HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նաիրա Զոհրաբյան. «ԵԽԽՎ նոր նախագահի գործողություններում այս տարիների ընթացքում կողմնակալություն չենք նկատել»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Կիպրոսի ներկայացուցիչ Ստելա Կիրակիդեսը։

ԵԽԽՎ նոր նախագահի և նստաշրջանում քննարկվող հարցերի շուրջ զրուցեցինք Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ։

Տիկին Զոհրաբյան, ինչպե՞ս կբնորոշեք ԵԽԽՎ նոր նախագահին, որքանո՞վ է նա ընդունելի հայկական պատվիրակության համար։

-Խնդիրն այն է, որ բացարձակ նշանակություն պիտի չունենար, թե ով է ԵԽԽՎ նախագահը, որովհետև նա մեկ առաքելություն պետք է ունենար՝ առաջնորդվել բացառապես ԵԽԽՎ-ի կանոնակարգով։ ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունդը ուղղակիորեն «ռմբակոծեց» կանոնակարգը՝ ցույց տալով, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում կարող է լինել կոռումպացված մեկը, ում համար ԵԽԽՎ կանոնադրությունը ընդամենը ջնջոց է, որով կարելի է սրբել ու մի կողմ շպրտել բոլոր հիմնարար արժեքները։ Այդ առումով կիպրոսցի պատգամավորի ընտրությունը այնքանով է ընդունելի, որ ի դեմս Ստելա Կիրակիդեսի` մենք ունենք պատգամավոր, ում հետ այս տարիների ընթացքում աշխատել ենք և որևէ կողմնակալություն իր գործողություններում չենք տեսել։ ԵԽԽՎ նախագահը պետք է լինի ոչ թե այս կամ այն երկրի լոբբիստը, ինչպես Դոն Պեդրոն էր, այլ ԵԽԽՎ 47 անդամ երկրների համար արժանի նախագահ։ Ուստի, դրական ենք գնահատում այն հանգամանքը, որ ԵԽԽՎ նախագահ կարող է ընտրվել անաչառ մեկը։

- Ստացվում է՝ հայկական պատվիրակության համար ընդունելի՞ թեկնածու էր։

-Նա մի մարդ է, որը պատրաստ է հավասարապես անաչառ աշխատել ԵԽ անդամ բոլոր երկրների հետ։ Չեմ թաքցնում՝ մեր պատվիրակությունն ընտրել է իրեն, մենք չէինք կարող ընտրել Ադրբեջանի խավիարակեր Զինգերիսին (ԵԽԽՎ նախագահի Լիտվայի ներկայացուցիչը), ում անձամբ ես ասել եմ` հանգիստ եղեք, դուք ադրբեջանական պատվիրակության հերոսն եք: Չնայած Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը գործադրեց բոլոր ջանքերը, որ մինչ հունվար Ագրամունդն ունենա իր արժանի հետնորդը՝ ի դեմս Զինգերիսի, սակայն դրանք չարդարացվեցին։ Կարևոր եմ համարում, որ լիագումար նիստում քվեարկության ժամանակ պատգամավորները հասկացան, որ ԵԽԽՎ-ն ճգնաժամում է հայտնվել, և կատարեցին ճիշտ ընտրություն։

- Տիկին  Զոհրաբյան, ԵԺԿ-ի փակ գաղտնի քվեարկությամբ ամբողջովին այլ պատկեր էրայնտեղ հաղթում էր Լիտվայի ներկայացուցիչը, սա ինչպե՞ս կբացատրեք։

-ԵԺԿ-ն Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքն է, իսկ Ադրբեջանը միշտ փորձել է իր «թաթը գցել» ամենամեծ, ամենաշատ ազդեցություն ունեցող քաղաքական միավորներ։ Ինչքան էլ դա դուր չգա այն հայկական, քաղաքական կուսակցություններին, որոնք ԵԺԿ անդամ են, ԵԺԿ-ում Ադրբեջանի նավթոտ թաթը շա~տ ավելի մեծ ազդեցություն ունի։ ԵԺԿ խմբի ղեկավարությունն, իհարկե, փորձում էր ամեն ինչ անել, որ մինչ հունվար Ագրամունդի «սուրբ տեղը» դատարկ չմնա, սակայն, ապարդյուն։

- Ինչպե՞ս կգնահատեք նստաշրջանի աշխատանքները, քննարկվող հարցերը։

-Այս պահին քննարկվում է շատ կարևոր մի զեկույց, որով նախատեսվում է ԵԽԽՎ կանոնակարգում լրջագույն փոփոխություններ կատարել։ Այդ զեկույցը հնարավորություններ կընձեռի կանոնակարգել լոբբիստների՝ երրորդ մարդկանց մուտքը ԵԽԽՎ, նվերների անվան տակ կոռուպցիոն գործարքներ կնքելու ամբողջ գործընթացը կհստակեցվի։ Իհարկե, այնպես չէ, որ այդ փոփոխություններից հետո Ալիևի նավթադոլարային քաղաքականությունից սնվողները սրբեր են դառնալու, մենք հասկանում ենք, որ այդ կախվածությունը թմրադեղային հիվանդության նման է, բայց այլ ճանապարհ չունենք։

Տիկին Զոհրաբյան, ի՞նչ կարող եք ասել Ադրբեջանի նախագահի այն հայտարարության մասին, որ հնարավոր է դադարեցնեն ԵԽԽՎ-ին անդամակցությունը։

-Վաղը նախատեսված է երկու զեկույցի քննարկում, որոնք ուղղակիորեն վերաբերում են Ադրբեջանի ժողովրդավարության ինստիտուտների գործունեությանը։ Այո, Ալիևը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ից դուրս գալով` որևէ մեկը Ադրբեջանում չի մտահոգվի։ Երբ վաղը քննարկվի Ադրբեջանի պարտավորությունների կատարումը, շատերը կհիշեն Իլհամ Ալիևի նշյալ հայտարարությունը։ Դա ընդամենը շանտաժ է Ադրբեջանի կողմից և, բնականաբար, ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter