Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Անդրիաս Ղուկասյանը դատարանից խնդրում է 1,5 մլն դրամ գրավով փոխել իր խափանման միջոցը



Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում էր «Ոտքի´, Հայաստան» նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանի կալանքը 1,5 մլն դրամ գրավով փոխարինելու միջնորդությունը, որի ընթացքում Ղուկասյանը նշեց, որ չի խախտի գրավի պայմանները, նշեց որ իր խնամքին ունի անչափահաս աղջիկ, առողջական խնդիրներ ունեցող մայր: Ասաց նաև, որ ինքը քաղաքական գործիչ է, եղել է նախագահի թեկնածու:

Անդրիաս Ղուկասայնը նշեց, որ գրավի մերժումը, ըստ Եվրոպական կոնվենցիայի, սահմանվում է չորս հիմնական չափանիշով. «Օրինակ, վտանգը, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում չի ներկայանա դատարան կամ կխոչընդոտի արդարադատության կայացմանը, նոր հանցագործություն կկատարի կամ հասարակական կարգ կխախտի: Մեղադրյալը հավելեց նաև, որ խափանման միջոցի մասին միջնորդությունը քննելիս ազգային դատարանները պետք է հաշվի առնեն անմեղության կանխավարկածը և մարդու անձնական ազատության առկայությունը:

«Պետք է հաշվի առնել անձի բնավորությունը, բարոյական կերպարը, կապերը պետության հետ»,-նշեց Անդրիաս Ղուկասյանը:
Միջնորդության դեմ դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց՝ հայտնելով, որ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը մեծ են, քանի որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել երկու ծանր հանցագործությունների համար:

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ հայտարարեց, թե չկա որևէ փաստարկ, որ իր պաշտպանյալը կկատարի հանցագործություն, ազդեցություն կգործի հարցաքննվող անձանց վրա կամ կխուսափի պատասխանատվությունից:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննելու միջնորդությունը: Դատավորը նշեց, որ պետք է հիմնավորված որոշում կայացնի, քանի որ, բավարարելու դեպքում, դատախազն է բողոքարկելու, մերժելու դեպքում ՝ պաշտպանական կողմը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ