Հինգշաբթի, 19 հոկտեմբերի

Քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկ»-ի եղբայրը կարգադրիչի միջոցով դատարանի դահլիճից դուրս է կանչել լրագրողին



«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստին այսօր գործով անցնող քրեական հեղինակությունների մեծ թվով մտերիմներ էին  եկել: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած դատական նիստին դատարանի ամենամեծ դահլիճը գրեթե լիքն էր:  Մինչև դատական նիստի մեկնարկը ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի եղբայրը՝ Արա Բանդուրյանը դատական կարգադրիչի միջոցով դուրս է կանչել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանին ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ է վերջինս եկել դատական նիստին:

Տաթև Խաչատրյանն դատարան գնացող առաջին լրագրողներից մեկն է եղել։ Նիստերի դահլիճ մտնելուց հետո կարգադրիչներից մեկը եկել և նրան ասել է, թե դրսից նրան կանչում են: Երբ Խաչատրյանը դուրս է եկել դատարանի միջանցք, նրան է մոտեցել Արա Բանդուրյանն ու սկսել հարցեր տալ, թե ինչո՞ւ է լրագրողը եկել դատական նիստին:

«Հետք»-ի հետ զրույցում Տաթև Խաչատրյանը պատմեց, որ Բանդուրյանն իրենից հետաքրքրվել է, թե ով է իրեն կանչել նիստին:

«Ո՞վ ա քեզ կանչել, ինչի՞ ես եկել, ինչի՞ ես լուսաբանում և նմանատիպ այլ հարցեր էր տալիս»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը`նշելով, որ ինքը պատասխանել է, որ իր աշխատանքն է կատարում, և պահանջել իր փոխարեն չորոշել, թե ինչպես կատարի իր մասնագիտական պարտականությունները: Իսկ թե ինչո՞ւ էր կարգադրիչը որոշել Բանդուրյանի պահանջով դուրս հրավիրել լրագրողին, պարզ չէ:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. վերջինս հիվանդանոցում մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է «Նորատուսցի Ալիկ» մակնավամբ, Պետրոս Իսրայելյանին (հայտնի է որպես «Չարբախցի Գեղամիկ») դրդել է այլ անձանց հետ համատեղ, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով: 

Այս գործով անցնող Արմեն Լյովայի Գասպարյանին, ով  հայտնի է «Բդո» մականվամբ, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբր կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Ըստ մեղադրանքի` Պետրոս Իսրայելյանը, նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:

Այսօր դատարանում քննարկվեց Ալիկ Բանդուրյանի խափանման միջոցը փոխելու, նրա, ինչպես նաև գործով մյուս ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքը հանելու հարցը: Մինչ այդ դատավոր Նելլի Բաղդասարյանն արգելեց դատարանում ներկա լրագրողներին տեսանկարահանել նիստը:

Երբ դատարանից լրագրողները խնդրեցին թույլատրել տեսանկարահամում իրականացնել, ամբաստանյալներն առարկեցին: Հատկանշական է, որ դատավոր Նելլի Բաղդասարյանը ճշտեց ոչ միայն ամբաստանյալների դիրքորոշումը` կապված տեսանկարահանման հետ, այլ նաև հրապարակային դատական նիստը լուսաբանելու վերաբերյալ:

«Իսկ լուսաբանման առումով խնդիր տեսնո՞ւմ եք»,- դիմելով կողմերին հարցրեց Նելլի Բաղդասարյանը, և կողմերը չառարկեցին, որպեսզի նիստը լուսաբանվի:

Այսօր Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց:

Պաշտպանը նշեց, որ Ալիկ Բանդուրյանն  առողջական լուրջ  խնդիրներ ունի, իր պաշտպանյալի համաձայնությամբ թվեց նրա հիվանդությունների ցանկն ու նշեց, որ Բանդուրյանը պետք է անհապաղ տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց:

«Ալիկ Բանդուրյանն ունի սրտի հետ կապված լուրջ խնդիրներ, զարկերակային բարձր ճնշում, ողնաշարի եւ ողնուղեղի տուբերկուլյոզ, քսան օրվա ընթացքում երկու բարդ վիրահատության է ենթարկվել եւ այսօր դատարան է տեղափոխվել անվասայլակով: Նրան անհապաղ բուժում է հարկավոր խիստ անկողնային պայմաններում և երկարատև խնամք, որը բնականաբար, քրեակատարողական հիմնարկում չեն կարող ապահովել»,- ասաց Երեմ Սարգսյանը` հավելելով, որ Բանդուրյանը լիարժեք բուժում կարող է ստանալ միայն քաղաքացիական հիվանդանոցում: Բացի այդ` Սարգսյանը նշեց նաև, որ նախաքննության սկզբում Բանդուրյանին կալանավորելու հիմքերը չեն կարող մինչև հիմա նույնը մնացած լինել. այս հիմքերը շուրջ մեկ տարի անց պիտի նվազած լինեն:

Մեղադրող դատախազը, սակայն, առարկեց միջնորդության դեմ ՝ նշելով, որ չեն վերացել այն հիմքերը, որ Բանդուրյանը ազատության մեջ գտնվելով չի խոչընդոտի քննությանը, չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից: Մեադրողը նշեց, որ ազատության մեջ գտնվելով`ամբաստանյալը կարող է ճնշում գործադրել ականատես վկաների վրա:

Ավելին, մեղադրողը, հղում կատարելով գործի շրջանակներում արված գաղտնալսումներին`հայտարարեց, որ Ալիկ Բանդուրյանն ապօրինի ազդեցություն է գործադրել ինչպես Պետրոս Իսրայելյանի, այնպես էլ դեպքի ականատես վկաների նկատմամբ:

Դատարանը մերժեց Բանդուրյանի խափանման միջոցը փոխելու և նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատական նիստին  Բանդուրյանի և Պետրոս Իսրայելյանին պաշտպանները միջնորդեցին իրենց պաշտպանյալների հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների վրա դրված արգելքը վերացնել, սակայն դատարանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում կհայտնի հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է հոկտեմբերի 25-ին:

Լուսանկարում Արա Բանդուրյանն է


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ