HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական միությունը տրամադրել է 15,2 մլն եվրո Հայաստանում զբաղվածության քաղաքականության, միջին մասնագիտական կրթության և մասնագիտական ուսուցման բարեփոխումների համար

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարեց ԵՄ աջակցությամբ իրականացվող «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար» ծրագրի մասին. 15,2 մլն եվրո արժողությամբ այս ծրագիրն իրականացվելու է 2017-2019 թթ-ին:

Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժինը տեղեկացնում է, որ ծրագրի հիմնական իրականացնողներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի կազմակերպություններն ու սոցիալական ոլորտի գործընկերներ: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունն ու զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը:

«Մեր օրակարգը հստակ է. պետք է քայլեր ձեռնարկենք և միասին աշխատենք՝ հավաստիանալու, որ երիտասարդներն ու նրանց հմտությունները ներառական զարգացման հիմքում են դրված: Համապատասխան հմտություններով երիտասարդները ավելի լավ են պատրաստված ակտիվ քաղաքացի լինելուն: Նրանք ավելի լայն հնարավորություններ ունեն լավ և հիմնավոր աշխատանք գտնելու համար: Նրանք ավելի լավ են պատրաստված իրենց սեփական բիզնեսը հիմնելու և մյուսների համար աշխատատեղեր ստեղծելու համար»,- նշում է դեսպանը ծրագրի մասին:

Բյուջետային աջակցման նոր փուլի ազդարարման հետ մեկտեղ Արմավիրի արվեստի պետական քոլեջում պաշտոնապես բացվեց սոցիալական ձեռնարկություն, որը տեղի ունեցավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակում:  Այն շոշափելի արդյունքներ է գրանցել՝ զբաղվածության հավասար հնարավորություններ ստեղծելով հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում  սոցիալական նորարարությունը խթանելու միջոցով:

Այս ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ մասնակցել է վերապատրաստման դասընթացների Արմավիրի արվեստի պետական քոլեջում: Ուսանողներից հինգն արդեն աշխատում են սոցիալական ձեռնարկության տպարանում: Ընդհանուր առմամբ, ծրագիրը ներդրվել և իրականացվել է յոթ տարածաշրջանային քոլեջներում: Բացվել է հինգ սոցիալական ձեռնարկություն, որտեղ ներկայումս աշխատում են հաշմանդամություն ունեցող քսանհինգ  երիտասարդներ: Սա օրինակ է, թե ինչպես կարելի է գործնականում հաջողության հասնել մասնագիտական կրթության, զբաղվածության և ներառական զարգացման ոլորտներում:

ՄԿՈՒ բարեփոխումների ֆորումը և սոցիալական ձեռնարկության բացումը տեղի ունեցան «Ես սիրում եմ սովորել» տեղեկատվական արշավի շրջանակում, որը նախաձեռնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: Արշավը մեկնարկել է հոկտեմբերի 9-ից 13-ը՝ մի շարք միջոցառումներով հանրությանն իրազեկելու կրթության և զբաղվածության ոլորտում ԵՄ-Հայաստան գործակցության մասին և նշանավորելու շարունակական կրթության կարևորությունը Հայաստանի քաղաքացիների համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter