HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Հինգ անուն` Սպարտակ Սեյրանյանի ձայնադարանից

«Հետքը» իր երաժշտական շարքում սկսել է նոր խորագիր՝ «Հինգ անուն՝… ձայնադարանից», որի ներքո տարբեր ոլորտի մասնագետները կներկայացնեն ոչ միայն իրենց երաժշտական նախասիրությունները, այլև երաժշտության ունեցած դերն իրենց կյանքում: Դրանք ընդգրկելու են տարբեր ժանրեր և ոճեր, դրանք միևնույն ժամանակ բացահայտելու են մեզ արդեն հայտնի շատ մարդկանց մեկ այլ տեսանկյունից: Ժողովրդական, դասական, հանրային մեծ լսարաններ ընդգրկող տարբեր գործեր՝  նաև օրվա հերոսի մեկնաբանությամբ:

Խորագիրն այսօր ներկայացնում է հինգ անուն՝ քաղաքական գործիչ Սպարտակ Սեյրանյանի ձայնադարանից:

Ազգագրագետ, ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար (2008-2009թ.թ.) Սպարտակ Սեյրանյանին շատերն են ճանաչում որպես երաժշտության, մասնավորապես ռոքի, մեծ երկրպագուի: Իսկ ոմանք հասցրել են նաև համոզվել, որ նա ոչ միայն չափազանց հարուստ հավաքածու ունեցող երաժշտասեր է, այլև այս ասպարեզից լավագույնս տեղեկացված մարդ: Ս. Սեյրանյանը նաև նվագում է երաժշտական տարբեր գործիքներ:  Չնայած հայտնի ռոքասեր լինելուն՝ նրա ձայնադարանն ընդգրկում է ամենահնարավոր ու անհնարին ժանրերը, որոնց երբեմն դժվար է միասին պատկերացնել մեկ երաժշտասերի հավաքածուում. ռոք, ջազ, բլյուզ, հոգևոր երաժշտություն՝ աշխարհի տարբեր կրոնածիսական երգերով, պրոգրեսիվ, ֆոլկ, դասական… և այլն:

«Ժանրային առումով, այո, ծայրահեղ տարբեր է իմ նախընտրած երաժշտությունը, բայց տարածքը մեկն է՝ Երաժշտություն,- մեկնաբանում է Ս. Սեյրանյանը,- որովհետև երաժշտությունն ինձ համար առանձին կղզյակներ չունի՝ ռոք, ֆոլկ, ջազ կամ դասական կղզյակ: Այն մի մեծ օվկիանոս է, որի ալիքները կարող են տարբեր ձև ու ուժգնություն ունենալ:  Հետևաբար, ինձ համար գոյություն ունի Երաժշտություն՝ իր տարբեր դրսևորումներով և գույներով»:

Եվ չնայած այս բազմաժանր և միմյանցից տարբեր երաժշտագույներին՝ ռոքն, այնուամենայնիվ, մշտապես իր հաստատուն տեղն ունի այս երաժշտասերի կյանքում:

«Երաժշտությունը ժամանց չէ, հոբբի կամ լավ հավաքածու ունենալը չէ, և, նույնիսկ, պարզապես արվեստի ճյուղ չէ,- ասում է նա:- Երաժշտությունը մտածողություն է և կեցության ձև: Ու այս տեսակետից ելնելով՝ ռոքը կենսափիլիսոփայություն է ինձ համար, այլ կերպ ասած՝ ապրելակերպ: Ռոք երաժշտությունը կյանքի ռիթմ է, նաև բնավորություն.  եթե, իհարկե, դու ոչ թե միայն ունկնդիր ես, այլ դա քո էության մի մասն է: Եվ եթե դու իրապես այդ երաժշտությունն ընդունում ու հասկանում ես, ինքը քեզ անպայման փոխում է»: 

Լուսանկարը՝ Ս.Սեյրանյանի արխիվից

Պատմում է, որ առաջին անգամ ռոք լսել է 10 տարեկանում, և այդ հանդիպումը ոչ միայն անսպասելի էր, այլև՝ ոչ այնքան խոստումնալից:

«Ծննդյանս օրվա առիթով ընկերներս նվիրել էին «Deep Purple խմբի «Fireball» ալբոմը:

Ես այն ժամանակ երաժշտական դպրոցում էի սովորում»,- հիշում է Ս. Սեյրանյանը: Հավանաբար Մենդելսոնի ռոմանտիկ հնչյուններն ու դրանցով լեցուն մանրանվագները մտքում էլ նա միացրել էր ձայնարկիչն ու անակնկալի եկել՝ այնտեղից դուրս թափվող աղմուկից:

«Առաջին մի քանի նոտաները լսելուց հետո զարմանքից կարկամել էի… ինձ համար դա ոչ թե պարզապես ինչ-որ աղմուկ էր, այլ` շոկի պես մի բան,- պատմում է Ս. Սեյրանյանը,- նույնիսկ մտածեցի՝ էս ի՜նչ հիմարություն է, երևի կատակի համար են նվիրել:

Որոշ ժամանակ հետո նորից սկսեցի լսել: Ու գրավեց, տարավ… հետո  դարձավ կյանքիս բաղկացուցիչ մասը՝ հարդ ռոքը, «Deep Purple»-ը»:

Հետո, արդեն գտած երաժշտության ազդեցությամբ, սկսել է կիթառ և հարվածային գործիքներ նվագել սովորել»:

Արդեն մի քանի տարի է, ինչ ռոքից բացի, Ս. Սեյրանյանը շատ հետաքրքրված է հոգևոր երաժշտությամբ: Ոչ թե միայն հայկական շարականներ, այլև աշխարհի տարբեր ժողովուրդների հոգևոր երգեր, կրոնածիսական երաժշտություն և այս առումով էլ ունի մեծ հավաքածու:

Ասում է, որ շատ ու շատ «իզմերով» հետաքրքրվելուց հետո (արվեստի ցանկացած բնագավառում), մարդը, միևնույն է, վերադառնաում է դեպի ակունքներ: «Ոչ թե դեպի սեփական, այլ՝ մարդ մնալու ակունքներ»:  Բայց երբ հարցը վերաբերում է բազմաժանր ձայնադարանից հինգ անուն ընտրելուն, ապա ռոքն իր ծանրակշիռ տեղը նորից առաջ է մղում:

«Ես այսօր առանձնացրել եմ 5 անուն, որոնք, իմ կարծիքով, բեկումնային են եղել երաժշտական այս ուղղության մեջ»:- ասում է Ս. Սեյրանյանը:

Այսպիսին են նրանք՝ 

«Deep Purple» խմբի 1970թ. թողարկված «In Rock» ալբոմը

«Ես այս ալբոմն առաջին անգամ լսել եմ 1973թ.: Սա իմ կարծիքով  ռոք երաժշտության մեջ բոլորովին նոր խոսք ու ոգի ներարկեց, ընդլայնեց նաև նրա դրսևորման սահմանները,- այսպես է մեկնաբանում Ս. Սեյրանյանը:- Այս ալբոմով նրանք կարծես ասացին, որ ռոք երաժիշտը միայն ձեր ճանաչած երկար մազերով, ինչ-որ տեղ` անհնազանդ վարքով կամ հիպիի կյանք վարող երիտասարդը չէ: Որ ռոքի տարածքում ստեղծագործողը նաև տվյալ հասարակության մեջ ապրող և այնտեղ առկա խնդիրները կիսող, ավելին՝ դրանց մասին բարձրաձայնող երիտասարդն էր»:

Այս ալբոմում նրա համար ամենասիրելին և առանձնահատուկը, անպայման, «Child in Time»-ն է:

Խմբի պատմությունն այս երաժշտասերի համար իր մեջ ներառում է առանձնահատուկ վերաբերմունք հատկապես լեգենդար Ջոն Լորդի հանդեպ: Սպարտակ Սեյրանյանը նրա ստեղծագործական ուղուն հետևել և այն կարևորում է նաև Լորդի՝ խմբից հեռանալուց, անհատական գործունեություն ծավալելու ընթացքում:

«Ուզում եմ հավելել, որ Ջոն Լորդի շնորհիվ  երկխոսության եզրեր գտնվեցին երկու հակադիր տարածքներ ընկալվող երաժշտական ուղղությունների միջև՝ դասական-ակադեմիականի և ռոքի: Նա ասում էր, որ պետք չէ իրար հակադրել ռոքն ու դասականը, և որ կա ոչ միայն շփման, այլև՝ երկխոսության եզր: Նա բերեց այս երկու աշխարհներն ու համադրեց իրար ներդաշնակորեն: Ոչ թե հավասարեցրեց, այլ երկխոսության վերածեց և ասաց, որ կարևորը գեղեցկությունն է, ներդաշնակությունը և հոգու հետ խոսելու կարողությունը»,- դիփփըրփլյան առաջնորդող շարքն այսպես է եզրափակում Ս. Սեյրանյանը:

«Led Zeppelin» խմբի 4-րդ ստուդիական ալբոմը՝ անանուն, բայց հաջորդականության տրամաբանությամբ՝ որպես «Led Zeppelin IV» հիշատակվող

Այս ալբոմը թողարկվել է 1971թ.: Այն լեգենդար Ջիմի Փեյջի մտահղացումն էր՝ ոգևորված «Led Zeppelin III»-ի հաջողություններից: Թե ինչու է նրան վերապահված երկրորդը լինել մեր այսօրվա ձայնադարանում, Ս. Սեյրանյանն այսպես է մեկնաբանում. « «Led Zeppelin»-ն այս ալբոմով ապացուցեց, որ բլյուզը` ավելի կտրուկ հնչողությամբ և այլ լադերի մեջ, կարող է ցնցող ռոք դառնալ»:

Այստեղ ևս կա մի գործ, որն անհնար է շփոթել որևէ այլ երգի, երաժշտության կամ խմբի ոճային խառնվածքի հետ: Եվ ինչպես նախորդում՝ «Child in Time»-ում, այս մեկում ևս, ընդամենը առաջին մի քանի հնչյուններից հետո կարելի է հասկանալ, թե խոսքն ինչի մասին էր: Այսպիսին է այցեքարտային, ժամանակ ու տարածություն չճանաչող «Stairway to Heaven»-ը:

«Pink Floyd»` «The Dark Side of the Moon» 

«Ռետրո Ակումբ» երաժշտական շարքում մի ամբողջ պատմություն ենք նվիրել այս ալբոմին՝ «Երաժշտության ու պատկերի լավագույն երկխոսություններից մեկն աշխարհում» խորագրով: Ձայնասկավառակը թողարկվեց 1973թ. մարտ ամսին, խմբի 8-րդ ստուդիական ալբոմն է և համաշխարհային փառքի խորհրդանիշը: Երաժշտական քննադատների մեծ մասը վստահեցնում է, որ սա «Pink Floyd»-ի լավագույն ձայնասկավառակն է՝ բոլոր առումներով: Մինչ օրս այն մնում է աշխարհում ամենավաճառված ալբոմների ցուցակում, իսկ սկավառակի կազմը՝  լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը:

«Փոխվել է մի քանի սերունդ ու ոչ միայն երաժշտասերների, այլև՝ ռոքի,- ասում է Ս. Սեյրանյանը,-Եվ, այնուամենայնիվ, այս ալբոմը մնում է ամենաճանաչվածներից մեկը մինչև այսօր: «The Dark Side of the Moon» -ը ռոքի դասական ալբոմ է»:

Լուսնի հակառակ կողմից աշխարհին լսվող նրա ամենասիրելի ձայնն էլ «Time»-ն է՝ ժամանակի անեզր զգացողությունը ժամացույցի ձայնով արթնացնող, մարդկային սրտի բաբախյունով այդ ժամանակի վատնումը կանխելու փորձ անող փիլիսոփայությամբ:

««Փինք Ֆլոյդը» պրոգրեսիվ երաժշտության մեջ ներմուծեց այնպիսի էլեմենտներ, որոնք մինչև հիմա ոչ մեկին չի հաջողվել կրկնօրինակել»,- ասում է Սպարտակ Սեյրանյանը:

«Yes»` «Going for the One» (1977թ.)

Թեև մինչ այս ալբոմը նախընտրած շատ երգեր կան նաև նախորդ հավաքածուներից, այնուամենայնիվ, «Yes» պրոգրեսիվ ռոք խմբի գործունեության մեջ այս մեկն առանձնահատուկ է Ս. Սեյրանյանի համար:

 «Նրանք բարդ երաժշտություն են նվագում՝ հիմնականում բարդ հարմոնիաներով և դասական երաժշտության կանոններով: Բացի այդ՝ այստեղ չկան երգի կառուցվածքային ընդունված բանաձևերը՝ տուն-կրկներգ-երկրորդ տուն… և այլն՝ համապատասխան երաժշտությամբ: Նրանց երգերը կարող են սկսվել մի ռիթմով և ավարտվել բոլորովին այլ զարգացմամբ: Խմբի 70-ական թթ. համերգները նայելիս ապշել կարելի է, երբ հասկանում ես, որ այդ երաժշտությունը՝ իր ընկալման բարդությամբ, անսովոր լուծումներով, կարողացել է հսկայական մարզադաշտերը փոքր ու նեղ դարձնել իր հազարավոր երաժշտասերների համար»:

Բրիտանացի երաժիշտ Սթիվեն Ուիլսոնը Սպարտակ Սեյրանյանի ձայնադարանում 5-րդ տեղում է`«Grace for Drowning» (2011թ.) ալբոմով

«Բարեբախտաբար այս երաժշտին բավականին շատ են լսում նաև Երևանում,- նկատում է Ս. Սեյրանյանը,- նա իր երաժշտությամբ ջնջել է բոլոր սահմանները ակադեմիական և ռոք երաժշտության միջև՝ առաջարկելով բոլորովին այլ մոտեցումներ երաժշտության ընկալման մեջ: Հնչյունի, ձայնի վիբրացիայի հետ իր ստեղծագործական աշխատանքով, իմ կարծիքով, նա նոր հիմք է դնում երաժշտական բոլորովին նոր մտածելակերպի, որը, համոզված եմ,  լեյտմոտիվ պիտի դառնա առաջիկայում»: 

Այս ալբոմում նա առանձնացնում է «Rider II» գործը:

«Երաժշտությունը ամենադեմոկրատ արվեստն է,- համոզված է Սպարտակ Սեյրանյանը:- Բոլոր նրանք, ովքեր փորձում են երաժշտությանն անդրադառնալ միայն լսողական օրգանով, իմ կարծիքով, դատապարտված են այն ճիշտ ընկալելու անկարողությամբ: Որովհետև երաժշտությունը հոգուդ հետ է խոսում, ոչ թե ականջիդ»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Ալեքսանյանի, Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter