ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Սևան» ազգային պարկ»-ը դժվարությամբ է գանձում տարածքների վարձակալման վճարները


Գրիշա Բալասանյան

Բնապահպանության նախարարության ««Սևան» ազգային պարկ»-ի ընդհանուր տարածքը 147,343 հա է, որից ջրային տարածքը` 127,800 հա, ցամաքային տարածքը` 19,540 հա: Ցամաքային տարածքից անտառածածկ է 10,381 հա-ը:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքներից 2014-2017թթ. վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել է 206,2 հա տարածք: Վարձակալության կամ կառուցապատման իրավունքով ամենից շատ 2014-ին է տրամադրվել` 201,14 հա:

Նշենք, որ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվող տարածքները բնության հատուկ պահպանվող տարածքներ են:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը 875 տնտեսվարողի հետ կնքել է հողի վարձակալության պայմանագիր, սակայն չի հաշվառում,թե դրանցից քանիսն են որպես լողափ շահագործվում: Տնտեսվարողներից 617-ը ֆիզիկական անձինք են, իսկ 258-ը՝ իրավաբանական:

Վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողատարածքների մեկնարկային գները սահմանվում են ըստ համայնքների վարչական սահմանների: 2012- 2017թթ. (մինչեւ առաջին կիսամյակի վերջը) «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ավելի քան 908 մլն դրամ  վարձավճար է հավաքագրել:

Հավաքագրված գումարներն ուղղվել են աշխատողների աշխատավարձերի, պետական և համայնքային բյուջեներ հարկերի, համայնքներին 30% մասհանումների վճարմանը, ինչպես նաև` կազմակերպության գործունեությունն ապահովելու համար ապրանքների ու ծառայությունների ձեռք բերման, հիմնական միջոցների գնման և այլ անհրաժեշտ ծախսերի կատարմանը:

58 մլն դրամի մասհանումներ՝ Սևան համայնքին

Կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի թիվ 1438-Ն որոշման համաձայն «Սևան» ազգային պարկի տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման համար ՊՈԱԿ-ի գանձած վճարների` ավելացված արժեքի հարկ և հողի հարկ վճարելուց հետո մնացած մասի առնվազն 30%-ը պետք է փոխանցվի այն համայնքի բյուջե, որի վարչական սահմաններում գտնվում է տվյալ հողամասը` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և համապատասխան համայնքի ղեկավարի միջև կնքված պայմանագրերին համապատասխան:

2012-2017թթ. «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը միայն Սևան համայնքին մոտ 58 միլիոն դրամի հողի վարձակալությունից մասհանումներ է վճարել: Սակայն, այդ վճարումները համայնքի բյուջեի չնչին մասն են:

Օրինակ՝ 2017թ. Սևան համայնքի բյուջեն կազմում է 473 մլն 695 հազար 600 դրամ, իսկ 25.09.2017թ. դրությամբ 30% մասհանումը կազմել է 4 մլն 85 հազար 125 դրամ, որը կազմում է համայնքի բյուջեի մոտ 0,86%-ը:

              N

    Տարեթիվ

Վճարված գումար      

/դրամ/                                  

1

2012թ.

12,713,000

2

2013թ.

3,670,000

3

2014թ.

18,400,000

4.

2015թ.

12,232,797

5

2016թ.

7,000,000

6

25.09.2017թ. դրությամբ

4,085,125

Վերը նշված մասհանումներից բացի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը Սևան համայնքին վճարում է նաև հողի հարկ` համայնքի տարածքում գտնվող և վարձակալությամբ տրված հողերի համար: Սևան համայնքի վարչական տարածքում վարձակալության տրված հողատարածքները կազմում են 225.96 հա:

2012-2017թ. ընթացքում որպես հողի հարկ Սևան համայնքին վճարվել է մոտ 13,5 մլն դրամ: Տարբերությունը հասկանալու համար նշենք, որ 2017թ. որպես հողի հարկ Ազգային պարկը վճարել է 2 մլն 124 հազար 571 դրամ, որը համայնքի տարվա բյուջեի 0,44%-ն է:                  

N

    Տարեթիվ

Վճարված գումար

/դրամ/

1

2012թ.

1,350,000

2

2013թ.

3,255,272

3

2014թ.

2,298,502

4

2015թ.

2,344,855

5

2016թ.

2,179,440

6

2017թ.

2,124,571

Ակնհայտ է, որ մասհանումները և վարձակալության դիմաց ստացված վճարները շատ չնչին են:  Համայնքը դրանից տուժում է, քանի որ եթե իր վարչական տարածքում գտնվող հողամասերն ինքը տնօրիներ, ավելի շատ եկամուտ կստանար: 

Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս տարի Ազգային պարկի հետ տարաձայնություն չեն ունեցել, մասհանումները ՊՈԱԿ-ը ժամանակին վճարել է: Ինչ վերաբերում է Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողերը համայնքի կողմից տնօրինելուն, համայնքապետ Մուրադյանն ասաց. «Հիմա ունենք այն, ինչ ունենք»: Սարգիս Մուրադյանը չբացառեց, որ համայնքը կարող էր ավելի շատ եկամուտ ստանալ, եթե այդ հողատարածքներն ինքնուրույն տնօրիներ, սակայն, իր ասելով, չի ցանկանում «եթե»-ներով խոսել:

«Սևան» ազգային պարկ»-ից տարածք վարձակալածները ժամանակին չեն վճարում վարձավճարները

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ն ընդդեմ վարձակալների՝ գումարի բռնագանձման կամ պայմանագրերի լուծման պահանջով սեպտեմբերի 12-ի դրությամբ 22 դատական գործ սկսել: Հուլիսի 1-ի դրությամբ` հողերի վարձավճարների բռնագանձման ենթակա պարտքը կազմում է 152 մլն 800 դրամ: Այլ կերպ ասած՝ վարձակալները չեն վճարում վարձակալած տարածքի դիմաց:

2012-2017թթ. լուծվել է 91 պայմանագիր, որոնցից  34-ը՝ դատական կարգով:

Պարտք ունեցողների մեջ կան նաև պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ: Օրինակ՝ ՊՈԱԿ-ն այս տարվա ապրիլին դիմել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի կնոջ՝ Մարիամ Գինոսյանի՝ գումար բռնագանձելու և պայմանագիրը լուծելու պահանջի մասին:

««Սևան» ազգային պարկ»՚ ՊՈԱԿ-ի տնօրենի և Մարիամ Գինոսյանի միջև պայմանագիրը կնքվել էր 2006թ.՝ մինչև 2031 թվականի հոկտեմբերի 27-ը ժամկետով, որով Մ. Գինոսյանին տրվել էր 5.500 քմ մակերես ունեցող հողատարածք` Սևան քաղաքի Կենտրոնական հիվանդանոցից դեպի արևելք: Մարիամ Գինոսյանը պատշաճ ձևով չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունը և կուտակել399 հազար դրամ պարտք: Դատարանը բավարարել է ՊՈԱԿ-ի պահանջը. լուծել է Մարիամ Գինոսյանի միջև կնքված պայմանագիրը և վերջինից բռնագանձելպարտքը՝ 399 հազար դրամ:

Մոտ մեկ տասնյակ նոր հայցադիմումների վարույթ ընդունելու հարցը դեռ որոշված չէ:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։