HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

100 մլն ԱՄՆ դոլարի ռուսական վարկ՝ ռազմական արտադրանքի մատակարարումների համար

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի մինչև 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար։ Այս մասին որոշումն այսօր հաստատվեց Կառավարության նիստում։

Որոշումը ընդունվել է՝ ըստ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» 2003թ. հունվարի 17-ի համաձայնագրի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» 2013թ. հունիսի 25-ի պայմանագրի։

Հայկական կողը վարկը կարող է օգտագործել 2018-2022  թվականների ընթացքում: Վարկը մարվելու է 15 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին։ Վարկի մարման գծով առաջին վճարումը կատարվելու է 2023-ի մայիսի 15-ին։ Վարկի տոկոսը հաշվարկվում է տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։

Նախագծում նշվում է, որ այն դեպքում, երբ համաձայնագրով նշված հիմնական պարտքի և (կամ) տոկոսների մարմանն ուղղված ցանկացած վճարում չի կատարվել համապատասխան վճարման ամսաթվին հաջորդող 10 օրացուցային օրվա ընթացքում, ապա այդպիսի պարտքը համարվում է ժամկետանց և դրա վրա հաշվագրվում են տոկոսներ սույն վարկի դրույքի 150 տոկոսի չափով։

«Այն դեպքում, երբ Ժամկետանց պարտքը և (կամ) Ժամկետանց պարտքի տոկոսները չեն մարվել Ժամկետանց պարտքի առաջացումից 60 օրացուցային օրվա ընթացքում, ռուսական կողմն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել վարկի հետագա օգտագործումը»,-ասված է նախագծի արձանագրության մեջ։

Հիշեցնենք, որ խորհրդարանի օրակարգում ներառված  է առաջին ընթերցմամբ ընդունված «ԶՈՒ-ի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի  ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» կառավարության կողմից ներկայացված նախագիծը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter