Շաբաթ, 22 սեպտեմբերի

Սեւանի զբոսաշրջային ռեսուրսը սպառում են անհատները


Սառա Պետրոսյան

Սեւանա լիճը զբոսաշրջությունը զարգացնելու համար տնտեսական մեծ կապիտալ է, որի հնարավորությունների ճիշտ օգտագործումը հանրապետության ամենաաղքատ մարզում՝ Գեղարքունիքում, կարող է սոցիալական վիճակագրությունը էականորեն փոխել: Սակայն, Կառավարությունն այդ հնարավորությունը զիջել է մասնավորին: Լճի ափամերձ տարածքը դեռեւս 1990-ական թվականներից մասնատվել է ազդեցիկ անձանց միջեւ, որոնք այնտեղ դեռեւս զբաղված են կապիտալի բաժանումով: Այստեղ հետաքրքրություններ ունեն նախագահական նստավայրը, եկեղեցին, բնապահպանության նախարարությունը, մարզպետարանը, քաղաքապետարանը, տարածքային կառավարման նախարարությունը, քաղաքաշինության կոմիտեն եւ այլք:

Կառավարությունն աշխատանք է տանում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի զբաղեցրած տարածքը հանգստյան գոտու վերածելու ուղղությամբ, սակայն վերը թվարկված սուբյեկտների միջեւ առկա հակասությունները չեն նպաստում «Սեւան ազգային պարկ»-ը հանրության շահին ծառայեցնելուն: Լճափի համարյա բոլոր հատվածներում կառուցվել են հանգստյան գոտիներ՝ հյուրանոցներ, ռեստորաններ, ժամանցի կենտրոններ, կառուցապատվել են անգամ լողափերը: Դրանք, հիմնականում, խառնիխուռն, խառնափնթոր, ճարտարապետական դիմագիծ չունեցող շինություններ են, որոնցից շատերը, սկսած 2009 թ.-ից, ենթակա են ապամոնտաժման` լճի մակարդակի բարձրացման պատճառով:

Որոշ շինություններ հիմա ապամոնտաժվում են, սակայն դրանք ժամանակավոր կառույցներ են ու վագոն-տնակներ: Քարե կառույցներն ապամոնտաժելն ավելի դժվար է, դրանցից ազատվելու ընթացքը չափազանց դանդաղ է եւ զգուշավոր: Լճի շուրջ գտնվող կառույցների վերաբերյալ վերջնական որոշումը հստակ չէ: Աշխարհում, թերեւս, չտեսնված բան է լողափ պարսպապատելը, սակայն այստեղ դրանք էլ են անառիկ: «Ազգային պարկը» մեծ ձեռքբերում է համարում հանրային լողափերի «ազատագրումը», որն սկսվել է 2010-ից. այժմ 12 հանրային լողափ կա:

Կառավարությունը մինչ օրս չի հստակեցրել hարցերի հարցը՝ ջրի մակարդա՞կը հարմարեցնել լիճը շրջապատող շինություններին, թե՞ ազատվել այն շինություններից, որոնք խանգարում են լճի մակարդակի կայունացմանը: Հայաստանի բնակչությունը հակված է կարծելու, որ ջրի մակարդակը չեն բարձրացնում ազդեցիկ պաշտոնյաների շինությունները չվնասելու համար, հատկապես, երբ դրանք պատկանում են այն անձանց, որոնք խորհրդարանում քվեարկում են այդ նախագծերի օգտին: Կառավարության ներկայացրած փաստարկը, թե Սեւանից ամեն տարի ավելի շատ ջուր է բաց թողնվում ոռոգման համար, համոզիչ չէ, քանի որ ոռոգման ոլորտում նույնպես ցուցանիշները գոհացնող չեն:

Սեւանա լիճը նաեւ մշտապես բնապահպանական ռիսկերի է ենթարկվում. լիճը շրջապատող հանքավայրերը ջրի թունավորման սպառնալիք են պարունակում. նախ` Սոթքը, հետո` Ամուլսարը, որը գտնվում է Սեւանա լճի ջրհավաք ավազանում:

Սոթքի հանքավայրը շահագործող «GEOPROMINING» ընկերությունը 2009թ. ոսկու արդյունահանման ֆաբրիկան Արարատից Սեւանի ջրավազան տեղափոխելու ծրագիր էր ներկայացրել: Նախատեսվում էր Սեւանա լճից 20 կմ հեռու գտնվող Սոթքի հանքավայրի մոտ ոսկու կորզման ֆաբրիկա կառուցել ցիանիդի օգտագործման միջոցով ոսկու հանքաքարի լիարժեք մշակման համար: Բնապահպանները պնդում էին, որ ցիանային միացություններով, ծանր եւ տոքսիկ տարրերով պոչամբարը «պայթուցիկ ռումբ» է Սեւանի համար, եւ նախագիծը չիրագործվեց նրանց համառ դիմադրության շնորհիվ:  

Այնուհետեւ` 2011թ., «GeoProMining Gold» ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրի մոտ կառուցեց մանրող-ջարդող եւ տեսակավորող սարք, որը թույլ չտրվեց շահագործել: Բնապահպաններին մտահոգում էր այն հանգամանքը, որ մանրող-ջարդող եւ տեսակավորող սարքի շահագործման հետեւանքով առաջացած վնասակար նյութերը կկուտակվեն Սեւանա լճում, որը քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարից կվերածվի Սոթքի հանքավայրի պոչամբարի:

Ամուլսարը նույնպիսի վտանգ է Սեւանա լճի համար, մասնագետները վերլուծում են Ամուլսարի ծրագրի բացասական ազդեցությունները, բայց Կառավարությունն առայժմ դրանից հրաժարվելու մտադրություն չունի:

Սեւանա լճի համար խիստ անբարենպաստ այս իրավիճակում Սեւան քաղաքը ձգտում է զբոսաշրջության մաս կազմել Սեւան հանգստի գոտու հետ: Քաղաքային իշխանությունն ու բնակիչները համոզված են, որ Սեւանը զբոսաշրջային քաղաք լինելուց բացի, այլ կարգավիճակ պարզապես չի կարող ունենալ` ո'չ արդյունաբերական, ո'չ գյուղատնտեսական, որովհետեւ այդպիսի ռեսուրս չունի: Զբոսաշրջային քաղաք դառնալն ամենահավանականն են համարում, բայց նրանց բացատրել են, որ մայրուղին Սեւան քաղաքը բաժանել է լճից, եւ զբոսաշրջիկը հազիվ թե շրջանցի ճանապարհը քաղաք մտնելու համար:

«Միայն այն հանգամանքը, որ մայրուղին տարանջատում է քաղաքը լճից՝ դեռեւս բավարար չէ բացառելու համար, որ Սեւան քաղաքը չի կարող զբոսաշրջության մեջ ներգրավվել: Դրա կողքին կարող է շատ առավելություններ ունենալ, քաղաքը շատ հեռու չէ լճից, եւ եթե այնտեղ հետաքրքրություն լինի, կարող են գնալ եւ վայելել»,- ասում է Հայաստանի զբոսաշրջային կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

Մեխակ Ապրեսյան, լուսանկարը` sputnik.am-ի

«Ի՞նչ է անհրաժեշտ Սեւանին զբոսաշրջային քաղաք դառնալու համար»,- հարցնում եմ նրան: «Ենթակառուցվածքներ պետք է լինեն, հետաքրքիր ապրանքներ, ծախսելու տեղ, որպեսզի վայելեն, նաեւ` գովազդներ: Ենթակառուցվածքները պետք է համապատասխանեն տեղի ճարտարապետական միջավայրին: Անհրաժեշտության դեպքում կարելի է նախաձեռնել Սեւան քաղաքի զարգացման ծրագիր, եւ այդ ծրագրի շրջանակում պարզ կլինի` հատուկ կարգավիճակ տալու անհրաժեշտություն կա՞, պետք է համոզված լինել ռեսուրսների առկայության հարցում»,- ասաց պրն Ապրեսյանը:

Սեւանում տուրիզմը զարգացնելու մասին խոսելիս նա լճի ափամերձ բոլոր բնակավայրերը դիտում է մեկ միասնության մեջ: «Ընդհանրապես «Սեւան ազգային պարկը» շատ կարեւոր է զբոսաշրջային տեսանկյունից եւ ակտիվ ներգրավված է զբոսաշրջության մեջ: Այլ հարց է, թե ինչպես անենք, որ առավելագույնը շրջակա համայնքները կարողանան օգտվել դրանից: Զբոսաշրջության նպատակը հենց այդ է, տեղի կայուն տնտեսական զարգացմանը նպաստենք, կենսամակարդակը բարձրացնենք»,- բացատրում է պրն Ապրեսյանը:

Նա թվարկում է զբոսաշրջային կենտրոն հայտարարելու համար սահմանված անհրաժեշտ նախապայմանները. գույքագրել Սեւանի ռեսուրսը՝ նյութական, ոչ նյութական, բնական, մարդկային եւ մտածել, թե ինչ է հնարավոր անել: Գույքագրումը, ըստ նրա, պետության խնդիրն է, զբոսաշրջության ծրագիր կազմելը` նույնպես, որից հետո մասնավորին կարելի է ներդրումներ կատարելու առաջարկ ներկայացնել: «Ծրագրային առաջարկներ ներկայացնելու հարցում շատ անհրաժեշտ է համայնքի նախաձեռնությունը: Եթե ձեւավորված առաջարկ ունենանք, զբոսաշրջիկը կգնա»,- համոզված է Մ. Ապրեսյանը:

Սեւանի համայնքապետարանը նախորդ տարիներին քաղաքը զբոսաշրջության կենտրոն հայտարարելու նախաձեռնություն է ցուցաբերել, սակայն ընթացք չի տրվել: Մոտ ութ ամիս առաջ Կառավարությանը Սեւանի զբոսաշրջության զարգացման ծրագիր է ներկայացրել նաեւ գործարար Վիկտոր Մնացականյանը: «Որքանո՞վ է իրականանալի Վ. Մնացականյանի ներկայացրած ծրագիրը», մեր հարցը Մ. Ապրեսյանը շրջանցեց:

Իշխանությունն առաջին հերթին ներդրողին պետք է վստահեցնի, որ Սեւանն ապագա ունի

Սեւանը տիպիկ սովետական քաղաք է, զբոսաշրջային գրավչությունից զուրկ, եւ դա առաջին հերթին պայմանավորված է 1961թ. եւ դրանից հետո կառուցված շինությունների տեսքով: Վիկտոր Մնացականյանն առաջնային է համարում Սեւան քաղաքի պատմության վերականգնումը, որը սկսվում է 19-րդ դարից: Ելենովկա գյուղի հիմքի վրա կառուցված քաղաքի կենտրոնում պահպանվել է Ելենովկայի առաջին բնակչի՝ ռուս մոլոկան Իսայ Երշովի 1842 թ. կառուցած տան մի մասը:  

«Դա միակը չէ, հին տներ էլի կան, որոնք սվաղված ծեփի տակ են մնացել, բայց կարելի է վերականգնել: Մոտ 10 նման տուն կա, մի 20-ն էլ կարող ենք վերականգնել եւ այդպես ներկայացնել քաղաքի պատմությունը: Տներ կան, որտեղ մինչեւ հիմա նավակը դրված է բակում»,- ասում է գործարարը:

Վ. Մնացականյանի խոսքով՝ սովետական շրջանից պահպանված հետաքրքիր շինություններ եւս կան, օրինակ` Կամբուզ անունով սովետական ռեստորանը: Առանձին կառույցներ կան, որոնք տարբերվում են իրենց ճարտարապետական լուծումներով` նախկին երկրագիտական թանգարանը, հոգեւոր ճեմարանի ճաշարանը եւ այլն: Սակայն, կողքի անճաշակությունները ստվերում են ամեն ինչ:

Վիկտոր Մնացականյանի լուսանկարը` նրա ֆեյսբուքյան էջից

«Քաղաքում դիզայներական աշխատանք պետք է կատարվի, Սեւանի բրենդը պետք է ունենալ, քաղաքը բարեկարգել է պետք, հյուրանոցներ, սրճարաններ բացել եւ այլն: Լիճն ու քաղաքը միմյանց կապելու լուծումները հնարավոր է թունելներով»,- իր նախագծի հաջողվածության մեջ համոզված` ասում է Վ. Մնացականյանը:

Ծրագրի երկրորդ մասը վերաբերում է Սեւանա լճի ափամերձ տարածքների բարեկարգմանը եւ առափնյակի կառուցմանը: «Ողջ գոտին պետք է նորովի ձեւավորել, թերակղզին մինչեւ վերջ մի ոճ պետք է ունենա: Թե ինչ է կատարվում լճափին, լավագույն օրինակը թերակղզին է, որտեղից տպավորություն ունես, որ պետությունը չկա այստեղ: Անճաշակ Վերնիսաժ, շինությունները ճարտարապետական տեսք չունեն, ուղղակի վետերոկներ են սարքված: Շինարարությունը հսկողության տակ չէ, ռեստորանի միջով մտնում ես 9-րդ դարի եկեղեցի, լճի մերձակայքում ճեմուղի չկա, որտեղ կարելի է զբոսնել, հանգստանալ եւ այլն»,- ասում է Վ. Մնացականյանը:

Ծրագրի 3-րդ մասը «Սեւան Օլդ թաուն» հնաոճ քաղաքի հիմնումն է: Վ. Մնացականյանի պատկերացմամբ՝ այն պետք է մոտ լինի Սեւան քաղաքին, բայց նրա կազմում չլինի: Նախագծվելու է մի քանի հարյուր տարվա «վիզուալ հնության» քաղաք՝ ընդհանուր 6-15 հեկտարի վրա, որից բուն «Սեւան օլդ թաունը» կկազմի 6 հա: Այն պետք է կառուցված լինի հայկական ճարտարապետական լավագույն ավանդույթներով, նաեւ՝ եվրոպական ճարտարապետական լուծումներով ոճավորված հին շենքերի տեսքով»:

«Բայց մինչ այդ, Կառավարությունը պետք է հստակեցնի, թե ինչքան է լինելու Սեւանա լճի մակարդակը, որովհետեւ Սեւանի ջուրը եթե բարձրացնում ենք, թերակղզին կղզի է դառնում, եւ այս դեպքում արդեն լուծումներն էլ են փոխվում»,- ասում է նա:

«Ի՞նչ ճակատագիր է ունեցել ներկայացված ծրագիրը» մեր հարցին գործարարը պատասխանեց, որ այն առայժմ պտտվում է Կառավարության տարբեր կառույցներում: Միայն մեկ անգամ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի նախաձեռնությամբ քննարկվել է թերակղզու կառույցների հարցը, որին մասնակցել են «Սեւան ազգային պարկի», Հայ առաքելական եկեղեցու, Կառավարության եւ տեղական իշխանության ներկայացուցիչներ:

«Ծրագրի մասին նորություն չկա, որովհետեւ այստեղ շահերի բախում կա...: Ներկայացված ծրագիրն իրականություն է դառնալու մասնավոր ներդրումների շնորհիվ, իսկ դրան հասնելու համար Հայաստանի կառավարությունն առաջին հերթին ներդրողին պետք է վստահեցնի, որ Սեւանն ապագա ունի»,- նշում է  Վ. Մնացականյանը:

Միայն այն հանգամանքը, որ մինչ օրս Կառավարությունը «Սեւան ազգային պարկ»-ը հանգստի գոտի չի հայտարարել եւ «Սեւան ազգային պարկ»-ի համար տուրիզմի զարգացման ծրագիր չի ընդունել, բավարար է ասելու, որ դեռեւս պատրաստ չեն քննարկելու այս ծրագիրը:

Կառավարությունը վճռականություն չունի իրավիճակն արմատապես փոխելու եւ ընտրել է տպավորություններ ստեղծելու ուղին: Ավելի շուտ, Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների օրինակով, հարցը թողել է մասնավոր անձանց ինքնաբուխ կարգավորումներին, ինչպես Կալավան եւ Վարդենիկ համայնքներում իրականացվող ծրագրերը, որտեղ մասնավոր անձանց մտավոր եւ նյութական ներդրումների շնորհիվ  իրականացվում են արկածային, հնագիտական զբոսաշրջության եւ օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրեր: Կառավարությունը միայն հայտարարում է ցուցանիշները՝ համայնք այցելող զբոսաշրջիկների տարեկան թիվը հասել է 10 հազարի:

Սեւան քաղաքում նույնպես փոփոխությունների են ձգտում. Սեւանի երիտասարդական ակումբի եւ Սեւանի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչները, Մ. Ապրեսյանի ասելով, սովորեցնում են զբոսավարի մասնագիտությունը, զբոսաշրջային տների ցանց են ձեւավորել, որպեսզի գիշերակացի հնարավորություն ստեղծեն: «Բնակչությունը պատրաստակամ է գիշերակացի տներ տրամադրել, նրանք պետք է հասկանան, որ դա ինքնազբաղվածություն է ապահովում»,- ասում է պրն Ապրեսյանը:

Սեւանի պարագայում շեշտվում է, որ հանգստի սեզոնն այստեղ կարճ է` 2 ամիս, եւ մի շարք խնդիրներ կան լուծելու, որպեսզի Սեւանն ավելի երկար ընդգրկված լինի զբոսաշրջության մեջ, օգուտներն ավելի շատ լինեն: Իրականում գնահատված չեն սեզոնը երկարաձգելու հնարավորությունները: Միայն առանձին անհատներ են իրենց գործունեությամբ համոզվել, որ Սեւանում հանգստի սեզոնը երկարաձգելու բազում հնարավորություններ կան:

«Savage of Sevan» ընկերությունը բազմաբնույթ սպորտային միջոցառումներ է կազմակերպում Սեւանա լճում եւ հարակից տարածքներում` նպատակ ունենալով այնտեղ զարգացնել սպորտային տուրիզմը: «Տուրիզմի ձմեռային որոշակի ձեւեր զարգացնելու, բարձր լեռնային սպորտային  միջոցառումների կազմակերպման համար հրաշալի հնարավորություններ կան Սեւանում: Արդեն ակնհայտ զգացվում է, որ Սեւանա լիճը ձգում է սպորտային տուրիզմով զբաղվող արտասահմանցիներին»,- հայտնել է ընկերության անդամ Առնո Մոսիկյանը: 

Զբոսաշրջության մեջ հնարավոր է ներառել նաեւ Ազգային պարկի սահմաններում գտնվող 4 արգելոցները` Նորաշենի, Լիճք-Արգիչի, Գիլլի, Արտանիշի եւ 2 արգելավայրերը` Գավառագետի եւ Գիհի-կաղնուտային ռելիկտային: Նաեւ` Սեւանի ափամերձ տարածքում սփռված բազմաթիվ բրոնզեդարյա «կիկլոպյան» կոչվող ամրոցները, Լճաշենի դամբարանադաշտը, որի շատ փոքր մասն է պեղված: Պահպանվել են նաեւ ուրարտական դարաշրջանի բազմաթիվ կառույցներ եւ արձանագրություններ: Թերակղզու վրա գտնվող միջնադարյան (9-րդ դար) եկեղեցիները՝ Սեւանավանքը, Հայրավանքը, որոնք ուխտատեղի են:

Գեղարքունիքի մարզը եւ, հատկապես, Սեւանը ռեսուրսների պակաս չունի, դրանք սպառվում են հայեցակարգային կառավարում չունենալու պատճառով:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։