Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Սեւանա լճի ափամերձ տարածքում գործող ընկերությունները վարչապետի հրահանգից հետո աղբի տեղափոխման պայմանագրեր են կնքել


Սառա Պետրոսյան

«Աղբահանություն, սանիտարական մաքրում, արտաքին լուսավորության ցանցի սպասարկում եւ պահպանում, շահագործման, բարեկարգման աշխատանքների իրականացում, համայնքի բնակչության կենսապահովման խնդիրների լուծման նպատակով մատուցվող այլ ծառայություններ». սրանք Սեւան համայնքի ավագանու 2016թ. սեպտեմբերի 27-ի N 62-Ա որոշումով «Սեւան համայնքի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին վերապահված գործառույթներն են:

Թվարկված աշխատանքներն իրականացնելու համար ՀՈԱԿ-ն ունի 5 մեքենա` 3 աղբատար եւ 2 ինքնաթափ, 1 ջրցան մեքենա, մեկ գրեդեյլ եւ 1 ամբարձիչ: «Պարկը շատ վատ վիճակում է, գույքը` նույնպես, վերջին 5 տարիներին 30%-ով թարմացվել են միայն աղբամանները: Ամենաթարմ աղբահավաք մեքենան 6 տարվա է, մնացյալը շահագործվում է արդեն 25-30 տարի»,- ասում է  ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Հարությունյանը:

Տեխնիկական այսպիսի հնարավորություններով Սեւան քաղաքից եւ լճի շրջակայքից տարեկան 20 000 խմ աղբ են տեղափոխում: Ֆինանսական առումով ՀՈԱԿ-ի աշխատակիցները վիճակը նույնպես գոհացուցիչ չեն համարում. համայնքի 2017թ. բյուջեով «Սեւան համայնքի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին հատկացվել է 59 մլն դրամ, եւս 28-30 մլն դրամ աղբահանության տարեկան վարձավճարների հավաքագրումն է: Նշված բյուջեի 61 մլն դրամը ՀՈԱԿ-ի աշխատավարձի ֆոնդն է, իսկ հավաքված վարձավճարով՝ տարեկան 28-30 մլն դրամ, պետք է իրականացվեն վերը թվարկված կոմունալ բոլոր ծառայությունները:

Այսինքն, կոմունալ ծառայությունների սպասարկման որակն ուղղակիորեն պայմանավորված է վարձավճարների հավաքագրմամբ:

ՀՈԱԿ-ն աղբահանություն է իրականացնում Սեւան քաղաքում եւ Սեւանա լճի` քաղաքի ափամերձ տարածքում` լողափերից, լճի շրջակայքում գործող հյուրանոցային ու ռեստորանային համալիրներից տեղափոխելով հավաքած աղբը: Ի՞նչ հաճախականությամբ է կատարվում աղբահանումը, եւ որքանո՞վ է այն գոհացնում բնակիչներին մեր հարցին ՀՈԱԿ-ի տնօրեն Է. Հարությունյանը պատասխանում է, որ իրենց հաջողվում է մաքուր պահել քաղաքը: Քաղաքի կենտրոնական հատվածում ամեն օր են աղբահանում կատարում, իսկ ծայրամասային թաղամասերում` Գագարինավանում, Ցամաքաբերդում, Գոմաձորում` օրումեջ:

ՀՈԱԿ-ն իրավաբանական անձանց հետ 454 պայմանագիր ունի, որից 168-ը կնքվել է «Սեւան ազգային պարկի»-ի տարածքում գործող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ: «Լճի շրջակայքում գործող բոլո՞ր իրավաբանական անձինք են վճարում աղբի վարձը»,- հարցնում եմ ՀՈԱԿ-ի տնօրենին: Էդգար Հարությունյանը հավաստիացնում է, որ ընդամենը 3 հոգի է հրաժարվել պայմանագիր կնքել: Նրանց նկատմամբ վարչական տուգանք են կիրառել, նաեւ՝ դատարան են դիմում:

Ըստ www.datalex.am կայքի, «Սեւան համայնքի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը վերջին անգամ դատական հայց է ներկայացրել 2015թ.` մի ընկերության դեմ: 2014-ին ՀՈԱԿ-ը 9 հայցադիմում է ներկայացրել, որից 8-ը` անհատ ձեռներեցների դեմ եւ 1-ը` մի ՍՊԸ-ի:

ՀՈԱԿ-ի տնօրենի ասելով` աղբահանության տարեկան վարձավճարը 100% հավաքագրելու դեպքում կկազմի 40 մլն դրամ: Այս տարի մինչեւ սեպտեմբերի 1-ը հավաքագրել են մոտ 82,4%-ը, նախորդ տարի՝ 2016թ-ին, հավաքագրումը կազմել է մոտ 46%: Հավաքագրումների աճն ապահովել են Սեւանա լճի ափամերձ տարածքում գործող իրավաբանական անձանցից գանձվող վճարների հաշվին, որոնց հետ այս տարի ավելի մեծ թվով պայմանագրեր են կնքել, եւ դա տեղի է ունեցել վարչապետի հրահանգից հետո:

Հիշեցնենք, որ վարչապետն այս տարվա օգոստոսի 26-ին խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզում, որի ժամանակ տեղի ղեկավարությունը զեկուցեց, որ մարզում առկա 5 հազար 800 իրավաբանական անձանցից աղբահանության պայմանագրեր են կնքվել միայն 800-ի հետ:

2016թ. աղբի վարձավճարներից հավաքագրված գումարը կազմել է  28,740,000 դրամ:

Ֆիզիկական անձանցից գանձվել է 20,387.200 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցից` 8,352.800 ՀՀ դրամ: 

2017թ. աղբահանության վարձավճարի հավաքագրումը տարեկան պլանավորված է 24 026 353 մլն դրամ:

01.09.2017թ. դրությամբ` ֆիզիկական անձանցից տարեկան պլանավորված 16 874 000 դրամից գանձվել է 13 980 000 դրամ:

Իրավաբանական անձանցից տարեկան պլանավորված 7 514 000 դրամից գանձվել է 5 830 400 դրամ:

Է. Հարությունյանն ասում է, որ քաղաքի բնակիչներից վճարներ գանձելը շատ ավելի դժվար է, քան իրավաբանական անձանցից: Թոշակներն ու նպաստները վճարելու օրերին գնում են փոստ, որպեսզի կարողանան գումարները գանձել: Շատերը հրաժարվում են վճարել մեկ շնչի համար սահմանված ամսական 200 դրամը` սոցիալական դժվարին վիճակը պատճառաբանելով, իսկ իրենք պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմներ չունեն: Դատական կարգով բռնագանձում կատարելն անգամ արդյունավետ չէ, վճիռը տարիներով կարող է չկատարվել` անձի հաշվեհամարին գումար չլինելու պատճառով:

Սեւան համայնքի պաշտոնական կայքում պարբերաբար բնակիչներին կոչ են հղում` հիշեցնելով վարձավճարի մասին: 

ՀՈԱԿ-ի տնօրինությունը կոչ է անում սեղմ ժամկետում վճարել աղբահանության ծառայությունների համար նախատեսված վարձավճարները եւ մարել պարտքերը, հակառակ դեպքում կկիրառվեն տույժ-տուգանքներ:

Չնայած սպառնալիքներին, այնուամենայնիվ, տույժեր հազվադեպ են կիրառում, դատական կարգով նույնպես հազվադեպ են գանձումներ կատարում:

Սեւան համայնքում գործել է 6 աղբանոց, որոնք փակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման արդյունքում: Ներկայումս աղբը տեղափոխվում է Չկալովկա գյուղի աղբանոց: Այս լուսանկարները կատարվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի երկրորդ՝ հուլիսի 29-ի համապետական շաբաթօրյակից 10 օր հետո: Չենք կարծում, որ աղբը այդ 10 օրերին է այստեղ կուտակվել, այն, անկասկած, ավելի հին պատմություն ունի: ՀՈԱԿ-ի տնօրենի ասելով՝ շինարարական աղբի համար հատուկ տեղ կա հատկացված, բայց բնակիչները որտեղ ուզում, այնտեղ էլ լցնում են: Հաճախ դա արվում է գիշերով եւ դժվար է պարզել, թե ով է արել:

«Սեւան համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ը հիմնարկը հզորացնելու, աղբի կրճատման, վերամշակման, վնասազերծման, լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթելու եւ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված քաղաքականություն չունի: ՀՈԱԿ-ը կատարում է այն, ինչ Սեւան համայնքի ավագանին որոշում է: Ավագանին է հաստատում ՀՈԱԿ-ի կանոնադրությունը, աղբի սակագինը, որը սահմանվել է 2012 թ.:

Սեւանա լճի տարածքը բաժանված է մասնավոր վարձակալների եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջեւ: Վարձակալները հետեւողական չեն լողափն աղբից զերծ պահելու հարցում, իսկ հանրային լողափի վերահսկողությունը Ազգային պարկն է իրականացնում:  Տնօրենի ասելով` «Սեւան ազգային պարկ»-ի տարածքում իրենց պարտավորությունը միայն հավաքած աղբը տեղափոխելն է, որը կարգավորվում է իրավաբանական անձանց հետ կնքված անհատական պայմանագրերով, իրենք մաքրությանը հետեւելու պարտականություն չունեն:

Լճի շրջակայքը մաքուր պահելու համար վարչական կոշտ քաղաքականություն է ահրաժեշտ: Շրջակայքն աղտոտելու համար Կառավարությունն արդեն վարչական տույժերի չափը որոշել է, սակայն դեռեւս հստակեցված չէ, թե ով պետք է լճի շրջակայքում հետեւի մաքրությանը եւ կիրառի տույժերը:

Պարբերաբար լճի հանրային տարածքն աղբից մաքրելու նախաձեռնություն են ցուցաբերում կամավորներն ու բնապահպանները: Տեղափոխվող աղբի մեջ մեծ ծավալ են կազմում պլաստիկ շշերն ու պոլիէթիլենային տոպրակները: Կամավորներն այդ օրերին ոչ միայն տարածքն են մաքրում աղբից, այլեւ աղբի վերամշակման այլընտրանքային տարբերակների վերաբերյալ սեմինար-քննարկումներ են անցկացնում: Հավաքված պլաստիկը, ՀՈԱԿ-ի աշխատակիցների ասելով, կենցաղային աղբի հետ աղբավայրն է լցվում: Ասում են, թե նախկինում Երեւանից գալիս էին տանում վերամշակման, հիմա չեն գալիս: Հետեւաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է առանձնացվում պլաստիկը:

Սեւանը միացել է 2016թ. ապրիլի 5-ին վերաստորագրված «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» վարկային համաձայնագրին: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին՝ բարելավելու կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում: Աղբավայրը կառուցվելու է Հրազդանին հարակից Լեռնանիստ համայնքից 3 կմ հեռավորության վրա: Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի 12 քաղաքներից եւ գյուղական բնակավայրերից հավաքվող աղբը ամբարվելու է այդ աղբավայրում: Աղբավայրի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2018թ. գարնանը: Այս ծրագրի իրականացմամբ համայնքը հնարավորություն կունենա աղբահանության ոլորտում լուրջ ձեռքբերումներ գրանցել ե՛ւ տեխնիկայի ձեռք բերման, ե՛ւ աշխատանքների որակական բարելավման առումներով: 

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։