HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Տխուր ավանդույթները շարունակվում են

Աշխարհի 2018 թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլը, ինչպես հայտնի է, ավարտվել է: Ռուսաստան մեկնելու ուղեգրեր են նվաճել 9 ընտրական խմբերի հաղթողները՝ Ֆրանսիան, Պորտուգալիան, Գերմանիան, Սերբիան, Լեհաստանը, Անգլիան, Իսպանիան, Բելգիան, Իսլանդիան: Բնականաբար, նրանց կմիանա տանտեր Ռուսաստանը: Իսկ ահա խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած 9 թիմերից լավագույն 8-ը հոկտեմբերի 17-ին կայանալիք վիճակահանությամբ կբաժանվեն 4 զույգի ու կխաղարկեն 4 ուղեգիր: Այդ թիմերն են Շվեյցարիան, Իտալիան, Դանիան, Հորվաթիան, Շվեդիան, Հյուսիսային Իռլանդիան, Հունաստանը, Իռլանդիան:

Մեր հավաքականի համար այս շրջափուլն էլ անհաջող էր. անցկացրած 10 խաղում հայ ֆուտբոլիստները տարան 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի խաղացին, 7 պարտություն կրեցին, խփած ու բաց թողած գնդակների տարբերությունը՝ -16 (10-26): Հայաստանը 5-րդ ընտրական խմբում զբաղեցրեց նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը:

Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում ազգային հավաքականը երբեք 26 գնդակ չէր ընդունել, այսինքն՝ ունենք նոր հակառեկորդ: Այս թիվը պաշտպանության աղետալի վիճակի ցցուն ապացույց է:

Հայաստանի հավաքականը 1994-ից մասնակցում է աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերին: Ամենահաջող փորձը եղել է ԵԱ-2012-ի ժամանակ, երբ մեր թիմը խմբում 6 հավաքականների մեջ զբաղեցրեց 3-րդ տեղը:

Աղյուսակով ցույց տանք ընտրանու գրանցած արդյունքները ԵԱ-1996-ից մինչ օրս:

«Եվրո-2008»-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանին պիտի անցկացներ 14 հանդիպում, սակայն Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքներ չտալու պատճառով այդ երկրի հավաքականի հետ 2 խաղերը ՈւԵՖԱ-ի որոշմամբ չկայացան, եւ թիմերին ոչ տեխնիկական պարտություններ գրանցվեցին, ոչ էլ միավորներ բաշխվեցին:

Ինչպես կարելի է տեսնել աղյուսակից, մեր հավաքականը միայն երկու դեպքում է նախավերջին տեղից ավելի բարձր դիրք զբաղեցրել: Այս անգամ տխուր ավանդույթը խախտել չստացվեց: Չստացվեց նաեւ 2 հաղթանակից ավելին տանել, այնինչ 2012 եւ 2014 թթ. մրցաշարերի ընտրական փուլերում հավաքականը բոլորիս սովորեցրել էր իր հարձակողական ֆուտբոլին ու հաղթանակներին, որոնց արդյունքը նաեւ շատ գոլերն էին:

Մյուս կողմից՝ եթե պաշտպանական գիծն այս անգամ ամբողջությամբ տապալվել է, ապա հարձակումը, եթե կարելի է այդպես ասել, վատ չի գործել այնքանով, որ պատմության մեջ երրորդ անգամ հաջողվել է ընտրական փուլում նվազագույնը 10 գոլ խփել, այսինքն՝ միջինը մեկ խաղում մեկ գոլ: Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ում Հայաստանի ընտրանին չի կարողացել գրավել միայն Ռումինիայի դարպասը:  

Այդուհանդերձ, ներկա պահին հավաքականն այնպիսի վիճակում է, որ մոտ ապագայում դժվար թե ԵԱ-2012-ի կամ ԱԱ-2014-ի ընտրական մրցելույթների եւ վիճակագրական արդյունքների կրկնություն տեսնենք:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter