Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի

Ծովակում ճանապարհների վերանորոգման համար կօգտագործեն Սևանի մայրուղու շինարարական թափոնը



Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնք մտնող ճանապարհները գրեթե անանցանելի են: Մարդիկ ստիպված հարթ տարածք են գտել և երթևեկել են, ինչն արհեստականորեն լայնացրել է ճանապարհը: Նույն վիճակն է նաև համայնքի ներսում: Արդեն 20 տարի է` գյուղացիները բարձրաձայնում են այդ մասին: Հնչել են խոստումներ, սակայն այդպես էլ ճանապարհների վերանորոգումը օրակարգային հարց չի դարձել:

Ծովակը Վարդենիսի նախկին տարածաշրջանի մեծությամբ երկրորդ գյուղն է: Ունի մոտ 3000 բնակիչ և ճանապարհների վերանորոգման հարցն ավելի սուր է արտահայտված:

Ծովակի համայնքապետ Գարիկ Հակոբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ բազմիցս դիմել է պատկան մարմիններին, սակայն շոշափելի արդյունքի չեն հասել:

«Մեր ճանապարհից օգտվում է ևս 3 համայնք՝ Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր, մոտ 14 կիլոմետր է: Երևի երկարության պատճառով ընթացք չի տրվել: Պատգամավորը՝ Հակոբ Հակոբյանը, խոստացել է Երևան-Սևան ճանապարհի վերանորոգումից դուրս եկող հումքը բերել այստեղ: Գոնե չարյաց փոքրագույնը՝ փոշուց կազատվենք»,- ասում է Գ. Հակոբյանը՝ հավելելով, որ իրեն հասած տեղեկություններով, ամբողջական վերանորոգման համար մոտ 700 միլիոն դրամ է անհրաժեշտ:

Գ. Հակոբյանի խոսքերով՝ համայնքապետարանն իր միջոցներով հարթեցման աշխատանքներ կատարում է, սակայն հերթական անձրևից հետո կատարված աշխատանքն ընկնում է ջուրը, և դարձյալ փոսեր են առաջանում:

Գարիկ Հակոբյանն ասում է, որ վատ ճանապարհների պատճառով գյուղի բնակիչները շատ են տուժում: Մասնավորապես՝ բերքի իրացման ժամանակ առևտրականները չեն մտնում գյուղ:

Ճանապարհներից բացի` խիստ վերանորոգման կարիք ունի նաև մշակույթի տունը, որի առաջին հարկի մի հատվածում տեղակայված է գյուղի գրադարանը, համայնքապետարանը: Ծովակում չկա մշակութային կյանք:

Ծովակը համայնքապետարանի շենք չի ունեցել: 1990-ականներին փորձել են շենք կառուցել, նույնիսկ շինարարություն է ընթացել, սակայն կիսակառույցը 1996 թվականին սեփականաշնորհվել է:

Մշակույթի տան երկրորդ հարկը, որը օգտագործման համար պիտանի չէ, պատուհանները կոտրվել են, տանիքը վնասված է: Այս դահլիճում անհիշելի ժամանակներից որևէ միջոցառում տեղի չի ունեցել: Նույնիսկ բեմահարթակի վերևում փակցված է մնացել կոմունիստական կուսակցության կարգախոսներից մեկը՝ «Կուսակցության վերջնական նպատակը աշխատավորության բարեկեցության բարձրացումն է»:

Համայնքապետի խոսքերով՝ սեփական միջոցներով չեն կարող վերանորոգման աշխատանքներ իրականացնել; Այս ընթացքում մի կերպ կարողացել են հարթ տանիքով մանկապարտեզի համար նոր տանիք կառուցել:

Մանկապարտեզ հաճախում է 60 երեխա, թեև մասնաշենքերից մեկի վերանորոգման դեպքում հնարավոր կլինի տեղավորել մինչև 120 երեխա: Այդ շենքի մի հատվածում համայնքապետարանը վերանորոգման աշխատանքներ է սկսել: Հանդիսությունների և սգո արարողությունների սրահ է կառուցվում:

Գյուղի եկամուտը նախկինում ապահովել է Սևանից որսած ձուկը, սակայն Գարիկ Հակոբյանի ասելով՝ «լիճը շատ կերակրեց ժողովրդին», արդեն սպառվել է: Հիմա տղամարդիկ նախընտրում են արտագնա աշխատանքը; Անկախությունից ի վեր մոտ 35 ընտանիք է լքել գյուղը, իսկ սեզոնային աշխատանքի մեկնում է տարեկան 200 տղամարդ:

Ասում է, եթե ճանապարհների հարցը լուծվի, գյուղում աշխուժանա կյանքը, գուցե գյուղից մեկնողների թիվը կրճատվի:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ