HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցները

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հաշվարկների՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն այս տարվա հունվար-օգոստոսին կազմել է 190 հազար դրամ։

2016 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ այն 2.5%-ով աճել է։ Մասնավորապես, այս տարի աճում է ոչ պետական հատվածի աշխատավարձը (3.5%-ով)։ Իսկ պետական հատվածում միջինում այն կրճատվել է 0.1%-ով։ Արդյունքում հունվար-օգոստոսի կտրվածքով` մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 226 հազար դրամ, իսկ պետական հատվածում՝ 160.4 հազար դրամ։

Հանրապետությունում միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) հարաբերությամբ աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին: Սա նշանակում  է, որ աշխատավարձի շեմերը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում խիստ տարբեր են։ Իսկ ներկայացվածն ընդամենը միջինացված ցուցանիշ է, որը հրապարակում է ԱՎԾ-ն։ Բացի այդ, վիճծառայությունը պարբերաբար հրապարակում է երկրում միջին աշխատավարձը՝ ըստ մարզերի, ըստ տնտեսական գործունեության ոլորտների, ըստ տղամարդկանց և կանանց վարձատրության և այլն։

Ամենաբարձր միջին աշխատավարձը Սյունիքում է, ամենացածրը՝ Արագածոտնում

Ամենաթարմն այս տարվա հուլիսի տվյալներն են։

Վիճծառայության տվյալներով` միայն այս տարվա հուլիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 202.2 հազ. դրամ։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այն 1.9%-ով ավելացել է։

Մարզերի և մայրաքաղաքի համեմատությամբ ամենաբարձր միջին աշխատավարձը գրանցվել է Սյունիքում՝ 244.3 հազ. դրամ։ Քանի որ Սյունիքում համեմատաբար զարգացած է հանքարդյունաբերությունը,  իսկ հանքարդյունաբերությունն էլ իր հերթին բարձր վարձատրվող ոլորտների շարքում է, հետևաբար ենթադրվում է, որ մեծապես հանքարդյունաբերության ոլորտում աշխատակիցների աշխատավարձի չափով է պայմանավորված Սյունիքի ցուցանիշը։

Սյունիքին հաջորդում են Երևանն ու Արմավիրը։

Միջին ամսական անվանական աշխատավարձը  մարզերում և Երևանում, 2017թ. հուլիս

Ըստ ԱՎԾ տվյալների

Իսկ Արագածոտնում ամենացածր միջին աշխատավարձն է՝ 124.5 հազար դրամ։ Այն գրեթե կրկնակի փոքր է Սյունիքի ցուցանիշից։ 

Թեև մեկ ամսվա կտրվածքով աշխատավարձի չափի համեմատությունը կարող է իրավիճակն ամբողջական ցույց չտալ, սակայն հատկանշական է, որ 2016 թվականի հուլիսի համեմատ միջին աշխատավարձի ամենանաբարձր աճը գրանցվել է Սյունիքում՝ 9.9%-ով։ Իսկ Արագածոտնում այն նվազել է 3.8%-ով։

Ամենաբարձրը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտում. ֆինանսական ոլորտը զիջել է դիրքը

Այս տարվա հուլիս ամսին Հայաստանում տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 442 հազար դրամ։  Տեղեկատվության և կապի ոլորտը, ըստ ԱՎԾ-ի ներկայացրած ցանկի,  ներառում է ինչպես հեռահաղորդակցությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, այնպես էլ՝ հրատարակչական գործը, հեռուստածրագրերի կազմումն ու հեռարձակումը, կինո և տեսաֆիլմերի արտադրությունը։ Գրեթե նույն մակարդակում  է նաև ֆինանսական և ապահովագրական ոլորտի աշխատավարձը՝ շուրջ 440 հազար դրամ։ Այս երկու ոլորտներում աշխատավարձը զգալիորեն ավելի բարձր է, քան մնացածում։ Համեմատության համար, օրինակ, շինարարության ոլորտում այն շուրջ 216 հազար դրամ, գյուղատնտեսության ոլորտում՝ 118 հազար դրամ։

Ըստ ԱՎԾ տվյալների

2016-ի հուլիսի համեմատ տեղեկատվության և կապի ոլորտի միջին աշխատավարձն աճել է 15.2%-ով, իսկ ֆինանսական և ապահովագրական ոլորտինը՝ նվազել 3.2%-ով:

Ուշագրավ է, որ առնվազն 2009 թվականից սկսած՝ մեր երկրում ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրն է եղել։ 2016 թվականի տարեկան տվյալներով ևս այս ոլորտում է գրանցվել ամենաբարձր աշխատավարձը։  Իսկ այս տարի պատկերը փոխվել է՝  տեղեկատվության և կապի ոլորտն առաջ է անցել։

Ամենաբարձր միջին աշխատավարձ գրանցած հինգ ոլորտներում այն 2009 թվականից սկսած նման դինամիկա է ունեցել։



Ըստ ԱՎԾ տվյալների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter