HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցիները դժգոհ են ՏԻՄ աշխատանքից, բայց նախընտրում են մնալ պասիվ դիտորդի դերում

Գայանե Սարգսյան 

Վանաձորցի թվով 13 երիտասարդներ քաղաքի տարբեր հատվածներում իրականացրել են հարցումներ, պարզելու համար, թե վանաձորցիների կարծիքով որո՞նք են համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներն ու դրանց լուծման ի՞նչ ուղիներ են տեսնում նրանք:

Հարցումն իրականացրել են Վանաձոր ինֆոտուն ու ՀաՄաՏեղ ծրագրերին մասնակցած երիտասարդները: Հարցմանը մասնակցել են քաղաքի տարբեր թաղամասերում բնակվող, 16 տարեկանից բարձր տարիքի թվով 208 վանաձորցիներ:

Այսօր Վանաձորի ավագանու անդամներին, քաղաքապետարանի աշխատակիցներին ու համայնքի  ակտիվ երիտասարդներին ներկայացվեցին կատարված ուսումնասիրության արդյունքները:

Հարցմանը մասնակցածների 81%-ը՝ (168 մարդ) անբավարար է գնահատել Վանաձորում ճանապարհների բարեկարգման աշխատանքների մակարդակը, 56 %-ը նույն գնահատականին է արժանացրել քաղաքային զբոսայգիների վիճակը, 51 %-ը՝ (106 մարդ) թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքները, 70 %-ը՝ (145 մարդ) երիտասարդների ազատ ժամանակի կազմակերպման մակարդակը:

Վանաձորի փողոցային լուսավորության ու ներհամայնքային տրանսպորտի սպասարկման վիճակը հարցվածների համապատասխանաբար 49 ու 41-%-ը գնահատել է բավարար:

Որո՞նք են համայնքի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները հարցին ի պատասխան վանաձորցիներն առաջին հնգյակում առանձնացրել են  ճանապարհների բարեկարգման (29%), երիտասարդների ազատ ժամանցի կազմակերպման (15%), աղբահանության որակի բարելավման (14%), թափառող կենդանիների վնասազերծման (11%)  ու զբոսայգիների բարեկարգման (11%)  հարցերը:

Ընդ որում, հարցվածների գերակշիռ մասի՝ 74%-ի կարծիքով ՏԻՄ-ը թերանում է նշված հիմնախնդիրների լուծման հարցում.

1. ֆինանսների ոչ արդյունավետ պլանավորման ու կառավարման (29%)

2. համայնքային խնդիրների նկատմամբ անտարբերության (2%)

3. կոռումպացված լինելու (12%)

4. ՏԻՄ ներկայացուցիչների կառավարման ոչ բավարար գիտելիքների ու հմտությունների պատճառով (12%)

Եվ միայն հարցվածների 17% կարծիքով վերը նշված խնդիրները ՏԻՄ-ը չի կարողանում լուծել միջոցների սղության պատճառով:

Հարցվածների 38%-ի կարծիքով ՏԻՄ-ի աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա հնարավոր է ազդել վերահսկողություն իրականացնելու միջոցով:  24 %-ն այդ հարցում արդյունավետ է համարում համայնքի ավագանու նիստերին ներկա գտնվելը, 22%-ը՝ կլոր սեղան-քննարկումների կազմակերպումը, 17%-ը՝  խաղաղ ցույցերը, 14%-ը՝ ստորագրահավաքները:

Հետաքրքրական է,  որ հարցմանը մասնակցածների 78%-ը նշել է, որ երբևէ որևէ հարցով չի դիմել ՏԻՄ-ին, իսկ համայնքային իշխանությունների ու ավագանու հետ կլոր սեղան-քննարկումների առաջարկով հանդես եկած քաղաքացիների 94 տոկոսն էլ երբևէ չի մասնակցել նմանատիպ հանդիպումների:

Հարցվածների 53 տոկոսը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմիններին երբևէ որևէ հարցով չի դիմել, որովհետև վստահ չի եղել, որ բարձրաձայնած խնդիրը լուծում կստանա:

Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ Վանաձորի հիմնախնդիրներն առանձնացնող  վանաձորցիների 39%-ը նշել է, որ չի ցանկանում ներգրավվել   համայնքի որևէ խնդրի լուծմանն ուղղված ծրագրերում- միջոցառումներում:Խնդիրները չլուծելու  հարցում մեղադրելով ՏԻՄ-ին, նրանք այդ գործընթացի մասնակիցը դառնալու ցանկություն չեն հայտնում, նախընտրելով պասիվ դիտորդի ու բողոքողի դերը:

Համայնքային խնդիրների լուծման համար ՏԻՄ-ի նկատմամբ ազդեցության մեխանիզմերի կիրառման հարցում մասնակիցների 39%-ը ապավինում է ակտիվիստների, ակտիվ խմբերին, 25%-ը ՝ հասարակական կազմակերպություններին, ևս 16%-ը ՝ համատիրություններին: Վերջին ցուցանիշը ներկա վանաձորցիների մոտ տարակուսանքի տեղիք տվեց, ինչին ի պատասխան ՀաՄաՏեղ ծրագրի ղեկավար Հերմինե Գասպարյանը նշեց՝ համատիրություններին ապավինողների գերակշիռ մասը Վանաձորի Տարոն թաղամասի բնակիչներ են եղել, իսկ Տարոն թաղամասի մեկ-երկու համատիրությունների հաջողված կառավարման մասին քաղաքում շատերը գիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter