HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետն ու օպերատիվ բաժնի պետը

Դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի, օպերատիվ բաժնի պետի և այլ ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:

Նշված դեպքերի կապակցությամբ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գլխավոր դատախազությունն ուղարկել է հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու համար:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ ՀՔԾ քննիչների, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, պլանավորված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը և այլ ծառայողներ, 2017 թվականի ընթացքում շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնությամբ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Քրեական գործով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը և նրանց կաշառք տված անձը:

Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter