HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն ընդունել է «Լիդիան Ինթերնեշնլ»-ի նախագահին և միջազգային ներդրողների խմբին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ: 

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ Կարեն  Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը և նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր:

Վարչապետը միաժամանակ ընդգծել է ընկերության կողմից բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման կարևորությունը: 

Կարեն Կարապետյանը ներդրողներին է ներկայացրել մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակն ու հեռանկարները՝ ավելացնելով, որ արձանագրվող տնտեսական միտումները կարող են լավ հիմք լինել կայուն ու երկարատև աճ ապահովելու համար: Միաժամանակ, վարչապետը ներդրողներին հորդորել է Հայաստանը դիտարկել որպես եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու լավ հարթակ՝ հաշվի առնելով առկա առևտրային բարենպաստ ռեժիմները: 

Հովարդ Սթիվենսոնը նշել է, որ «Լիդիան Ինթերնեշնլ»-ի օրինակով մշտապես փորձում են միջազգային ներդրողներին ներկայացնել, որ Հայաստանը կարող է բիզնեսի համար բարենպաստ հարթակ լինել: Նա նաև վստահեցրել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի ստանձնած բոլոր պարտավորությունները և սոցիալական ու բնապահպանական ծրագրերը կյանքի են կոչվելու և հավելել է, որ իրենց նախաձեռնած ծրագրից պետք է օգուտ քաղեն ինչպես համայնքները, այնպես էլ պետությունը: 

Հանդիպման ընթացքում վարչապետ Կարապետյանը պատասխանել է ներդրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են կառավարության բարեփոխումներին և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին: 
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter