոգիական զարգացումների ուղին ընտրած երկիր՝ Հայաստանը ևս արագացող տեմպերով շարժվում է այդ ուղղությամբ, և կարծում ենք, որ հեռու չէ այն օրը, երբ հասարակության մեծամասնությունը վճարումներ և դրամական փոխանցումներ կատարելիս կնախընտրի էլեկտրոնային վճարման միջոցները»,-  նշում է  «Իդրամ»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:

Հարցին, թե մեծամասամբ ո՞ր խավի և ո՞ր տարիքի քաղաքացիներն են օգվում «Իդրամ»-ի ծառայություններից, Տ. Մադաթյանը պատասխանում է, որ ունեն անգամ 70-ն անց օգտատերեր, ովքեր իրենց սմարթֆոններով օգտվում են «ԻԴՐԱՄ» դրամապանակից: «Քանի որ «Իդրամ»-ն առաջարկում է ծառայությունների բավականին մեծ տեսականի, տարբեր են նաև հաճախորդների թիրախային խմբերը: Համակարգը ծառայություններ ունի, կարելի է ասել, յուրաքանչյուրի համար՝ սկսած կոմունալ վճարումներ իրականացնող տնային տնտեսուհուց, մինչև սրճարանում հաշիվն ԻԴՐԱՄ դրամապանակով վճարող պատանին կամ միջին տարիքի տղամարդը, ով վճարում է ՃՈ տուգանքներ:

«Իդրամ»-ից օգտվում են նաև արտասահմանում բնակվող կամ գտնվող մեր քաղաքացիները, ովքեր, անկախ հեռավորությունից, հեշտությամբ կատարում են փոխանցումներ, իրականացնում իրենց հայաստանյան վճարումները»,- ասաց Տ. Մադաթյանը։

Նրա հաղորդած տվյալներով՝ «Իդրամ» համակարգում գրանցված հաշիվների թիվն ավելի քան 340 հազար է: «Իդրամ» ընկերությունն այսօր համագործակցում է շուրջ 130 կազմակերպությունների հետ՝ մատուցելով ավելի քան 200 տեսակի ծառայություն: 

Ինչու այստեղ «չխառնել» բանկերին 

Մեր ներկայացրած հինգ կազմակերպությունները Հայաստանի վճարահաշվարկային համակարգի միայն մի մասն են։ Ինչպես գրված է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում առկա պարզաբանման մեջ, մեր երկրում վճարահաշվարկային համակարգի մասնակիցներ են հանդիսանում ՀՀ տարածքում գործող բանկերը և ոչ բանկ ֆինանասական կազմակերպությունները: 

Բանկերը կարող են մատուցել վճարահաշվարկային ծառայություններ բանկային լիցենզիայի հիման վրա և իրենց հայեցողությամբ անդամակցել Հայաստանում գործող վճարահաշվարկային համակարգերին, ինչպես նաև միջազգային դրամական փոխանցումներ իրականացնող համակարգերին: 

Իսկ ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների թվին են պատկանում վճարահաշվարկային կազմակերպությունները, որոնց գործունեությունը կարգավորվում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով: Ըստ այս օրենքի` վճարահաշվարկային  կազմակերպությունների լիցենզիաների տեսակները երկուսն են։ Առաջինը՝ դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիան, երկրորդը՝ վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացման լիցենզիա։ Ինչպես գրել ենք վերևում, մեր նշած հինգ կազմակերպությունները հենց այս երկրորդ խմբին են պատկանում։ Բացի այդ, նրանք ունեն նաև դրամական փոխանցումներ իրականացնելու լիցենզիա, բացառությամբ՝ «Արմենիան Քարդ»-ի։        


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ