Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի

ՊՆ-ն առաջարկում է խստացնել տարկետումը և «Զինապարտության մասին» օրենքը տարածել 18 տարին լրացած բոլոր տղաների վրա



Զորակոչիկների ծառայության` գործող օրենսդրությամբ նախատեսված տարածքային սահմանափակումը` բնակավայրից 150 կմ հեռավորությամբ զորամասում գտնվելն այլևս չի լինելու: Այս մասին խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Քաղաքացին չի կարող քաշել այնպիսի զորամաս, որը գտնվում է իր բնակավայրից 150 կմ շառավիղով մոտ, ժամանակին սա 50 կմ էր: Սա բացարձակ անիմաստ կարգավորում է, որովհետև եթե դա վիճակահանություն է, յուրաքանչյուր քաղաքացի պիտի հավասար հնարավորություն ունենա՝ տեսնելու, թե որ զորամասում է ինքը ծառայելու իր վիճակահանությամբ», - ասաց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այս արտոնությունը գործող օրենսդրությամբ տարածվում էր հետևյալ շրջանակների վրա.

ա) միայնակ և տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը,

բ) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները,

գ) ամուսնացած եւ մեկ երեխա ունեցող զորակոչիկները,

դ) երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաեւ միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր, ե) ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկները: (Զինապարտության մասին օրենքի  11-րդ հոդվածի 7-րդ կետ):
Նախարարի  խոսքով` առաջարկում են տարածքային արտոնությունը փոխարինել բովանդակային արտոնությամբ.

«Այսօր միակ արտոնությունը, որ տալիս ենք, կապված է ընտանիքին մոտ ծառայելու հետ, արդյունքում Տավուշում արտոնությունից օգտվող քաղաքացին լրիվ օրենքի շրջանակներում կարող է հայտնվել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, որովհետև իր տունը մոտ է գտնվում, և մենք կարծում ենք, որ դա ձևական բնույթ է հաղորդում այդ արտոնություններին՝ որևէ խնդիր չլուծելով: Մենք առաջարկում ենք տարածքային արտոնությունը փոխարինել բովանդակային արտոնությամբ, այսինքն՝ մարտական հերթապահության մեջ այս արտոնություններից օգտվող քաղաքացին կարող է ընդգրկվել միայն կամավոր հիմունքներով»:

Քաղաքացին կամավոր հիմունքներով կարող է ընդգրկվել օրինակ ՊՆ-ի կողմից առաջարկվող նոր «Ես եմ» ծրագրում: Հիշեցնենք, որ այս դեպքում ծառայության ընդհանուր ժամկետը տևելու է 3 տարի, որից առաջին 6 ամիսը կլինի ուսումնական զորամասում։ Դրանից հետո՝ հաջորդ 2,5 տարվա ընթացքում, զինծառայողը հաջորդաբար կանցկացնի մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) և արձակման մեջ (1 շաբաթ)։ Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի նաև շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում:

Առաջարկվող փոփոխություններից է նաև այն, որ այլևս չեն գործելու զինծառայողի առողջական վիճակը զննող զորակոչային հանձնաժողովները:

«Իրական կյանքում չգործող տեղական զորակոչային հանձնաժողովները վերանում են, պատասխանատվության լղոզման որոշակի ձև էր սա», - մանրամասնեց նախարարը:

Սարգսյանի խոսքով` պոլիկլինիկաները պետբյուջեից հսկայական գումարներ են ստանում բուժզննում իրականացնելու համար, իսկ զորակոչային հանձաժողովները, քանի որ համապատասխան սարքավորումներ չունեն, ընդամենը որոշում են, թե ուր գործուղել քաղաքացուն:

«Իսկ ամեն մի ուղեգրի համար պետական բյուջեից հսկայական գումար է ծախսվում, կարող են չորս տեղ ուղարկել մեկին և արդյունքում պարզ չլինի, թե չորս ստուգումից որն է հիմնականը: Ուստի պոլիկլինիկան պետք է որոշում կայացնի քաղաքացու առողջական վիճակի մասին, որն էլ ընդհանուր առմամբ քաղաքացու ընդհանուր առողջական ուղեկցումն է արել», - ասաց նախարարը` հավելելով, որ իհարկե պոլիկլինիկայի եզրակացությունը քաղաքացու կողմից կարող է ներկայացվել և հարկ եղած դեպքում բողոքարկվել վերադասային հանձնաժողովում:

«Մենք հիմք ենք ստեղծում, որ բուժզննման կարգը սահմանի կառավարությունը, այսօր քաղաքացիներն ունեն ընտանեկան բժիշկների կցագրում, պետությունն էլ վճարում է 2 անգամ` նախքան զորակոչվելը 2 անգամ ստուգում անցնելու: Անիմաստ է զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելը, քաղաքացին պետք է ունենա առողջության գնահատման ստանդարտ ձև, որի տակ պոլիկլինիկան կամ բուժամբուլատորիան պիտի իրավունք ու պարտականություն ունենա ստորագրելու, ասի, որ զննել է, քաղաքացին այս հիվանդությունն ունի կամ չունի»,- ասաց նախարարը:

Առաջարկվող փոփոխություններից է նաև այն, որ 18 տարին լրացած արական սեռի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է զորակոչվել բանակ:

«Մեզ մոտ տարկետումը չափազանց ընտրովի է, այսինքն՝ բուհ ընդունվողների ընդամենը մի փոքր տոկոսն է ստանում տարկետման իրավունք, իսկ մնացածն այսպես թե այնպես ընդհատում են իրենց կրթությունը: Կարծում եմ, որ դա իր մեջ պարունակում է շատ մեծ ռիսկեր՝ և՛ կոռուպցիոն, և՛ բարոյական, և՛ ակադեմիական, որովհետև դառնում է, որ ավելի թույլ կարողություններով ընդունված քաղաքացին, որի միավորները չեն հերիքել պետպատվերով ընդունվելու համար, տարկետման իրավունքով ինքը կարող է ընդհատել ու երկու տարի հետո գալ և շարունակել: Իսկ նա, ով ընդունվել է մեկ միավորի տարբերությամբ՝ պետք է արտոնությունից օգտվի և կարողանա ակադեմիականն ավարտի»,- ասաց նախարարը:

Նախարարի գնահամամբ` ակադեմիական տարկետումը դառնում է դուռ` դեպի չծառայելը:

«Այո՛, այս օրենսդրությունը շատ հստակ է ասում, որ երկրի պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտավորությունը պետք է տարածվի բոլորի վրա»,- ասաց նա:

Զինվորական ծառայության մասին առաջարկվող նախագծի 21-րդ հոդվածով նախատեսված են օրենքի հիմք չունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետևյալ դեպքերը` առողջական վիճակի պատճառով, ընտանեկան պայմաններից ելնելով:

Ինչ վերաբերում է ուսումնառության համար տրամադրվող տարկետման դեպքերին, նախագծում նշված է, որ տարկետում կարող է տրամադրվել հետևյալ դեպքում.

«Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող քաղաքացուն` եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու եւ ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին»:

Օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված են հետևյալ դեպքերը, որոնց պարագայում քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է.

1) ով առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.

2) ով մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն:

Լուսանկարը՝ mil.am-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ