Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Սևանա լճում սկուտերների ու մոտորանավակների նկատմամբ որևէ պետական մարմին հսկողություն չի իրականացնում


Գրիշա Բալասանյան

«Սևան ազգային պարկ»-ի տարածքը կազմում է 147,343 հա, որից ջրային տարածքը` շուրջ 127,800 հա: Այդ տարածքների մի մասը տրվել է վարձակալության: Բնապահպանության նախարարության տեղեկացմամբ՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը 875 տնտեսվարողի հետ կնքել է հողի վարձակալության պայմանագիր, սակայն ՊՈԱԿ-ի կողմից հաշվառված չէ, թե վարձակալներից քանիսն են տարածքները որպես լողափ շահագործում: Միայն հայտնի է, որ 9 հանրային լողափ կա: Դրանցից 8-ը ստեղծվել է Հայաստանի կառավարության որոշումների հիման վրա, իսկ 1-ը՝ Մարտունու քաղաքապետարանի:

Հանրային լողափերի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 30.0 հա: Դրանից 28.16 հա-ը կառավարության որոշումների համաձայն ստեղծված լողափերն են, իսկ 1.84 հեկտարը՝ Մարտունի համայնքին հարակից լողափը:

Լողափերի հաշվառված չլինելը անվտանգության և ափամերձ հատվածի մաքրության տեսանկյունից լուրջ հարցեր է առաջացնում: Դժվար է դրանց նկատմամբ հսկողություն սահմանելը, տարածքի աղբը հավաքելն ու անվտանգության նորմերը պահպանելը: Սակայն, նույնիսկ հայտնի հանրային լողափերում լողացողների անվտանգությունն ապահովված չէ:

Այս ամառ Ֆրանսիայից Սևան ժամանած զբոսաշրջիկ Իզաբել Մալեզը «Հետքի» հետ զրույցում ասում էր, որ Սևանն իրեն դուր է եկել, սակայն լողալու համար լիճ չմտավ, քանի որ վախենում էր սկուտերներից ու մոտորանավակներից: Նրա համար անհասկանալի էր, թե «ինչու են թույլ տալիս սկուտերներին ափին այդքան մոտ լինել»: Իզաբելի խոսքերով՝ Ֆրանսիայում շատ լուրջ են վերաբերվում հատկապես սկուտերների շահագործմանը, քանի որ դրանք կարող են մահացու լինել լողացողների համար:

Իզաբել Մալեզը նշում էր, որ Ֆրանսիայի լողափերում կան հատուկ առանձնացված գոտիներ սկուտերների, մոտորանավակների համար. «Դրանք բավականին հեռու են ափամերձ հատվածներից և լողացողների անվտանգությանը չեն սպառնում:

Թե´ բնապահպանության, թե´ արտակարգ իրավիճակների նախարարությունը հստակ չպարզաբանեցին, թե կառավարությունն ինչ նորմեր է սահմանել մոտորանավակների, սկուտերների շահագործման վերաբերյալ, եւ թե լճում լողացողներից ինչ հեռավորության վրա դրանք կարող են կայանել:

Հանգստի թեժ ամիսներին լողափերին սնկի պես ավելանում են շարժիչով լողամիջոցները: Որոշակի վճարի դիմաց ցանկացած ոք կարող է վարել սկուտեր, մոտորանավակ, և որևէ մեկը լիազորություն չունի պարզելու՝ արդյոք նա ունի՞ վարելու տարրական գիտելիքներ: Ականատես ենք եղել բազմաթիվ դեպքերի, երբսկուտերները մեծ արագությամբ չափից շատ մոտեցել են լողացողներին: Կամ վարողն է խույս տվել, կամ՝ լողացողները, և դժբախտ դեպքեր չեն գրանցվել:

Հսկողություն չկա նաև սկուտերների, մոտորանավակների սարքինության նկատմամբ: Մինչդեռ սկուտերը հանդարտ ջրի վրա զարգացնում է 80 կմ/ժ և ավել արագություն:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի լիազորությունների մեջ չի մտնում քաղաքացիների անվտանգության կազմակերպումը: Ավելին, ներկայում մոտորանավակների, սկուտերների կամ շարժիչով այլ ջրային փոխադրամիջոցների համար առանձնացված երթուղիներ նախատեսված չեն:

Իսկ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմենուհի Գրիգորյանի փոխանցամբ՝ վերջին 5 տարիների ընթացքում Սևանա լճում մոտորանավակների, սկուտերների շահագործմամբ գրանցվել է 21 դեպք, որոնց հետևանքով եղել է 6 վիրավոր եւ 12 զոհ (որից 9-ը՝ ձկնորս), 26 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն՝ ջրից դուրս բելելու համար:

Ուշագրավն այն է, որ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները լողամիջոցների հաշվառման և շահագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորություններ չունեն: Նախարարության պաշտոնյան ասում է, որ փրկարար ծառայության հատուկ ջրափրկարար ջոկատը Սևանա լճում ամռան ամիսներին իրականացրել է 24-ժամյա հերթապահություն:

Իսկ հուլիսի 1-ից սկսած` Սևանա լճի 3 հանրային լողափերում, թերակղզում և դրանց ափամերձ ջրային հատվածում իրականացվել է 12-ժամյա հերթապահություն, որի ընթացքում փրկարարներն ափին, բարձրախոսների օգնությամբ քաղաքացիներին հիշեցնում են անվտանգության կանոնները:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։