Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Առաջարկում են փոփոխել. հրապարակային սակարկությունը սահմանափակել քսաներորդ աճուրդով



Կառավարությունը օրինագծերի փաթեթ է ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկում է փոփոխել և լրացնել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքները և քաղաքացիական ու վարչական դատավարությունների օրենսգրքերը:

Ըստ կառավարության՝ ԴԱՀԿ մասին  օրենքում առկա են կատարողական վարույթի հարուցման և իրականացման ժամկետների հետ կապված անորոշ կարգավորումներ: Առկա են նաև բազմաթիվ ոչ հստակ ձևակերպումներ, ինչպես նաև անհարկի հայեցողական լիազորություններ, որոնք ակնհայտորեն դժվարացնում են դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացը: Օրինակ, դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոց` գույքի կամ դրամական միջոցի վրա արգելանք, և հարկադիր կատարողը կարող է որոշել` արդյոք արգելանքը դնում է միայն գույքի վրա, թե արգելանքը դրվում է և´ գույքի, և´ դրամական հաշիվների վրա: Կամ՝ կատարողական վարույթի համար սահմանված է երկամսյա ժամկետ, հարկադիր կատարողը, 10 օր հետո, տեսնելով, որ պարտապանը կամավոր չի կատարում պարտականությունը, կարող է որոշում կայացնել գույքը հարկադիր աճուրդի հանելու վերաբերյալ, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգում է գույքի աճուրդը` մինչև սահմանված ժամկետի ավարտը:

Մի շարք դեպքերում էլ, օրինակ՝ կատարողական վարույթը կարճելու, կասեցնելու կամ վերսկսելու, չի նախատեսում հարկադիր կատարողի կողմից համապատասխան որոշումների ընդունման ժամկետներ: 

Նախագծով սահմանվել են հարկադիր կատարողի կողմից կայացվող որոշումների ընդունման հստակ և միասնական ժամկետներ: Մասնավորապես, որպես որոշումների ընդունման միասնական ժամկետ՝ սահմանվել է համապատասխան հիմքերն ի հայտ գալուց հետո 3-օրյա ժամկետը:

Գործող օրենքը պարտապանի գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա արգելանք դնելու գործընթացում հաշվի չի առել որպես հայցի ապահովում պարտապանի գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելու առանձնահատկությունները: Այդ գործընթացի համար չի սահմանել առանձնահատուկ կարգավորումներ, ինչի արդյունքում  գործնականում առաջանում են տարաբնույթ դժվարություններ, հատկապես այն դեպքերում, երբ արգելադրվում են պարտապանին պատկանող դրամական միջոցները, ինչի արդյունքում վերջինս կարող է կրել անհամաչափ վնասներ:

Օրենքը չի կարգավորում նաև որպես պարտապան պետական մարմինների մասնակցությամբ կատարողական վարույթներով պետական բյուջեի միջոցների վրա արգելանք կիրառելու հարաբերությունների առանձնահատկությունները:

Նախագծով հստակեցվել են որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու գործընթացում հարկադիր կատարողի լիազորությունները: Մասնավորապես, նախատեսվել է առանձին հոդված, որը կարգավորում է պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնելու առանձնահատկությունները: Պարտապանի համար հնարավորություն է ստեղծվել միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքը այլ գույքի վրա տարածելու, ինչպես նաև հայցագնի չափը գերազանցող գույքն արգելանիքից հանելու մասին: Կառավարությունը համոզված է, որ այս նորամուծությունը կնպաստի ինչպես հարկադիր կատարման գործընթացի արդյունավետության և կանխատեսելիության բարձրացմանը, այնպես էլ կնվազեցնի կամ կվերացնի արգելանք կիրառելու արդյունքում պարտապանների տնտեսական կամ այլ վնասներ կրելու կամ բնականոն գործունեությունը խաթարելու հնարավորությունը:

Որոշակիացվել է հայցի ապահովման կատարողական վարույթի տեսակը: Նախագծում նշվել է, որ այն ոչ գույքային բնույթի կատարողական վարույթ է: Կարգավորվել են նաև հայցի և վճռի կատարման ապահովմանն ուղղված կատարողական վարույթների կատարման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները: Սահմանվել է, որ հայցի և վճռի կատարման ապահովմանն ուղղված կատարողական վարույթների կատարողական ծախսերը բռնագանձվում են այն անձից, ում վրա դատական ակտով դրվել է դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը:

Նախագծում տեղ է գտել այն դրույթը, որ մինչև 200.000 դրամ հայցագնի դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ պարտապան ֆիզիկական անձի անշարժ գույքը նրա միակ բնակարանն է (բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանի այլ գույքի արժեքը պակաս է հայցագնի չափից), ապա պարտապանի անշարժ գույքի վրա արգելանք չի դրվում:

Սահմանվել է, որ այն դեպքերում, երբ պարտապանն ունի կատարողական թերթով նախատեսված պահանջների բավարարման համար անհրաժեշտ գույք, կատարողական վարույթի համար սահմանել 15-օրյա ժամկետ, գործող օրենքի երկամսյա ժամկետի փոխարեն, որի մեջ չեն հաշվարկվում հետախուզման մեջ գտնվելու, գույքի իրացման, կատարողական վարույթի կասեցման և հետաձգման ժամկետները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում չեն կարող լինել այնպիսի իրավիճակներ, երբ հնարավոր չի լինի պարզել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց գույքի գտնվելու վայրը՝ սահմանվել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` որպես պարտապան մասնակցությամբ կատարողական վարույթներով պարտապանի կամ նրա գույքի հետախուզում չի իրականացվում:

Ինչ վերաբերում է հրապարակային սակարկություններին, ապա հարկադիր էլեկտրոնային աճուրդում լոտի մեկնարկային գնի անվերջ նվազման հնարավորությունը բացառելու նպատակով սահմանվել է, որ եթե պարտապանն ունի այլ գույք, ապա տասներորդ աճուրդից հետո հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում, իսկ այլ գույքի բացակայության դեպքում` քսաներորդ աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Նախագծով նախատեսվել է սահմանափակվել քսաներորդ աճուրդով, քանի որ քսանմեկերորդ աճուրդի մեկնարկային գինը կազմում է գնահատման արժեքի 10%-ից պակաս՝ մոտ 9.12 %: Բացի այդ, առաջարկվող կարգավորման համաձայն՝ եթե տասներորդ աճուրդից հետո գույքը չի իրացվում, հարկադիր իրացման է ներկայացվում պարտապանին պատկանող այլ գույք, իսկ նախորդ գույքը շարունակվում է իրացվել տասներորդ աճուրդում ամրագրված գնով:

Լուսանկարը՝ civilnet.am-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ