HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

ArmCoRadio. գործարկվել է հայ կոմպոզիտորների առցանց ռադիոն

Հայաստանի կոմպոզիտորների միությունը եւ «Էգեոն» երաժշտական խումբը համատեղ գործարկել են առցանց ռադիոալիք: ArmCoRadio-ն շուրջօրյա հեռարձակվող ռադիոկայան է, որի ստեղծման նպատակն առաջին հերթին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները պրոպագանդելն է: Ընդ որում՝ ռադիոյի եթերաժամանակում մեծ տեղ է հատկացվելու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին: 

Եթերում հնչում է դասական, ջազ, ժողովրդական, փոփ ժանրերի որակյալ երաժշտություն։ Ռադիոյի հեռարձակման նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ, Կոմպոզիտորների միությունում սկսվել է նաեւ հին ու բացառիկ ձայնագրությունների թվայնացման գործընթացը, բաբինաներից՝ սկավառակներ։ Միության ամբողջ ֆոնդը կհեռարձակվի ռադիոյի եթերում։ Միության նախագահ Արամ Սաթյանը ռադիոյին է հատկացրել նաեւ իր անձնական ձայնադարանը, որտեղ դասական ձայնագրություններից բացի, կան 1930-1950-ական թվականների ջազային բացառիկ ալբոմներ՝ թվով մոտ 40 սկավառակ։ Ռադիոյի ֆոնդի հարստացման նպատակով՝ կազմակերպիչները սկսել են ձայնագրություններ հայթայթել: Ֆոնդն օրեցօր համալրվում է: Այս պահի դրությամբ ArmCoRadio-ն կարող է 72 օր 24-ժամյա հեռարձակում ունենալ՝ որեւէ ստեղծագործություն եթերում չկրկնելով։

Լուսանկարում՝ Կոմպոզիտորների միությունում պահվող արխիվային ձայնագրություններից մեկը։ Լեւոն Աստվածատրյանի ՓԱՅՏՓՈՐԻԿ կանտատի բացառիկ ձայնագրությունը այլեւս թվայնացված է։

ArmCoRadio-ն կամ այսպես ասած հայ կոմպոզիտորների ռադիոն կարող էր գործարկվել դեռ երկու տարի առաջ: Պատմում են «Էգեոն» խմբի հիմնադիրներ, ամուսիններ Արեգ Պանյանը եւ Զարուհի Միկոյանը:

«Արամ Սաթյանի հետ երկու տարի առաջ քննարկեցինք ռադիոյի հարցը, հետաքրքրվեցի՝ արդյո՞ք կոմպոզիտորների միությունում ցանկանում են ռադիո ունենալ: Սաթյանն ասաց, որ նման մտադրություն կա: Առաջարկեցինք, որպեսզի մենք զբաղվենք տեխնիկական հարցերով եւ համատեղ նախագիծ իրականացնենք: Եկանք համաձայնության: Սկսեցինք նախապատրաստվել, ու այնքան խորացանք կազմակերպչական-թղթաբանական հարցերով, որ ամեն ինչ մեր ձեռքով դժվարացրինք: Անցավ երկու տարի, կրկին հանդիպեցինք, ու էս անգամ որոշեցինք գնալ ավելի պարզ ճանապարհով: Շատ արագ հաջողվեց ունենալ առցանց հեռարձակում»,-ասում է կոմպոզիտոր Արեգ Պանյանը:

ArmCoRadio-ի հեռարձակումն իրականացվում է հենց Արեգի երեւանյան բնակարանից: Տան մի սենյակում կոմպոզիտորի համակարգիչներն են, միկրոֆոնները, ձայնագրման եւ այլ սարքավորումներ՝ ռադիոյի անխափան հեռարձակումն ապահովելու համար: Արեգ Պանյանը եւ երգչուհի Զարուհի Միկոյանն ավելի քան 3000 ամերիկյան դոլարի ներդրում են կատարել ռադիոյի ստեղծման գործին, ակնկալելով, որ հետագայում ArmCoRadio-ն կդառնա հաջողակ բիզնես նախագիծ:

«Ինքս ինձ համար արձանագրել եմ, որ ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքը լայն մասսաներին նկատելի չէ: Դեռ 

գրականության ասպարեզում ամեն ինչ ավելի պարզ է՝ ընթերցողն առանց հեղինակին ճանաչելու, գրադարանում տեսնում է գիրքը եւ գնում: Այլ բան է կոմպոզիտորների պարագայում: Եթե դու շարքային մելոման ես, նոտա չես գնի, ու դեռ հարց է՝ նոտա գիտես, թե ոչ: Իսկ դահլիճներում, փառատոններում հնչող ժամանակակից երաժշտությունը կրկին փոքր խմբերի համար է: Այնտեղ հաճախում են կամ կոմպոզիտորների ծանոթները, կամ՝ ովքեր շատ են սիրում հայկական երաժշտություն եւ կոնկրետ հետաքրքրված են ժամանակակից երաժշտությամբ: Այսպես ասած դրսից մարդ չկա: Եվ մեր նպատակն է՝ նեղ երաժշտական շրջանակներից դուրս գտնվող ունկնդրին մատուցել ժամանակակից կոմպիտորների երկերը»,-ասում է Զարուհի Միկոյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ասում է, որ ArmCoRadio-ն համացանցում եւս մեկ գործիք է հասարակությանը դասական եւ ընդհանրապես որակյալ երաժշտություն մատուցելու առումով. «Մեր ժողովրդի շրջանում սկսել են քիչ լսել դասական երաժշտություն։ Իսկ ամեն մարդ, եթե ուզում է հարստանալ հոգեպես, անպայման պետք է առնչվի դասական երաժշտության հետ, այդ թվում՝ ժամանակակից։ Ռադիոն ի սկզբանե նրա համար է, որ մարդիկ լսեն դասական երաժշտություն, ջազ, փոփ, որովհետեւ երաժշտությունը գեղեցիկ է բազմաժանրության մեջ։ 

Պետք է լավ հասկանանք՝ արդյո՞ք մեր կոմպոզիտորը կարող է հնչել արտասահմանյան որեւէ կոմպոզիտորի կողքին։ Պարզվում է՝ այո։ Մենք ունենք հիանալի երաժշտություն։ Բայց զարմանալիորեն դժվարությամբ ենք արտաքին շուկա դուրս գալիս։ Եթե ArmCoRadio-ն տարածվի եւ ճանաչում ձեռք բերի արտասահմանում, ապա մեր կոմպոզիտորները կգրավեն երաժշտական գործակալների ուշադրությունը, մերոնք էլ կմտնեն բիզնես-շուկա»։ 

Միությունում անգամ քննարկել են վերգետնյա հեռարձակման լիցենզիա ստանալու հարցը, սակայն հետո հրաժարվել են այդ մտքից, պարզելով, որ դա շատ մեծ ծախսեր է ենթադրում: 

ArmCoRadio-ն առայժմ հաղորդումներ չունի, բայց առաջիկայում նախատեսվում են: Պանյանների բնակարան-ստուդիայում նաեւ ուղիղ եթերում զրույց կազմակերպելու տեխնիկական հնարավորություններ կան: Ռադիոյի խմբագրակազմը փորձելու է ակտիվ հետադարձ կապ պահպանել ունկնդիրների հետ, լսել առաջարկները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter