Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի

Ինչո՞ւ են ընտանեկան արժեքները վերածվել աշխարհաքաղաքական խնդրի



Հոկտեմբերի 12-ին Սոչիում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ ընդունվել են «ավանդական ընտանեկան արժեքների» աջակցության մասին փաստաթուղթ: Ավելին, փաստաթութը «բաց է» բոլոր այն երկրների համար, ովքեր կցանկանան հետագայում միանալ: Հիշենք, որ 2017 թվականը ԱՊՀ տարածքում հայտարարված է Ընտանիքի տարի:

ԱՊՀ տարածքի իսլամական, ուղղափառ եւ ի դեմս Հայաստանի՝ Արևելյան քրիստոնեական երկրները ընտանիքի հարցում ի՞նչ ընդհանուր արժեքային միասնություն կարող են ունենալ, հասկանալի չէ:

Ընտանեկան բռնությունների դեմ օրենքի նախագիծը Հայաստանի քաղաքականապես ակտիվ զանգվածը հակամարտող կողմերի է բաժանել : Տարօրինակ կերպով նախագծի կողմ և դեմ հատվածները, որպես կանոն, ունեն տարբեր արտաքին քաղաքական նախասիրություններ:

Ինչո՞ւ է այդ խնդիրն այդքան կարևոր ԱՊՀ երկրների ղեկավարների համար, ինչո՞ւ է ընտանիքի հարցը Հայաստանի քաղաքականացված զանգվածը բաժանել հակամարտող կողմերի և ինչո՞ւ է այն վերածվել աշխարքաղաքական խնդրի:

Կայսրության և գաղափարախոսության կապը

Կայսրություն կամ գերտերություն ստեղծելու համար անհրաժեշտ է որևէ գաղափարախոսության կամ աշխարհայացքի առկայություն, որի հիման վրա ձևավորվում են  քաղաքակրթությունները: Ժամանակին քաղաքակրթությունների առանցքային երկրների համար, որպես ունիվերսալիստական առանցք, ծառայում էին կրոնները, իսկ 19-րդ դարից սկսած՝ աշխարհայացքային տեսությունները, որոնք կարգավորում են իշխանության լեգիտիմության, իրավական դաշտի,  էթիկայի, ընտանիքի, անհատի իրավունքների խնդիրները:

Հին Հռոմի անկումը հիմնականում պայմանավորված էր կայսրերի իշխանության լեգիտիմության համար անհրաժեշտ ունիվերսալ կրոնական ուսմունքի բացակայությամբ, որը լրացվեց քրիստոնեության միջոցով և հիմք հանդիսացավ  Նոր Հռոմի` Կոստանդնապոլսի կայացման համար, որտեղ «Միացյալ ազգերի կազմակերպության» դերը կատարում էին քրիստոնեական տիեզերաժողովները և ով դուրս էր այդ «կոնվենցիաներից», դուրս էր մնում քրիստոնեական քաղաքակրթությունից:

Քրիստոնեության կենտրոնական դոկտրինի` Երրորդության անձերի հարաբերակցության մասին աստվածաբանական բանավեճերը մասնատեցին քրիստոնյաներին,  և Բյուզանդիայի աշխարհաքաղաքական մրցակիցներ` Պարսկաստանը, արաբները, մոնղոլները, Օսմանյան Թուրքիան իրենց աջակցությունն էին ցուցաբերում Բյուզանդիայի պաշտոնական դիրքորոշումը վիճարկող քրիստոնեական ուղղություններին, որոնք այդ հովանավորչությունից իրենց օգուտներն էին ստանում, սակայն որպես կրոնական համայնքներ: Ճանաչել այս կամ այն բանավիճող կողմի իրավացիությունը, նշանակում էր հպատակվել այս կամ այն գերտերությանը:

Պարսկաստանի կայացումը` շուրջ 700 տարվա կազմալուծությունից հետո չէր լինի, եթե այն որպես իր առանցք չընտրեր իսլամի շիաական ուղղութունը և դրանով չհակադրվեր Օսմանյան խալիֆաթին: Այսօր նույնպես Իրանի դերը պայմանավորված է՝ որպես շիա մուսուլմանների առաջատար երկիր լինելով, իսկ սունի մուսուլմանները չեն կարողանում իրենց առանցքային երկիրը ունենալ և ձևավորվել որպես առանձին քաղաքակրթություն: Սունիների մոտ նման հավակնություն ունեցող երկրների թիվը մեծ է: Դրան են նպաստում նաև տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումները, որի պատճառով շատերը նրանց մեղադրում են աշխարհաքաղաքական հակառակորդներից աջակցություն ստանալու մեջ: Նշենք, որ իսլամը, ի տարբերություն քրիստոնեական աշխարհի, չի կարողացել մոդեռնացվել և աշհարհիկ տեսությունների վրա կառուցել իր իշխանական առանցքները: Իսլամում իրավունքն ու կրոնը չեն տարանջատվել: Սիրիայի ու Իրաքի աշխարհիկ ազգայնականությունները տապալվեցին արդեն մեր ժամանակներում:

Համաշխարհային առաջատար լինելու հավակնությունների գաղափարական պլատֆորմի խնդիրը

Քրիստոնեական քաղաքակրթյուններում իշխանության և գաղափարախոսության  կապը մնացել է նույնը, փոխվել են ուղղակի գաղափարախոսությունների արտահայտման ձևերը` կրոնական «պլատֆորմից»  տեղափոխվել է մարդու իրավունքների և իշխանության լեգիտիմության` ընտրությունների միջոցով օրինականացման դաշտը:

Կոմունիզմը արևմտյան սոցիալական տեսություն էր, և Խորհրդային Միությունը այդ մոդեռնիստական տեսության հիման վրա կարողացավ կառուցել գերտեություն, որն ուներ աջակիցներ ողջ աշխարհում: Խորհրդային Միությունը մարդկության «ապագայի» այդ տեսլականի առանցքային երկրի էր վերածվել: Համաշխարհային նշանակության գերտերություն լինելու համար պետք է ունենալ համաշխարհային նշանակության արժեքային առանցքներ:

Խորհրդային Միությանը որպես հակակշիռ՝ Արևմուտքը ձևավորեց «ապագայի» իր տեսլականը, հիմնված մարդու իրավունքների ու ազատ տնտեսական հարաբերությունների վրա, որի առանցքային երկիրը Միացյալ Նահանգներն էր:

Խորհրդային Միության փլուզումը նշանավորեց կոմունիստական սոցիալական պրոյեկտի ավարտը: Խորհրդային Միության փլուզումից հետո շատերը կանխատեսում էին արդեն Ռուսաստանի փլուզումը, իսկ 1992-ին ամերիկացի փիլիսոփա և քաղաքագետ Ֆուկույաման ազդարարեց պատմության ավարտի մասին, որովհետև արևմտյան լիբերալ-դեմոկրատիայից հետո, ըստ նրա,  ավարտվում է մարդկության սոցիալ-մշակութային էվոլյուցիան և պետությունների կառավարման վերջնական մոդելը արդեն ձևավորվել է: Այսինքն վերջանում է մարդկության գաղափարական պայքարը և պետությունների արդյունավետ կառավարման մոդելը ստացել է ավարտական տեսք:

Կյանքը ցույց տվեց, որ քանի կա գերտերությունների պայքարը, ապա չի վերջանա նաև արժեքների շուրջ ընթացող պայքարը: Միշտ կգտնվի մի որևէ խդիր, որի շուրջ կկառուցվեն բաժանարար գծերը: Հիլարի Քլինթոնը ժամանակին ասում էր, որ թույլ չեն տա, որ Ռուսաստանը վերականգնի «Խորհրդային Միությունը» (դա ԵԱՏՄ-ին էր վերաբերվում) և Ռուսաստանը ռեգիոնալ տերությունից գերտերության չի վերածվի:

Այսօր Ռուսաստանը «ավանդական ընտանեկան արժեքներից» է կառչել, որին աջակցում են շատերը, այդ թվում նաև Միացյալ Նահանգներում: Ռուսաստանը լիբերալ նախագծին փորձում է հակադրել իր պահպանողական նախագիծը և դրանով ռեգիոնալ տերությունից նորից դառնալ գերտերություն:

Պարզ է, որ իրականում ավանդական արժեքները պետական գործիչներին շատ քիչ է հետաքրքրում: Նույն ինքը՝ Պուտինը, ամուսնալուծված է, իսկ Ռուսաստանի ղեկավարության մեջ կան բազմաթիվ առանցքային դեմքեր, ովքեր բազմիցս են ամուսնալուծվել և ապրում են քաղաքացիական ամուսնությամբ` լավագույն դեպքում: Ռուսաստանը չի կարող պարծենալ այն ավանդական ընտանեկան արժեքներով, որոնք կան Միացյալ Նահանգների «կարմիր»` պահպանողական նահանգներում: Դա բացարձակապես կարևոր չէ, երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը և իշխանության խնդրին:

Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա դարերով հայերը բաժանված էին քաղքեդոնականների ու հակաքաղքեդոնականների, որի արդյունքում հայերի, գուցե մեծ մասը, տարրալուծվեցին այլ ազգերի մեջ: Արժեքային համակարգի շուրջը ծավալված ներազգային բախումը կոմպրոմիսների տեղ չէր թողնում:

Ընտանեկան բռնությունների դեմ խնդիրը մեզ համար պետք է լինի լոկ ընտանեկան բռնություն դեմ պայքարի խնդիր, այլ ոչ թե աշխարհաքաղաքական պայքարը՝ ներհայկական տարանջատման պատճառ:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Վարազ Սյունի 06:15 - 13 հոկտեմբերի, 2017
Գրիբոյեդովի ակումբի մտածելակերպով այդ (ուղղորդվա՛ծ) ցուցարարներին մի անգամ չտեսանք ցույց անեն արտագաղթի կամ օլիգարխների դեմ,կամ որ աշխարհի ամենամեծ Արծվանիկի պոչամբարը կործանում է Սյունիքը, կամ որ Ամուլսարի հանքի շահագործումը կկործանի Հայաստանը: Գրիբոյեդովի ակումբի մտածելակերպով այս ուղղորդված «ցուցարարները» ցույցեր են անում միայն «այլասերված» սեռ. փոքրամասնությունների ու գենդերային հավասարության դեմ, կամ ընտանեկան բռնության կանխարգելման «վատ» օրենքի դեմ: Գրիբոյեդովի ակումբի մտածելակերպով այս մարդկանց համար վերջիններս ՀԵՇՏ թիրախներ են. դուխ չունե՛ն դուրս գան օլիգարխների ու նմանների դեմ: Որոշ ուժեր հային կրկին 12-րդ դար են ցանկանում գլորել (ուր եկեղեցակա-ադատա-միջնադարյան դոգմաներով խեղդում էին ազգի լուսավորման ցանկացած փորձ):
2. Վարազ Սյունի 06:18 - 13 հոկտեմբերի, 2017
ՔԱՂԱՔԱԿԻՐԹ աշխարհում՝ ա) բոլո՛ր քաղաքացիները նույն կամ համարժեք իրավունքներ ունեն, և բ) բռնությունը ամենուրե՛ք ՊԵՏԱԿԱՆ մակարդակով պատժվում է: Այսօր Հայաստանում մեծ ու անընդունելի չափերի հասնող բռնություն կա.սկսած փողոցից մինչև ԱԺ անգամ: Անքաղաքակիրթ բարքեր: Սովետա-գողական «լավ տղու» ու «քյուչի հեղինակության» սինդրոմը: Թող չթաքնվե՛ն «ադատի» կամ «ավանդական հայ ընտանիքի» հետևում: Կնոջը,երեխուն,ամուսնուն (կամ մեկ այլ անձի) բռնության ենթարկելը ՊԵՏԱԿԱՆ մակարդակով պիտի պատժվի. նաև ընտանիքի ներսում: Պետություն ունենալը հենց սրա համար է: ՎԵՐՋԱԿԵՏ:
3. ծովինար22:33 - 15 հոկտեմբերի, 2017
Հայերս պատմության ընթացքում անընդհատ "կողմնորոշվելով" ենք զբաղվել, այսինքն ում ենթակա դառնալ, բայց դա էլ խելքը գլխին չենք կարողացել անել. Ու այսպես կորուստներով ու կոտորածներով, հոխորտալով քարշ ենք գալիս պատմության քառուղիներում.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ