HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին և Հայաստանում կինոարտադրության զարգացմամբ մտահոգներին

Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի անհրաժեշտության վերաբերյալ խոսվել է տարիներ շարունակ: Պարբերաբար ստեղծվել են աշխատախմբեր, մշակվել նախագծեր և այդ ամբողջ գործընթացներում ամենաչշահագրգռված կողմը միշտ հանդիսացել է պետական համակարգը:

2017թ-ին Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  անհրաժեշտության փաստի մասին սկսեցին խոսել հենց պետական կառույցների,  կառավարության ներկայացուցիչները և անհավանական կարճ ժամանակահատվածում (6 ամիս) ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ նախագիծ մշակվեց: Անկախ կինոգործիչների ակումբի անդամներս, որի կազմում են՝

  1. Արմինե Անդա - պրոդյուսեր, դերասանուհի, գրող, ՀՈՇԿԻ ՖԻԼՄ կինոընկերության, հիմնադիր, Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնության անդամ,
  2. Արևիկ Ավանեսյան - պրոդյուսեր, ԱՓ Ֆիլմ ստուդիայի համա-հիմնադիր,
  3. Գագիկ Ղազարէ - կինոռեժիսոր, ՄԷԿ ԿԱԴՐ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնադիր,
  4. Դիանա Կարդումյան- ռեժիսոր,
  5. Լուսինե Սարգսյան - կինոռեժիսոր, պրոդյուսեր («ILLUSION» production LLC), «CONTACT» CC NGO-ի համահիմնադիր-նախագահ,
  6. Հասմիկ Հովհաննսիյան - պրոդյուսեր, HY pictures ընկերության հիմնադիր,
  7. Հարություն Մանգասարյան - Հնչունային ռեժիսոր, HY records ձայնագրման ստուդիայի հիմնադիր,
  8. Մելիք Կարապետյան - Պրոդյուսեր, Art-Film ընկերության հիմնադիր,
  9. Սաթիկ Ստեփանյան -«Սաթի-Սինեմա փրոդաքշն» ՍՊԸ,
  10. Վահրամ Մխիթարյան- ռեժիսոր
  11. Րաֆֆի Մովսիսյան – կինոքննադատ,
  12. Րաֆֆի Նիզիբիլյան - պրոդյուսեր, Deem Communications-ի ստեղծագործական տնօրեն,   

ուսումնասիրել ենք Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի այն տարբերակը, որը քննարկման և շրջանառության մեջ է դրվել օգոստոսի 29-ին՝ ՀՀ մշակույթի նախարարությունում կինոգործիչների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Մենք ցավով  ենք արձանագրում, որ այդ նախագիծը բազմակողմանիորեն չի արտահայտում  հայկական կինոարտադրության զարգացմանն ուղղված քաղաքականության մեխանիզմը, չի բխում Հայաստանի անկախ կինոարտադրողների շահերից, չի ապահովում Հայաստանում կինոարտադրության բազմակենտրոն զարգացման հնարավորությունը, կինոյի՝ որպես արվեստի զարգացմանը, չի ներկայացնում դեբյուտային, վավերագրական, կարճամետրաժ, անիմացիոն, մանկական, էքսպերիմենտալ ֆիլմերի արտադրական առանձնահատկություններն ու վերջիններիս հանդեպ պետական դիրքորոշումը, հստակեցված չէ լիազորված մարմինների և դրանք ղեկավարող անձանց գործառույթները,  այդ թվում իրավասությունների սահմանը, մեծամասնական (ազգային) և փոքրամասնական արտադրություն կազմակերպելու և ըստ այդմ պետական աջակցություն ստանալու սկզբունքներն ու չափանիշները, չունի նախադեպային միջազգային հաջողված փորձ:

Վերոնշյալ խնդրահարույց դրույթների բացակայության կամ լողացող ձևակերպումների պատճառով օրենքի այս նախագծում առկա  կոռուպցիոն ռիսկերի պարունակություն ու  ոլորտում արդեն իսկ գոյություն ունեցող մենաշնորհային համակարգին հավանական  օրինական կարգավիճակ տալու վտանգ:

Արդեն իսկ ՀՀ մշակույթի նախարարությանն ենք ներկայացրել օրենքի առաջարկված նախագծի վերաբերյալ մեր դիտողություններն ու առաջարկը, որը ներկայացնում ենք նաև Ձեզ, ինչպես նաև ոլորտի զարգացմամբ մտահոգ քաղաքացիներին:

Հուսով ենք, որ մեր առաջարկությունները մանրամասն կուսումնասիրվեն և առիթ կհանդիսանան Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի վերոնշյալ նախագծում փոփոխություններ անելուն, որն  ավելի շատ վտանգ է պարունակում, քան զարգացման պոտենցիալ: 

Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter