Հինգշաբթի, 19 հոկտեմբերի

Քաղցրաշենում նվազել են խաղողի այգիների տարածքները


Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողի այգիների տարածքը մեկ տարվա ընթացքում նվազել է 10 հեկտարով։ Եթե 2016թ. գյուղում կար 146,075 հա խաղողի այգի, ապա 2017թ.՝ 136,5 հա: Ընդ որում` նվազել են ֆիզիկական անձանց կողմից մշակվող խաղողի այգիների տարածքները:

Համայնքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2010թ. Քաղցրաշեն գյուղի խաղողի այգիները կազմում էին 131,80 հա: Այդ տարածքն ամբողջությամբ պատկանում էր ֆիզիկական անձանց: Տարիների ընթացքում այգիների տարածքները մեծացան: Գյուղացիները ոգևորությամբ էին զբաղվում խաղողի մշակությամբ, քանի որ գինու եւ կոնյակի գործարանները մթերում էին գյուղացիների խաղողի բերքը, և իրացման դժվարություններ չէին առաջանում: 2015թ. Քաղցրաշենում կար 146,07 հա այգի, որից մոտ 2 հա-ը պատկանում էր իրավաբանական անձանց:

Քաղցրաշենի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արտակ Եղիազարյանը այգիների տարածքների կրճատման մեջ արտառոց ոչինչ չի տեսնում: Ասում է, որ ժամանակ առ ժամանակ գյուղացիները հին այգին քանդում, նորն են հիմնում: Սակայն, իրականում պատճառն այլ է:

Քաղցրաշեն համայնքի բնակիչները հիմնականում զբաղվում են խաղողի մշակությամբ: Սակայն, գյուղացիները հիասթափվել են խաղողի մշակությունից` պատճառաբանելով, թե պետական աջակցություն չեն ստանում և բերքի իրացման ժամանակ մնում են միայնակ:

2015 թվականը «ճակատագրական» եղավ խաղողի մշակությամբ զբաղվող գյուղացիների համար: Մթերելով բերքը` գինեգործական ընկերությունները չկարողացան գյուղացիներին վճարել հասանելիք գումարը: 12 ընկերություններ պարտքեր էին կուտակել: Անցել է երկու տարի, սակայն պարտքն ամբողջությամբ մարված չէ:

Խաղողի մշակությամբ զբաղվող 58 քաղցրաշենցի «Վինար» ՍՊԸ-ից չի ստացել դեռևս 2015թ. հանձնած խաղողի գումարները: Ընկերությունը նրանց պարտք է ընդհանուր առմամբ՝ 12 մլն 326 հազար դրամ:

Այս ընկերությունը գյուղացիական տնտեսությունների ունեցած ամենամեծ պարտատերն է: Հունվարի 1-ի դրությամբ նրա պարտքը կազմում էր 81,2 մլն դրամ։ Ընկերությունը 2015 թվականին գյուղացիական տնտեսություններից մթերել է 284 մլն դրամ արժողությամբ 2983 տոննա խաղող:

Գյուղատնտեսության նախարարությունից «Հետք»-ին տեղեկացրին, որ «Վինար»-ն այս ամիսների ընթացքում մասնակիորեն մարել է պարտքերը. այսօր ընկերության ունեցած պարտքը կազմում է 30 մլն դրամ: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ ընկերությունը քայլեր է ձեռնարկում նաև մնացած պարտքը մարելու ուղղությամբ. «Մասնավորապես՝ վաճառքի է հանվել ընկերության ունեցած սպիրտը»:

Քաղցրաշենի համայնքապետարանի աշխատակից Արտակ Եղիազարյանին ևս ընկերությունը պարտք է, սակայն վերջինս կարծես թե մոռացել է այդ պարտքի մասին: Հույս ունի, որ մի օր կմարեն: Այդպես են մտածում նաև մյուս գյուղացիները և հրաժարվում հարցազրույցից:

2016թ.-ին գյուղացիները բողոքի ակցիաներ կազմակերպեցին կառավարության շենքի դիմաց: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն էլ խոստացավ, որ մինչև 2016թ. վերջը «Վինար» ընկերությունը կմարի կուտակած պարտքը: Անցել է մեկ տարի, սակայն ընկերությունը շարունակում է պարտք մնալ գյուղացիներին:

Խաղողի գնի անկման, ինչպես նաև` գյուղացիների բերքը չմթերելու պատճառներից մեկն էլ այն էր, որ գործարանները, որոնց սեփականատերերը պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ են, այս տարիների ընթացքում հիմնել են իրենց սեփական այգիները և շարքային գյուղացու խաղողի կարիքը կամ չունեն, կամ ունեն՝ քիչ քանակությամբ:

Օրինակ՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է: Որպես ֆիզիկական անձ նա 24,87 հա խաղողի այգի ունի: Դրանք գտնվում են Արարատի մարզի Այգավան գյուղում: Խաղողի այգիներ ունի նաև գործարանը:

Արայիկ Գրիգորյանը նախորդ տարի 44 մլն 626 հազար դրամի եկամուտ է ստացել հենց իր՝ «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ին վաճառած գյուղատնտեսական մթերքներից:

Արարատի մարզում գինու գործարան ունի նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետն իր եկամուտների հայտարարագրերում չէր նշում, որ հող ունի, սակայն չգիտես ինչպես` ամեն տարի եկամուտ էր ստանում գյուղմթերքների իրացումից: Այսպես` 2011թ., երբ ԱԺ նախագահ էր, Հովիկ Աբրահամյանը 40 մլն դրամի եկամուտ է ստացել գյուղմթերքների իրացումից, 2012թ.-ին՝ 45 մլն դրամի, իսկ 2013թ.-ին՝ դարձյալ 40 մլն դրամի: Գրեթե նույնքան եկամուտ էլ գյուղմթերքների իրացումից ստանում էր վարչապետի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը:

Միայն Նարեկ գյուղում Հովիկ Աբրահամյանի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի անունով գրանցված է 120 հա հողատարածք, որից 100 հա-ը խաղողի այգի է, իսկ 20 հա-ը՝ խոտհարք:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։