HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան. «Ջրի բացակայության պատճառով արտագաղթ է տեղի ունենում»

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասում է, որ պատգամավորական գործունեության առաջիկա տարիներին զբաղվելու է խմելու ջուր չունեցող բնակավայրերի հարցով:

Ջրային տնտեսության պետական կոմիտեից պատգամավորին հայտնել են, որ Հայաստանում մոտ 580 բնակավայր խմելու ջրի խնդիր ունի:

Նազարյանը նշում է, որ թեպետ շատ է այցելել գյուղական համայնքներ, չէր պատկերացնում, որ ջուր չունեցող բնակավայրերի թիվն այդքան մեծ է: Իրավիճակը գնահատում է աղետալի, ապա ավելացնում, որ պաթոսից հեռու մարդ է, «աղետալի» բառն օգտագործում է առանց չափազանցության: Որպես օրինակ նշում է իր այցելած Բազում համայնքը Լոռու մարզում, որտեղ երբ մտել էր տներից մեկը, խոհանոցում ոչ լվացարան, ոչ էլ ծորակ է տեսել, տանը նաև բաղնիք չի եղել երբևէ: Ըստ պատգամավորի՝ նման համայնքներից մարդիկ հեռանում են ջուր չունենալու պատճառով, ինչը հենց գյուղացիների պատմածն է:

Նույն իրավիճակը Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղում է: Այստեղ էլ մարդիկ նշել են, որ գյուղից հիմնականում դուրս են գալիս ջուր չունենալու պատճառով:

«Խաղաղությունից հետո խմելու ջրի հարցը անվտանգության երկրորդ խնդիրն է, ջրի բացակայության պատճառով արտագաղթ է տեղի ունենում, մարդկանց կյանքի որակն ընկնում է, դա վտանգ է հանրային առողջության համար»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ նրա՝ բացի ջուր չունենալուց, բնականաբար, արտագաղթի պատճառ է նաև գործազրկությունը: Սակայն, ինչպես պատմում է Լենա Նազարյանը, ջուր չունեցող համայնքներում բնակիչները նշում են, որ կարող են աշխատանք կազմակերպել, եթե խմելու ջուր ունենան, այսինքն՝ այդ համայնքներում արտագաղթի գլխավոր պատճառը գործազրկությունը չէ:

«Համայնքներ կան, որտեղ լավագույն դեպքում մարդիկ օրական մի քանի ժամ են ջուր ստանում, վատագույն դեպքում՝ տանը ծորակ չկա, ջրամատակարարման ենթակառուցվածք չկա, մարդիկ հարևանի բակի հորից են ջուր հանում, վատթարագույն դեպքում ջրի աղբյուր էլ չկա, մեքենաներով են տանում ջուր վաճառում»,- նշում է պատգավորը:

Օրեր առաջ խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նազարյանը տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հարցրել էր, թե մինչև 2020 թ. քանի գյուղում է լուծվելու խմելու ջրի խնդիրը:

Նախարարը պատասխանել էր, թե Հայաստանում մեկ տասնյակից ավելի գյուղական բնակավայրեր կան, որոնք, ինչպես պատգամավորն է ասում, ծորակից ջուր չի հոսում: Խնդիրն, ըստ նախարարի, այն է, որ 500 և ավելի գյուղական բնակավայրերը խուսափում են մտնել «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տիրույթ և ջրամատակարարման համակարգի մաս կազմել: «Պատճառը ջրաչափերն են, ժողովուրդը փորձում է չմտնել այդ ծանրության տակ, ասում են՝ գիտեք, մեր պապերն են կառուցել այս ջրագիծը, մենք օգտվելու ենք դրանից, չենք վճարելու, համայնքապետարանը կսպասարկի այդ ջրագիծը»,- պատասխանել է նախարարը: Ըստ նրա՝ մինչ 2020-ի ավարտը մոտ 580 համայնքներից մեկ քառորդում (145 համայնք) ջրի խնդիրը լուծում է ստանալու:

Լենա Նազարյանն ասում է, որ նախարարի պատասխանին չի արձագանքել, սակայն հարցեր ունի, որոնք դեռ կհասցնի ուղղել նրան:

«Ինձ չբավարարեց այն պատասխանը, որ նա մեղքն առաջին հերթին գցեց մարդկանց վրա, թե չեն ուզում, որ իրենց պապենական աղբյուրի վրա մասնագիտացված օպերատորը խողովակ կառուցի և սակագին դնի ջրի մատուցման ծառայության համար, որովհետև հենց Բազում գյուղում մարդիկ ուղղակի խնդրում էին, ասում էին՝ բերեք, կառուցեք, մենք պատրաստ ենք վճարել, Թլիկում էլ նույնն էին ասում, ոչ մեկը վճարից չի խուսափում, հատկապես այն գյուղերում, որտեղ տասնամյակներով ջուր չունեն»,- ասում է պատգամավորը, ապա ավելացնում, որ չգիտի ինչ պատասխանել պնդմանը, թե իբր մարդիկ ընդդիմանում են լավ կյանքին, խմելու ջուր ունենալուն:

«Հիմա նորից նամակ եմ նախապատրաստում, թե դրանք որ 145 համայնքներն են լինելու, ինչ ծրագրեր են իրականացվելու, երբ է նախատեսված ավարտը, որպեսզի գնամ այդ համայնքները, տեսնեմ, թե արդյոք լուր ունեն, որ ջուր է լինելու, ընթացքում էլ հետամուտ կլինեմ, իսկ 2020-ի ավարտին կվերհիշենք այս հարցը և նախարարի պատասխանը նույնպես»,- նշում է պատգամավորը:

Լ. Նազարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Ծարավ գյուղեր» էջն է բացել, որտեղ գրառումներ է կատարում ջուր չունեցող համայնքներ իր այցելությունների մասին: Նաև ասում է, որ դրանցում նկարահանումներ է կատարելու, լուսանկարներ է անելու, հարցին առնչվող պետական համապատասխան մարմիններին հարցումներ է ուղարկելու և հետամուտ է լինելու ընթացքին: Մյուս կողմից՝ նա դիտարկում է նաև դրամահավաք կազմակերպելու տարբերակը, եթե ինչ-որ համայնքում ջրի խնդրի լուծման համար ֆինանսավորումը չբավարարի:

Լուսանկարը՝ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
«Ելքում» ազնիվ ու պիտանի, ժողովրդին իսկապես նվիրված երիտասարդներ կան, (մի կողմ հրած քաղաքականությունը): Իսկ Լոքյանին ասում են «ջուր չունենք», ինքն էլ ասում է՝ «վիոլային փող չեք տալիս!»: Հեր օրհնած, թող ջուրը հասցնեն տները, մարդիկ վազելով կվճարեն, կամ կծախսեն այնքան, որքան կարող են վճարել: Բայց հարցը բոլորովին դա չէ, այլ այն է, թե այդ գործն ով պիտի անի, որովհետեւ շատ գյուղեր սարի գլխին են, եւ այնտեղ ջուր հասցնելը մեծ ծախսեր է պահանջում: Լոքյանն ու Վիոլան փաստորեն ասում են - «Ձեր եղած ու չեղած ջուրն ու տրուբեն տվեք մեզ, վրան էլ հաշվիչ դրեք՝ ձեր միջոցներով, մենք էլ կսպասարկենք, այսինքն կհաշվենք ու փողերը կառնենք» --- եւ այդ ժամանակ բոլորը երջանիկ կլինեն!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter