HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հողերը փակ աճուրդով վաճառելու իրավաչափության հարցը կքննարկվի Սահմանադրական դատարանում

Սահմանադրական դատարանը (ՍԴ) սեպտեմբերի 20-ին վարույթ է ընդունել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության` ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 7-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումը: ՍԴ նախագահի սեպտեմբերի 27-ի որոշումով գործի դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով` նկատի ունենալով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն:

Այս գործով դատաքննությունը սկսել ենք  2015թ. մարտին: Այդ ընթացքում հրապարակել ենք երկու հետազոտություն` «Աճուրդների իրականացման գործընթացը տեղական ինքնակառավարման մարմիններում» եւ «Օտարումների գործընթացի օրինականության ապահովում»:

Հետազոտությունները բացահայտեցին աճուրդների անվան տակ համայնքային ունեցվածքի փոշիացումը: Դրա երաշխավորը Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերն են, որոնցով համայնքային հողերի փակ աճուրդ-վաճառք է սահմանված:

Նշենք, որ աճուրդների օրինականության հարցը քննարկվել է նաեւ Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի 2016թ. հունիսի 15-ի եւ 17-ի նիստերում: Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում ներկայացրինք համայնքներում իրականացվող աճուրդների վերաբերյալ մեր  հետազոտությունները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը  եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հիշյալ զեկույցի հիման վրա երկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնեին օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ քննարկելու եւ Ազգային ժողով ներկայացնելու համար: Քննարկումը տեղի ունեցավ, սակայն օրենսդրական փաթեթը չներկայացվեց:

Այս գործով առաջին դատական հայցը վարչական դատարան ներկայացրել ենք  2015թ. մարտի 3-ին` ընդդեմ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի, Զովունի համայնքի ղեկավար Սերժիկ Ավետիսյանի, Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Սաշա Հակոբյանի՝ վերջիններիս կողմից համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառքներին «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի ներկայացուցչի ներկա գտնվելն արգելելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

Երեք համայնքների ղեկավարներին խնդրել էինք թույլատրել մասնակցելու իրենց համայնքներում նշանակված առաջիկա աճուրդ-վաճառքներին։ Երեք համայնքների ղեկավարները պատասխան գրություններով հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին արգելեցին աճուրդային սենյակում հետեւել սակարկությանը՝ հղում կատարելով «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածի 6-րդ մասին, համաձայն որի` 

«Պետական կամ համայնքային նշանակության հողերն աճուրդային եղանակով օտարելիս աճուրդն անցկացվում է փակ կարգով, որին կարող են մասնակցել միայն գրանցված անձինք (գնորդը եւ վաճառողը), կազմակերպիչը եւ արձանագրողը»:

2015թ. հուլիսի 14-ին կայացրած դատական ակտով դատարանը մերժեց կազմակերպության հայցը: «Պատասխանող վարչական մարմինները մերժել են աճուրդներին մասնակցության թույլտվությունըմինչդեռ վիճարկվում է աճուրդներին ներկա գտնվելն արգելելըորպիսի փաստի առկայությունը գործում եղածհետազոտված եւ գնահատված որեւէ ապացույցով դատարանը հաստատված չի համարում: Դատարանն իրավասու չէ գնահատական տալու մի վարքագծիորը փաստացիորեն վարչական մարմնի կողմից դրսեւորված չէ,- ասվում է վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի կայացրած վճռում:

Նույն պահանջով երկրորդ հայցադիմումը վարչական դատարան ներկայացրինք 2015թ. հոկտեմբերի 5-ին: Կազմակերպությունը դիմել էր Բալահովիտ, Աբովյան, Հրազդան եւ Վանաձոր համայնքների ղեկավարներին՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառքները դիտարկելու եւ լուսաբանելու նպատակով ներկա գտնվելու թույլտվություն ստանալու պահանջով։ Համայնքների ղեկավարներն արգելեցին կազմակերպության ներկայացուցչին ներկա գտնվել հողերի աճուրդ-վաճառքներին, դիտարկել եւ լուսաբանել դրանք։

23.05.2016թ. կայացրած վճռով դատավոր Կարեն Ավետիսյանը մերժեց հայցադիմումը` պատճառաբանելով. «Դատարանի գնահատմամբ` մատնանշված գրությունները չեն կարող որակվել նաեւ աճուրդներին ներկա գտնվելու Կազմակերպության ցանկության սահմանափակմանն ուղղված պատասխանողների գործողությունների դրսեւորումներ, քանի որ Կազմակերպությունը, տվյալ դեպքում, փաստացի չի իրացրել աճուրդին ներկա գտնվելու իր ցանկությունը: Մինչդեռ, սույն դեպքում Կազմակերպությունը, հիշյալ գրությունները որակելով որպես վարչական ակտեր, ակնկալում է դրանց նկատմամբ դատական պաշտպանություն: Այսպիսով, սույն դատական ակտում ամրագրված հիմնավորումներով դատարանը գտնում է, որ Կազմակերպության հայցն անհիմն է եւ մերժման ենթակա, որպիսի պայմաններում դատարանը Կազմակերպության վկայակոչած փաստարկների իրավական վերլուծությանն ու գնահատմանը չի անդրադառնում»: 

Վարչական վերաքննիչ դատարանը 2017թ. մարտի 14-ին կայացրած որոշումով նույնպես մերժեց վարչական դատարանի վճռի դեմ կազմակերպության ներկայացրած բողոքը, սակայն վերլուծեց, հիմնավորեց եւ ամրագրեց հետեւյալը. «Վերաքննիչ դատարանի կարծիքով նշված մերժումներն իրավաչափ են հետեւյալ պատճառաբանությամբ. «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդով վաճառքին առնչվող խնդիրները կարգավորվում են ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, իսկ աճուրդի կազմակերպման եւ իրականացման կարգը` 68-րդ հոդվածի դրույթներով ...: Նույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի համաձայն` աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը եւ արձանագրողը, իսկ աճուրդը սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։

Ընդ որում, Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-5-րդ մասերի եւ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուսումնասիրությունը վկայում է, որ օրենսդիրը հստակորեն տարանջատում է աճուրդի (սակարկությունների) մասնակից հանդիսացող անձանց (որոնք հայտ են ներկայացրել, մասնակցության վճարներ են վճարել եւ ունեն վաճառվող գույքը ձեռք բերելու ցանկություն (այլ անձանցից) մասնավորապես` կազմակերպչից եւ արձանագրողից)։

Նման պայմաններում, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, Վերաքննիչ դատարանը եւս գտնում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի վերը նշված դրույթներն առ այն, որ վճռով աճուրդին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը եւ արձանագրողը, եւ որ աճուրդի պահին դահլիճ մտնելն արգելվում է, պետք է եզրահանգել, որ համայնքային հողամասերի փակ աճուրդին կարող են ներկա գտնվել բացառապես աճուրդին գրանցված մասնակիցները, կազմակերպիչը եւ արձանագրողը։
Ուստի իրավաչափ է այլ անձանց, այդ թվում` հայցվոր կազմակերպության ներկայացուցիչների, փակ աճուրդին ներկա գտնվելու վարչական մարմնի մերժումը»։

Վճռաբեկ դատարանը 17.05.2017թ. մերժեց վարույթ ընդունել վարչական վերաքննիչ դատարանի որոշման դեմ մեր ներկայացրած բողոքը: Մնում էր Հողային օրենսգրքի հիշյալ դրույթների սահմանադրականությունը վիճարկել ՍԴ-ում:

Դատաքննությունը կսկսվի 2017թ. դեկտեմբերի 12-ին: Գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի անդամներ Կիմ Բալայանը եւ Արայիկ Թունյանը:

Մեկնաբանություններ (1)

Պողոսյան Կառլեն
Հողերի գլխին շատ են մութ խաղեր խաղացվել եւ դեռ խաղալու են: Գյուղեր կան, օրինակ, որտեղ գյուղապետերը իրենք իրենց կամ իրենց մերձավորներին սեփականաշնորհել կամ վարձով տվել են հողերի զգալի մասը, ընդհանուր արոտավայրերը, 25, 50 կամ 90 տարվա պայմանագրերով, մյուսներին թողնելով առանց հողի ու հույսի: Սրանց անօրենություններն ով կամ երբ է շտկելու?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter