Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի

Շ. Քոչարյան. «Չեմ կարծում, թե Ալիևը կկարողանա խուսափել հանդիպումից»



Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Փոխնախարարի համոզմամբ, սակայն, հանդիպման բովանդակությունը Բաքվին ձեռնտու չէ։

«Այդ տեսակետից պատահական չէ Ալիևի սադրիչ հայտարարությունը, որով նա փորձում էր խեղաթյուրել բովանդակությունը և այլ բան ներկայացնել։ Դա անզեն աչքով է երևում։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե նա կարողանա խուսափել այդ հանդիպումից»,-ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ԼՂ բանակցությունները վերսկսվում են առանց որևէ նախապայմանի, որն առաջ էր քաշում Հայաստանը։

Մինչ այդ տարածաշրջան էին այցելել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ նախագահների մակարդակով հանդիպում նախաձեռնելու համար։ Հանդիպումից հետո վերջիններս հայտարարությամբ հանդես եկան, որ նախագահները բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն են հայտնել։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է հավանական, որ Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, փոխնախարարն ասաց, թե այդ հարցում Հայաստանի «դիրքորոշումը պարզ է ու հստակ»։

«Նույնիսկ դիտորդի մասին խոսք չկա, ուր մնաց անդամակցության։ Երբ որ դիմի, մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է: Նույնիսկ դիտորդ դառնալու համար ԵՏՄ-ում կա պայմանագրի դրույթ, որն ասում է՝  չի կարող դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլեր է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի»,-մանրամասնեց փոխնախարարը։ Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին` փոխնախարարն ասաց․

«Այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է միջազգային պարտավորություններից, արդեն հարցականի տակ է դնում ցանկացած ապագա համաձայնություն»։

Փոխնախարարի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները կարող են ստորագրություն դնել համաձայնության տակ, սակայն ոչինչ չկատարել, ինչպես Վիեննայի պայմանավորվածություններն են:

Ըստ Քոչարյանի՝ կա բանակցային գրոծընթացի երկու հարթություն․

«Առաջին հարթությունը վերաբերում է նրան, որ ռազմական գործողությունները չվերսկվեն, երկրորդը՝ ապահովել առաջընթաց: Այդ երկու հարթությունները փոխկապակցված են»:

Քոչարյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջին հերթին շեշտադրում են կատարում վստահության մթնոլորտի ձևավորման վրա:

«Եթե կրակում են, սպառնում են ուժով, ինչպե՞ս կարող է առաջընթաց լինել: Ակնհայտ է այսօր, որ չկա որևէ հող, որևէ դրական միտում, որը թույլ տալ կտա առաջընթացի մասին բանակցային գործընթացի»,-ասաց փոխնախարարը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ