HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԴԱՀԿԾ բաժնի պետի միայն դրամային հաշվի գումարը աշխատավարձի չափը գերազանցում է 36 անգամ

ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի վարչական շրջանների բաժինների պետերը համեմատաբար ավելի շատ դրամական միջոցներ, թանկարժեք իրեր ունեն, քան մարզերում աշխատող նրանց գործընկերները: Նրանց ֆինանսական վիճակն ի հայտ է եկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերից: ԴԱՀԿ բաժնի պետերը առաջին անգամ հայտարարագրել են իրենց ունեցվածքը և ներկայացրել հուլիսի 1-ի դրությամբ առկա գույքն ու եկամուտները:

ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բաժնի պետ Վահե Մովսիսյանը վարչական շրջանների ղեկավարներից ամենահարուստն է: Հուլիսի 1-ի դրությամբ ունեցել է 2 մլն դրամ եկամուտ, որը աշխատավարձն է, սակայն մի քանի տասնյակ անգամ աշխատավարձը գերազանցող դրամական միջոցներ:

Նշված ժամանակահատվածում Վ. Մովսիսյանն ունեցել է 73 մլն դրամ, 55 հազար դոլար և 12 հազար եվրո:

Բացի այդ, բաժնի պետն ունի 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժողության ոսկեղեն:

Վահե Մովսիսյանը հայտարարագրել է նաև մեկ բնակարան և TOYOTA RAV4 մակնիշի ավտոմեքենա:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների բաժնի պետ Արմեն Հարությունյանը հուլիսի 1-ի դրությամբ ունեցել է 5 մլն 325 հազար դրամ եկամուտ, որից 2 մլն 881 հազար դրամը աշխատավարձն է, մնացածը՝ ստացված վարկերը:

Փոխարենը տվել է խոշոր փոխառություն՝ 27 հազար ԱՄՆ դոլար և 11 մլն դրամ:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա հուլիսի 1-ի դրությամբ ունեցել է 7 մլն դրամ և 22 հազար դոլար:

Արմեն Հարությունյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է նաև մեկ բնակարան:

Իսկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բաժնի պետ Բարսեղ Ներկարարյանը, թեև հայտարարագրել է մոտ 2 մլն դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից, սակայն հուլիսի 1-ի դրոթյամբ նրա հաշվին առկա է եղել եկամուտը 10 անգամ գերազանցող գումար՝ 20 մլն դրամ:

Բարսեղ Ներկարարյանը հայտարարագրել է նաև մեկ բնակարան:

Գևորգ Դումանյանը ԴԱՀԿ ծառայության Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետն է: Նրա հայտարարագրած եկամուտը եղել է աշխատավարձը՝ 1 մլն 900 հազար դրամ, սակայն իր գործընկերոջ նման, նա էլ իր հաշվին անհամեմատ ավելի մեծ գումար ունի՝ 27 մլն 560 հազար դրամ:

Գևորգ Դումանյանը ունի նաև մեկ բնակարան և առանձնատուն:

1 մլն 620 հազար դրամ եկամուտ էլ հայտարարագրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժնի պետ Մհեր Խուրշուդյանը: Սակայն, հաշվին եղել է 7 մլն 500 հազար դրամ և 35 հազար ԱՄՆ դոլար:

Ինչ վերաբերում է անշարժ գույքին, ապա նա ունի 1 առանձնատուն և 2 հողամաս: Պաշտոնյան հայտարարագրել է նաև SKODA OCTAVIA 1.6 մակնիշի ավտոմեքենա:

Շենգավիթի բաժնի պետ Պավել Գրիգորյանի եկամուտը դարձյալ աշխատավարձն է եղել՝ 1 մլն 512 հազար դրամ, սակայն հաշվին ունեցել է 7 մլն 500 հազար դրամ և 5 հազար ԱՄՆ դոլար:

Նա հայտարարագրել է նաև BMW X5 4.8 I մակնիշի ավտոմեքենա և ավտոտնակ:

ԴԱՀԿ ապահովող ծառայության ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի պետ Հայկ Գասպարյանը իր գործընկներների նման միայն աշխատավարձն է հայտարարագրել որպես եկամուտ, սակայն դրամական միջոցների հարցում «առատաձեռն» է եղել: Հուլիսի 1-ի դրությամբ նրա հաշվին եղել է 25 մլն դրամ և 25 հազար դոլար:

Հայկ Գասպարյանը նաև տրված փոխառություն ունի՝ մոտ 13 մլն 300 դրամի և 5 հազար դոլարի չափով:

Որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է 1 բնակարան և 1 բազմաբնակարան շինություն:

2 մլն 186 հազար դրամի եկամուտ էլ հայտարարագրել է ԴԱՀԿ ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի պետ Էդուարդ Հովհաննիսյանը: Փոխարենը նրա հաշվին եղել է 50 մլն դրամ և 100 հազար դոլար:

Ունի MITSUBISHI ENDEAVOR 3.8 I մակնիշի ավտոմեքենա, 3 բնակարան և 3 հողամաս:

Պարզվում է, նա էլ թանկարժեք մետաղների սիրահար է: Հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանոցող արժեքով ոսկի:

Լուսանկարը՝ civilnet.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter