HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնների ձևավորում, էլեկտրական շարժիչներով մեքենաների հարկերից ազատում․ վարչապետը հանձնարարականները տվեց

Կառավարության հերթական՝ հոկտեմբերի 12-ին հրավիրված նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց գործադիրի անդամներին ուղղված հանձնարականներով։ Առաջին հանձնարարականն առնչվում էր բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորմանը։

«Արդեն իսկ գործարկվել են համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոններ, դրանք հետագայում փոխանցվելու են համայքներին, աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքներում բազմաֆուկցիոնալ համայնքային կենտրոնների ձևավորման ուղղությամբ։ Հանձնարարում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և պետական գույքի կառավարման վարչության պետին տասնօրյա ժամկետում մշակել և կառավարությանը նեկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման վերաբերյալ առաջարկություններ»,-ասաց Կարապետյանը։

Անդրադառնալով ծրագրի էությանը գործադիրի ղեկավարն ասաց․

«Մենք ունեինք ծրագիր, որ ստեղծելու ենք սոցիալական ապահովության կենտրոններ բոլոր տարածքներում, որպեսզի մեր բնակչությանը որակյալ, նոր կարգի ծառայություններ տրամադրեինք։ Ուստի մեկ պատուհան ծրագրով կարող ենք հարթակ ստեղծել, որտեղ բնակիչը կարող է բոլոր հնարավոր ծառայությունները ստանալ»։ Վարչապետի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն կընձեռի օպտիմալացնել ֆինանսական միջոցները, բացի այդ՝ կապահովի նաև ծառայությունների հարմարավետություն։
«Այն միջոցները, որոնք տնտեսելու ենք, ուղղելու ենք տեխնիկական վերազինմանը»,-մանրամասնեց Կարապետյանը։

Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատելուն:

«Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալի խթանի անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին մեկամսա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից, տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- ասաց նա։

Վարչապետի երրորդ հանձնարարականը վերաբերում էր «Մաքուր Հայաստան» ծրագրին․

«Անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ծավալուն աշխատանքներ են կատարվել, երկու համապետական շաբաթօրյակ է կազմակերպվել, երկու լրացուցիչ քաղաքային շաբաթօրյակ, արդյունքում հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված է՝ 2029 աղբանոցներից մաքրվել են կամ կոնսերվացվել են 1574-ը։ Բոլոր մարզերում համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր են ստեղծվել։ Աղբահանության  պայմանագրերի կնքման և վճարումների հավաքագրումների վերաբերյալ հանձնարարականի արդյունքում արդեն իսկ ընդունված պայմանագրերի թիվն ավելացել է  երկու անգամ և կազմում է  սուբյեկտների ընդամենը 25 տոկոսը։ Չնայած արդյունքներին առկա իրավիճակը կարիք ունի համակարգված, շարունակական միջոցառումների և լրացուցիչ արդյունքների»,-ասաց վարչապետը, ապա հանձնարարականը ներկայացրեց։

«Հանձնարարում եմ հանրապետական տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկում  Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձաժողովների հետ համագործակցելով հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ համապատասխան հաստատված ծրագրի»։ Վարչապետը հանձնարարց նախապատրաստվել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի աշխատանքներին։ Ապա, դիմելով Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, դժգոհեց․

«Պարոն Լոքյան, մենք հետևողական պետք է լինենք մեր ծրագրերի հարցում։ Իհարկե իրավաբանական անձանց պայմանագրերի երկու անգամ ավելանալը լավ ցուցանիշ է, բայց 25 տոկոսը ընդհանրապես ցուցանիշ չէ․ մինչև տարվա վերջ պայմանագրերը հարյուր տոկոսով պետք է կնքվեն, նույնիսկ մինչև տարվա վերջ ժամանակն է շատ»,-եզրափակեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter